Անմահ հերոս Վահան Սահակյան

Վահան Գագիկի Սահակյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 3-ին Շիրակի մարզի Գուսաննա գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ 12-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գյումրու պետական բժշկական քոլեջում, ատամնատեխնիկի մասնագիտությամբ` անվճար հրմունքներով։

-Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի արտացոլանքն է, Վահանի պապը եղել է մանկավարժ, երկար տարիներ աշխատել ենք միասին։ Շատ դաստիարակված, համեստ հրաշալի ընտանիքից էր Վահանը։ Հատկապես աչքի էր ընկնում իր ծնողասիրությամբ, նաև աշխատասեր էր, այսպես ասած բոլոր լավ հատկանիշներով կարելի է  բնութագրել Վահանին։ Սովորում էր լավ,  դպրոցական միջոցառումներին մեծ հաճույքով ցուցաբերում էր ակտիվ և պարտաճանաչ մասնակցություն,- պատմում է դպրոցի տնօրենը` Հենրիկ Մարգարյանը։

Վահանը եղել է ակտիվ երեխա, տարբեր խմբակների է հաճախել, այդ թվում ֆուտբոլի: Փոքր հասակում  հատկապես շատ է սիրել  ֆուտբոլ:

-Վահանն իր բնավորությամբ շատ հանգիստ, խելացի, հավասարակշռված տղա էր: Ինչ էլ որ աներ ձգտում էր հնարավորինս լիներ արդար, իր համար դա առաջնային էր, չափազանց արդարամիտ էր։ Փոքրուց ընկերություն ենք արել, հետո միասին սովորել ենք նույն դասարանում։ Սովորում էր լավ, հատկապես սիրում էր քիմիա և կենսաբանություն առարկաները, և հետագայում էլ այդ առարկաների հիման վրա որոշեց, որ ուսումը շարունակելու է Գյումրու պետական բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ։ Իմ հուշերում ամենալավ հիշողությունը մնացել է մեր ֆուտբոլային խաղերը: Օրվա մեջ հատուկ ժամ ունեինք ֆուտբոլ խաղալու, գյուղերով մրցում էինք իրար հետ,- պատմում է մանկության ընկերներից Սերգեյը։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության` Արցախի Հանրապետության Մատաղիսում ( այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

-Դեռ չէր հասցրել ավարտել քոլեջը՝ իր դիմումի համաձայն դեկտեմբերին զորակոչվել է բանակ, արտահերթ հանձնել է բոլոր քննությունները: Իր ցանկությունն էր՝ կամավոր, դիմումի համաձայն մեկնել ծառայության։ Ծառայությունն անցել է շատ լավ, ոչ մի անգամ չի դժգոհել, որևէ հարցով նեղություն չի տվել մեզ,- պատմում է հայրը` Գագիկը։

44-օրյա պատերազմի ժամանակ՝ պատերազմի 3-րդ օրը,  Վահանենց տեղափոխել են Մատաղիսի բարձունք,  այնուհետև Մարտակերտի շրջան` Դրմբոն, հետո կրկին հետ են վերադարձել Մատաղիս։

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Վահանը վիրավորվել է Մատաղիսում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից: Զինակից ընկերները նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևանի Մուրացան բժշկական կենտրոն։ Ծնողները մեծ դժվարությամբ գտել են տղային, Վահանը եղել է ծայրահեղ  ծանր վիճակում, ստացել է ոտքի վիրավորում, գտնվել անգիտակից վիճակում, և այդպես էլ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 22-ին։

Հերոսի աճյունը հանգչում է  Գուսաննա գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

Վահան Սահակյան հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան»  մեդալներով։

Պատերազմի ժամանակ ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարել է Վահանին և մյուս ծառայակից ընկերներին, այդ լուսանկարները պատերազմի ընթացքում համացանցով տեսել է հայրը, իսկ հետագայում արդեն Դավիթ Թորոսյանի հեղինակային «44-ի տղերքը»  գրքում է տեղ գտել։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան