Անմահ հերոս Գոռ Բաբայան

Հայրենիքի պաշտպանության գործում զոհված Գոռ Բաբայանը ծնվել է 1986 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

6 տարեկանից Գոռը ակտիվորեն տարբեր սպորտաձևերով է զբաղվել, սակայն ավելի շատ ժամանակ տրամադրել է բռնցքամարտին ու կարատեին, որոնց մրցաշարերի ժամանակ էլ բազում հաղթանակներ է ունեցել։

Սովորել է Աբովյանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում։ Դպրոցում սովորելու տարիներին Գոռը միշտ աչքի է ընկել իր մարդկային որակներով, տարիները չէին փոխել նրա այդ հատկանիշները. փաստում են ընտանիքի անդամները։

8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումնարանում է սովորել՝ ստանալով վարորդի և ավտոփականագործի որակավում։

Գոռի մայրիկը՝ տիկին Գայանեն, մեզ հետ զրույցում նշում է, որ Գոռը շատ լավ մարդ էր, ընկերասեր, նվիրված, սրտաբաց, հարգված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից:

2005 թվականին  Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Հանրապետության Ասկերանի N զորամաս (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Մինչ զորակոչվելը Գոռը միշտ ասել է, որ ինքը Արցախում է ցանկանում ծառայել։

«Շատ էր սիրում ծառայությունը: Իր գնալու ժամանակ զինկոմիսարյատում էի աշխատում, իր ընկերներին տանում էին բանակ, եկավ ասեց. «մամ կլինի՞ մտնես, խոսաս ինձ էլ հետները ուղարկեն, ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ»: Ուզում էր 6 ամիս շուտ գնար բանակ: Որ գնում էր բանակ, ավտոբուսի մոտ ընկերոջն ասաց՝ ով բարձրացավ ավտոբուս ու լացեց, 2 տարի հետո գառ պիտի պատիվ անի: Եկավ, ինձ գրկեց, ասեց՝ մամ ջան լացել չլինի, գալու եմ: Ընկերը մորը գրկեց ու լացեց, Գոռս բարձր ասաց. «Արտակ, դու պարտվեցիր»: Ու գնացին»,-պատմում է Գոռի մայրը։

2006 թվականի դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։

Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

Ի հիշատակ Գոռի՝ հարազատ դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ բակում, որտեղ ծնվել ու ապրել է իր կարճ, բայց իմաստալից կյանքը, մտերիմ ընկերների կողմից հուշաքար է տեղադրվել՝ հավերժացնելու Գոռի ներկայությունը։

Ընտանիքում Գոռի անունը կրում է նրա եղբոր որդին, ով նրա պես աշխույժ ու ճարպիկ է, ով իր ներկայությամբ ամեն պահ արտացոլում է Գոռի կերպարը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։