Անմահ հերոս Բենիկ Համբարձումյան

Քառօրյա պատերազմի ավարտից հետո «կամիկաձե» ԱԹՍ-ն խոցած զինվորը` Բենիկ Համբարձումյանը Մեդիամաքսին տված հարցազրույցի ժամանակ ասել է`
«Այս պատերազմում մի բան հասկացա՝ հայ ազգը միշտ եղել է ու կմնա միահամուռ, ամենակարեւոր պահերին դառնալով մի բռունցք ու թույլ չտալով թշնամուն մոտենալ իր հողին: Ամենակարևոր գիտակցումը, որն ինձ որպես մարդ «դուխ» է տվել պատերազմի օրերին, ընկերներիս նվիրվածությունն է: Տեսնում ես, որ, անկախ իրավիճակից, ընկերդ միշտ կանգնած է թիկունքումդ՝ պատրաստ սեփական արյան գնով փրկել քո կյանքը»։
Բենիկ Դավիթի Համբարձումյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 20-ին Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում: Նախնական կրթությունը ստացել է Քռասնիի միջնակարգ դպրոցում։
Դպրոցական տարիներին զբաղվել է կառատեով, մինչև բանակ զորակոչվելը հասել է սև գոտի 9-րդ դան աստիճանի։ Հետագայում ևս ցանկացել է շարունակել սակայն կոտրվածքի հետևանքով թողել է սպորտը։
-Հիշում եմ դասերին զուգահեռ, գնում էր կառատեի: Դպրոցից գալուն պես արագ սովորում էր դասերը։ Հատկապես իմ մեջ տպավորվել է, թե ինչ հեշտությամբ ու արագ էր սովորում գրականության անգիրները, որպեսզի հասցնի գնա կառատեի պարապմունքների։ Չափից դուրս աշխույժ էր, ամեն կերպ փորձում էր կյանքի հունից հետ չմնալ, կրթվել, զարգանալ։ Նաև ուներ սիրելի նախասիրություններ, հայրիկիս հետ գնում էին որսորդության, նաև զբաղվում էին մեղվաբուծությամբ ,-պատմում է քույրը` Իրինան։
Բենիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության տեսության բաժինը, մեկ տարի սովորելուց հետո մեկնել է ծառայության Հադրութում ( այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), եղել է հակաօդային պաշտպանության ծառայող։
-Հատուկ սեր ուներ զենքերի նկատմամբ, դա եկել էր դեռ մանուկ հասակից։ Գերազանց տիրապետում էր իր զենքին ու երբ գալիս էին ստուգման, միշտ Բենիկի զենքն էինք ցույց տալիս, որովհետև կատարյալ մաքուր վիճակում էր միշտ ու ամենաարագը ինքն էր կարողանում զենքը բերել մարտական վիճակի։ Կիրթ էր շատ, ամեն ինչից գաղափար ուներ։ Իր բանիմացության շնորհիվ կարողանում էր օգնել ծառայակից ընկերներին տարաբնույթ հարցերով, նույնիսկ երբ վատառողջ էինք լինում։ Անգամ իր հանգստի ժամերին մնում էր դիրքերում,- պատմում է ծառայակից ընկերներից Տիգրանը։
2016 թվականի Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի դեմ օգտագործեց հարվածային անօդաչու սարքեր (կամիկաձե), որոնք առաջին անգամ կիրառվեցին ռազմական գործողությունների ժամանակ: Ապրիլի լույս 4-ի գիշերը՝ ժամը 4:00-ի սահմաններում, հակառակորդը հերթական անօդաչուն է ուղարկում N մարտական դիրք: Վայրկյաններ անց ՊԲ զինծառայող 20-ամյա Բենիկը «ԶՈՒ-23-2» տիպի զենիթային կայանքից խոցում է այդ սարքերից մեկը, որը գտնվել է 1200 մետր բարձրության վրա: Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվում է «Արիության համար» մեդալով։
-Եղբորս սերն ու հարգանքը հայ ազգին, հայոց հողին, հայոց բանակին անասելի մեծ էր ու իրական, այդ ամենը նա նկատելի չէր դարձնում, չէր բարձրաձայնում, որովհետև իր ապրելակերպն ու կյանքի իմաստն էր hայոց hողն ու hայրենիքը: Շատ հնարավորություններ է ունեցել երկրից դուրս գործունեություն ծավալելու և փայլուն ապագա կառուցելու համար, բայց Բենոյի կյանքի նպատակներն ու ծրագրերը հստակ էին և միանգամայն նվիրված հայրենիքի շենացմանը, զարգացմանն ու բարգավաճմանը ,- ասում է քույրը։
2019 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Ակտիվ գործունեություն է ծավալել ուսանողական տարիներին, եղել է Արցախի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահը։ Հետո ուսումը շարունակել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի ագրոբիզնես բաժնում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է շինարարական կազմակերպությունում որպես հաշվապահ, գնացել է նաև հաշվապահության դասընթացների։
-Մենք միասին սովորել ենք նույն կուրսում, ծանոթացել ենք համալսարանում և հենց առաջին կուրսից սկսել ենք ընկերություն անել։ Մեկ տարի սովորելուց հետո մեկնել է ծառայության, երբ հետ եկավ արդեն տարբեր կուրսերում պետք է սովորեինք, 7 տարի ընկերություն ենք արել։ Նշանադրվել ենք 2018 թվականի օգոստոսի 25-ին։ Բենիկը շտապում էր ապրել, վայելում էր կյանքի ամեն մի վայրկյանը, աննկարագրելի ընկերասեր էր, պատրաստ էր ընկերների համար կյանքը տալ։ Ուսանողական տարիներին երևի այդպիսի մարդ չկար, որ իրեն չճանաչեր, համալսարանական միջոցառումների աստղն էր։ նաև սիրում էր պարել, շատ գեղեցիկ էր պարում։ Մագիստրատուրան ավարտել է 2020թ-ին, սակայն այդպես էլ չհասցրեց վերցնել դիպլոմը։ Որոշել էինք հոկտեմբեր ամսին ամուսնանալ, բայց հենց այդ ամսին էլ պատահեց այդ դեպքը։ Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 15-ի գիշերը, ասում էր ամեն ինչ լավ է լինելու, կռիվը վերջանա, էլ ոչ մի բանի չենք սպասի, անմիջապես կամուսնանանք,- պատմում է նշանածը` Յանան։
2020 թվականի սեպտեմբերի 10-ից ծառայության է անցել Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում՝ օպեր լիազորի պաշտոնում:
Ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողների հետ մասնակցել է 2020 թվականի ռազմական գործողություններին: Զովելու օրը ծառայակից ընկերների հետ գնացել է հերթափոխության։ Սկսվել է հրետակոծություն, մոտեցել է վիրավոր ընկերներին օգնության, այդ ժամանակ էլ անօդաչու թռչող սարքի հարվածը Բենիկի ուղղությամբ է եղել:
Բենիկ Դավիթի Համբարձումյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում։
Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: