Անմահ հերոս Արկադի Բաղդասարյան

Արկադի Պավելի Բաղդասարյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 17-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից):  Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում՝ ճարտարագետի մասնագիտությամբ։ Մանուկ հասակում հաճախել է ֆուտբոլի և թենիսի, մասնակցել է մրցաշարերի` ստանալով մի շարք պատվոգրեր։

2013-2015 թվականներին որպես ժամկետային զինծառայող  ծառայության է անցել Արցախի Հանրապետության Եղնիկներում, եղել է գնդացրորդ։  2016 թվականի դեկտեմբերին, արդեն որպես պայմանագրային ծառայող, անցել է ծառայության Ասկերանի շրջանի Իվանյանի անվան տանկային գումարտակում։ Եղել է բուժկետի վարորդ-սանիտար, ռադիոհեռախոսավար, կամավոր մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Միշտ ցանկություն է ունեցել ծառայել հայրենիքին և ժամկետային ծառայության ավարտից հետո որոշել է դառնալ պայմանագրային:

-Մենք եղել ենք հարևաններ, մեծացել ենք նույն բակում, խաղացել ենք միասին, բանակ զորակոչվելուց առաջ Արկադին ինձ ասել է իր զգացմունքների մասին և սկսել ենք ընկերություն անել։ Երկու տարի սպասել եմ իրեն, 2015 թվականի դեկտեմբերի 25-ին եղել է մեր նշանադրությունը, իսկ արդեն 2017 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսնացել ենք,- պատմում է կինը` Լուսինեն։

2020  թվականի  սեպտեմբերի 26-ին Արկադին գնացել է աշխատանքի։ Հաջորդ օրը սեպտեմբերի 27-ին կնոջ հետ որոշել են նշել իրենց ամուսնության երրորդ տարելիցը, սակայն սկսվել է 44-օրյա պատերազմը և այդպես էլ չեն հասցրել։ Պատերազմական գործողությունների ժամանակ եղել է Արցախի Հանրապետության  տարբեր հատվածներում` Ջրականում, Եղնիկներում։

44-օրյա պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 27-ին լույս աշխարհ է գալիս Արկադիի երկրորդ երեխան, ում սեռը նախապես ոչ մեկ չի իմացել: Երբ ծնվել է երեխան  կինը ամուսնու հեռախոսահամարը փոխանցել է բժիշկներին և խնդրել, որպեսզի առաջինը Արկադիին զանգեն և հայտնեն լուրը։ Մեծ դժվարությամբ կապ են հաստատել և հայտնել, որ որդի է ունեցել, անչափ ուրախացել է, քանի որ միշտ երազել է տղա ունենալ։ Հետագայում կապ է հաստատել կնոջ հետ, քանի որ տղան ծնվել է չորս կիլոգրամ քաշով, կատակել է ասելով, որ  կարող է իր հետ տանել կռիվ, հսկա տղա է։ Ցավոք, որդուն, ում անվանակոչել են Լեո, չի հասցրել տեսնել, տեսել է միայն լուսանկարով։

Ծառայակից ընկերների խոսքով Արկադին հնարավորություն է ունեցել գնալու կնոջ, աղջկան և նորածին որդուն տեսնելու, սակայն մերժել է, ասելով, որ իր տղան ապահով ձեռքերում է, առանց իրեն էլ կարող է մեծանալ, իսկ այստեղի զինվորները ունեն իր օգնության կարիքը, – պատմում է ազգականներից Սոնյան։

Վերջին անգամ նոյեմբերի 8-ի առավոտյան խոսել է կնոջ հետ, ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, քիչ է մնացել, անպայման հետ է գալու և քանի որ կինը եղել է Հայաստանում, ասել է՝ կգամ և Ձեզ հետ կբերեմ Արցախ։

-Արկադիի բնավորության գծերից կարող եմ առանձնացնել չափից դուրս բարիությունն ու ընկերասիրությունը: Հենց այս մարդկային բարձր հատականիշների շնորհիվ էր, որ նա կարողանում էր աշխատել որպես շտապօգնության վարորդ, նախ և առաջ իր էության մեջ կար մարդկանց օգնելու ձգտումը,  թեկուզ  իրեն զոհաբերելով։ Հետագայում իր ծառայակից ընկերները պատմել են իր անձնվեր քայլերի մասին. զոհվելու օրը իրեն անմիջական հրաման չի եղել, որպեսզի գնա, ինքն է կամավոր նետվել օգնության քաջ գիտակցելով, թե ինչ կարող է տեղի ունենալ իր հետ, քանի որ այն տեղանքը որտեղից գնացել է դուրս բերելու  վիրավորներին, եղել է խիստ վտանգավոր,-  պատմում է ազգականներից` Սոնյան։

Արկադի Բաղդասարյանը զոհվել է 2020 թվականի  նոյեմբերի 8-ին Շուշիում: Փրկելով բազմաթիվ վիրավորների կյանքեր՝ բուժակի հետ ընկել է շրջափակման մեջ:

Հուղարկավորված է  հայրենի Խնապատ գյուղի եղբայրական գերզմանատանը։ Ցավոք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արկադիի ընտանիքի անդամները լքել են գյուղը, չկարողանալով Արկադիի աճյունը տեղափոխել Հայաստան։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար»  մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան