Անմահ հերոս Վարդան Առաքելյան
1995 թվականի մարտի 17-ին՝ Արմավիրի մարզի Արազափ գյուղում է ծնվել Վարդան Առաքելյանը։ 2013 թվականին ավարտել է Արազափ գյուղի դպրոցն ու 2016-ի ամռանը զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության՝ ինքնակամ ընտրելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի զորամասը, որտեղ ծառայում էր եղբայրը՝ Վահեն։
Վերջինս մեզ հետ զրույցում հիշում է, թե եղբայրն ինչքան բարի էր, կամեցող, սրտացավ ուրիշների հանդեպ, մարդկային բարձր որակներով օժտված պատանի էր, փոքրուց էր այդպիսին։
2016թ.-ի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասերից մեկում թշնամին ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական կողմի պատասխան գործողությունների ժամանակ՝ ծառայակից ընկերը Վարդանին անզգուշության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է հասցրել: Վարդանը առաջինն էր, ով նկատել էր թշնամու առաջխաղացումը, զեկուցել, որից հետո սկսվել էր պատասխան գործողությունների ձեռնարկումը:
Վարդանը մեծ սիրով և ոգևորությամբ է ստանձնել զինվոր լինելու իր պարտականությունը, հպարտությամբ զորակոչվել ծառայության։
Ի հիշատակ Վարդանի՝ հարազատ դպրոցում Ռազմագիտության դասասենյակը անվանակոչվել է Վարդանի անունով, որ սերունդները հիշեն դպրոցի զուսպ ու համեստ աշակերտին։
Արցախի նախագահի հրամանագրով Վարդան Հովհաննեսի Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: