Անմահ հերոս Սիփան Մելոյան
Սիփան Վարդանի Մելոյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 16-ին Աբովյան քաղաքում, սակայն դեռ փոքր տարիքից տեղափոխվել են բնակություն հաստատելու Մեծամորում։ Նախնական կրթությունը ստացել է Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո դիմել է տեխնիկում, բայց այդպես էլ չի շարունակել, քանի որ զուգահեռ աշխատել է, զբաղվել է շինարարությամբ։
-Ես Սիփանին ճանաչել եմ շատ վաղուց, երբ նոր էին տեղափոխվել Մեծամոր։ Շատ մտերիմ ենք եղել թե՛ մենք, թե՛ մեր ընտանիքները: Այդ մտերմությունը շարունակվում է մինչ օրս։ Մեր մեջ տարիքային տարբերությունը մի քիչ մեծ էր, բայց մենք շատ լավ ընկերներ էինք, նվիրված էր ընկերներին, ցանկացած պահի ցանկացած պարագայում ինքը կկանգներ մեր կողքին։ Երբ ժամկետային ծառայության մեջ էր, ոչ մի անգամ որևէ խնդրով նեղություն չի տվել ընտանիքի անդամներին։ Աշխատում էինք միասին՝ շինարարությամբ էինք զբաղվում: Հետո Սիփանը որոշեց, որ դուրս է գալու և աշխատելու է որպես պայմանագրային զինծառայող։ Այնքան դրական մարդ էր, որ այնտեղ ևս շատ արագ հասցրել էր սիրվել բոլորի կողմից: Հիմա էլ ծառայակից ընկերներն այցելում են իր ընտանիքին,- պատմում է մտերիմ ընկերներից Գևորգը։
2008 թվականին Սիփանը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության, ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Մարտունի 2-ում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), եղել է սակրավոր։ Ծառայել է սիրով և ամենայն պատասխանատվությամբ, ոչ մի անգամ դժվարություններից չի դժգոհել։
-Ծանոթացել ենք համացանցով, 2012 թվականին արդեն ամուսնացած էինք, ունենք 2 երեխա։ 2013 թվականին ընդունվել է աշխատանքի Մերձավանի զորամասում որպես կապավոր։ Նա դիրք չէր բարձրանում 3 օր տանն էր 1 օր աշխատանքի։ Երբ սկսվեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմը այդ ժամանակ նրանք տագնապով մնացին զորամասում շուրջօրյա հերթապահության,- պատմում է կինը` Վարդուհին։
-44-օրյա պատերազմի նախօրեին Սիփանը եղել է աշխատանքի և մնացել շուրջօրյա հերթապահության մինչև հոկտեմբերի 24-ը։ 30 հոգանոց իրենց խմբին տեղափոխել են Մատաղիս։ Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 8-ին։
-Երբ խոսում էինք իր հետ, մինչև վերջի պահը չի ասել, որ թեժ մարտեր են մղել։ Միայն ասում էր՝ մի մտածեք, մի նեղվեք, ես Սիսիանում եմ, բայց եղել է Մատաղիսում։ Իրենց խմբում բոլորը պայմանագրային զինծառայողներ էին ու մեծ մասը ամուսնացած, այդպես կանանցով կապ էինք պահում իրար հետ և ցանկացած լուր հայտնում միմյանց։ Ամեն օր ժամը 12-ին, երբ եկեղեցու զանգերը տալիս էին, գնում էինք աղոթում: Վերջին անգամ, որ զանգահարել է եկեղեցում էի, լավ տրամադրությամբ խոսեց, խնդրեցի ընտանիքի մյուս անդամներին էլ զանգահարի, որ չանհանգստանան,- պատմում է կինը` Վարդուհին։
Դեպքի օրը ծառայակից ընկերոջ Նորայրի հետ եղել են դիտորդական հերթապահության, երեկոյան 8-ից հետո ամբողջ երկինքը լցվել է անօդաչու թռչող սարքերով, ծառայակից ընկերները ձայն են տվել մեկը մյուսին, Նորայրը չլսելով ծառայակից ընկերոջ` Սիփանի ձայնը, վազել է դեպի թաքստոց, այդ պահին անօդաչուն հարվածել է իրենց ուղղությամբ ու Սիփանն ու Նորայրը զոհվել են, իսկ իրենց հրամանատարը ստացել է ծանր վիրավորում։
-9 տարի ծառայել ենք միասին։ Լավագույն ընկեր էր, շատ խիզախ տղա էր։ Միասին մեկնել ենք կռվի դաշտ։ Սիփանը զոհվելը է հրադարից 2 ժամ առաջ։ Այդ օրը շատ հանգիստ օր էր, համեմատած մնացած օրերի։ Երեկոյան 9։30 հակառակորդի կողմից սկսվել է հրետակոծությունը և շարունակվել է մինչև ուշ գիշեր: Սաստիկ մարտեր էր, մեր 30 հոգանոց խմբից զոհվել է 2 զինծառայող` Սիփանն ու Նորայրը, իսկ մեր հրամանատարը ստացել էր ծանր վիրավորում,- պատմում է ծառայակից ընկերը` Էդգարը։
Պատերազմի օրերին ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարել է Սիփանին և ծառայակից ընկերներին։ Հետագայում այդ նկարները համացանցով տեսնում են ընտանիքի անդամները։
Սիփան Մելոյանը զոհվել է նոյեմբերի 9-ին: Հուղարկավորված է Մեծամորի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: