Անմահ հերոս Արայիկ (Ակի) Մաթևոսյան

Արայիկ Գագիկի Մաթևոսյանը ծնվել է քաղաք Աբովյանում 1985 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նախնական կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո` 2002 թվականին ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2006 թվականին ավարտել է և որպես լեյտենանտ աշխատանքի է անցել Նոյեմբերյանի` Կողբի զորամասում։ Արայիկի հայրը եղել է ազատամարտիկ, 1990-ական թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Դեռ մանկուց լցվել է հոր ազատագրական պայքարի ոգով, հայրիկի ռազմական կենսագրությունը դարձրել է իր համար առօրյա խաղ և անկախ իր կամքից ռազմատենչությունը լցվել է Արայիկի մանկական հոգու մեջ։
Նոյեմբերյանում ծառայել է մինչև 2015 թվականը, այնուհետև տեղափոխվել է Վանաձորի «Դուց» կոչվող զորամաս, մշտապես եղել է առաջնագծում։ Զորամասում ծառայելուց հետո նախընտրությունն ավելի շատ տվել է դիրքային ծառայությանը: 4 տարին մեկ ունեցել է հնարավորություն անցնելու թիկունք, սակայն ամեն անգամ ընտրել է առաջնագիծը։ Արդեն 2016 թվականին սեփական դիմումի համաձայն տեղափոխվում է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Եղնիկներ զորամաս։
-Մեր տարիքային տարբերությունը 9 տարի էր, երբ եղբայրս ընդունվել էր ռազմական համալսարան, ես փոքր էի տարիքով և մեր ֆիզիկական շփումը շատ քիչ էր, քանի որ անընդհատ գտնվում էր ծառայության մեջ, սակայն ինձ հասցնում էր տիրություն անել։ Տարիներ անց, երբ ես պետք է զորակոչվեի բանակ, ինձ բախտ վիճակվեց զորակոչվել հենց այն զորամաս, որտեղ ինքն էր ծառայում, այդ ժամանակ վաշտի հրամանատար էր։ Եվ Աստծո նախախնամությամբ ես հայտնվեցի իր վաշտում, դարձա իր զինվորը, սակայն հրամանատարական կազմը տեղյակ չէր, որ մենք հարազատ եղբայրներ էինք: Իմ զորացրվելուց մի քանի ամիս առաջ նոր իմացան այդ մասին։ Ծառայության ընթացքում, գտնվում էի հարազատ եղբորս անմիջական հրամանատարության ներքո և այդ երկու տարիների ընթացքում ծանոթացա Արայիկի` արդեն որպես հրամանատարի կերպարի հետ, ով կրում էր ինձ համար հրամանատարի բոլոր չափանիշները, և՛ հոգատար էր, և՛ պահանջկոտ, դուխով էր բառի բուն իմաստով և զորքը դա ամենաշատն էր գնահատում։ Մարդկային ճիշտ վերաբերմունք ուներ, հաճախ շեղվում էր բանակային կանոնադրությույունից` զինվորի դրության մեջ մտնելու համար։ Իր վաշտը անընդմեջ վեցամսյա քննությունների ժամանակ առաջին հորիզոնականն էր գրավում։ Չափազանց ուշադիր էր զենքի նկատմամբ, այն որոշիչ ու յուրահատուկ տեղ ուներ իր կյանքում,- պատմում է եղբայրը`Աբելը։
44-օրյա պատերազմի ավարտից հետո` 2022 թվականի դեկտեմբերի 12-ին` իրենց բնապահպաններ համարող մի խումբ ադրբեջանցիներ փակում են Շուշի քաղաքի հատվածում Հայաստանն Արցախին կապող միակ` Շուշի-Քարինտակ ճանապարհը։
Շուրջ 10 ամիս Արցախի ազգաբնակչությանը թողնելով շրջափակման մեջ, որին ուղեկցում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և ուղեկցվել հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։
Հայկական կողմը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցնելով ադրբեջանական բանակի մխրճումը։
Արայիկի անմիջական հրամանատարության տակ գտնվող դիրքերից մեկի հետ կապն ընդհատվում է, զանգահարում է վերադասներին, հայտնում, որ ցանկանում է բարձրանալ տվյալ դիրք, չեն թույլատրում, չլսելով հորդորներին գնում է։ Ծառայակից ընկերը` Էդգարը նույնպես բարձրանում է իր հետ դիրքեր։ Երբ բարձրանում են տվյալ դիրքը, ամբողջ անձնակազմից մի հոգի է ողջ մնացած լինում։ Արայիկն ու Էդգարը փորձում են տղաների մարմինները` ամբողջությամբ փշրված դիրքի փլատակների տակից դուրս բերել։ Թշնամին երկու անգամ ինքնաթիռ է ուղարկում նույն դիրքի ուղությամբ և երկու հոգու համար ինքնաթիռը երկրորդ անգամ է հարվածում նույն դիրքին` դիրքերի անառիկությամբ պայմանավորված։ Եվ երկուսով ինքնաթիռի երկրորդ հարվածից` մի քանի ժամ հետո զոհվում են։
-Իր տեսակով անսահման համեստ էր, պարտաճանաչ, բայց միևնույն ժամանակ իր արժեհամակարգին հակասող որոշումների հանդեպ ըմբոստ։ Իմ ճանաչած եզակի կերպարներից է, երբ ըմբոստությունը, կարգապահությունը և արդարամտությունը զուգահեռ միմյանց հետ միաձուլելով գնում էր մինչև վերջ։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել ենք միասին, գտնվում էր արձակուրդում հաջորդ օրը միացավ մեզ, պետք է բարձրանար իր գումարտակ, սակայն այն տեղամասում, որ մենք էինք գտնվում իրադրությունն ավելի լարված էր, ինքը մասնակցեց այդ հատվածի մարտական գործողություններին և այդ իրադրության մեջ, առանց զենքի գնաց մարտի դաշտ, միասին մի զենքով ենք մեկնել։ Եվ հենց այդ գործողությունների ժամանակ էլ ստացել է բեկորային վիրավորում։ Լինելով իր ընկերը` աննկարագրելի դժվարությամբ եմ դուրս բերել իրեն մարտի դաշտից, այսպես ասած խաբելով հասցրել եմ հոսպիտալ,- պատմում է ծառայակից ընկերներից Հենրիկը։
2021 թվականին լրացել է Արայիկի ծառայության 20 տարին, ստացել է Արցախի Հանրապետության քաղաքացիություն։ 44-օրյա պատերազմից հետո ամուսնացել է և կրկին շարունակել ծառայել նույն զորամասում։ Արդեն 2022 թվականին ծնվում է Արայիկի որդին, ում այդպես էլ չի հասցնում տեսնել, քանի որ եղել է Արցախում շրջափակման մեջ։
-Հնարավորություն ուներ գալու Հայաստան, սակայն հրաժարվում էր ասելով՝ մինչև արժանավայել դարպասները չբացենք, ես այդտեղից դուրս չեմ գա, որ ասում էինք որդուդ չես տեսել արի, ասում էր՝ մամ ջան, իմ որդին առանց ինձ էլ կարող է մեծանալ, այստեղի երեխաները ունեն պաշտպանության կարիք,- պատմում է մայրը` տիկին Մարինեն։
Արայիկ Գագիկի Մաթևոսյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում։ Հուղարկավորված է Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մուտքի մոտ։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի» հոբելյանական մեդալով, ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Անբասիր ծառայության համար» մեդալով և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: