Անմահ հերոս Վրեժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմում զոհված Վրեժ Սարգսյանը ծնվել է 1989 թվականի մարտի 22-ին։ Վրեժի ընտանիքը բնակվել է Արագածոտնի մարզում, բայց տարիներ անց՝ ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղ: Դպրոցն ավարտելուց հետո Վրեժը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, օգնել ընտանիքին։
2007 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասերից մեկում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։
Ծառայության ժամանակ կրտսեր սերժանտի կոչում է ստացե՝ լավ ու նվիրված ծառայության համար մի շարք պատվոգրերի արժանացել: 2011 թվականին՝ որպես պայմանագրային զինծառայող, համալրել է ՊԲ շարքերը, եղել հրաձգային ջոկի հրամանատար:
2016 թվականի ապրիլին թշնամին ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, արդյունքում հայկական կողմն անցել է պատասխան հարվածի՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ։
Ապրիլի 4-ին Վրեժը զոհվել է՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի դեմ պայքարում։
Վրեժն ամուսնացած էր, ունի մեկ որդի։
Վրեժ Վարդանի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: