Անմահ հերոս Նորայր Հարոյան

Նորայր Էդուարդի Հարոյանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 4-ին Երևանում։ Մինչև 3-րդ դասարան սովորել է Երևանի թիվ 70 դպրոցում, այնուհետև ընտանիքով  տեղափոխվել են ՌԴ, հետո կրկին վերադարձել են հայրենիք` 10- րդ դասարանը ավարտել է նույն դպրոցում։ Հաճախել է տարբեր խմբակների, զբաղվել է կառատեով, բայց ձեռքը կոտրելուց հետո չի ցանկացել շարունակել։ Երգի և պարի է հաճախել Երևանի  «Ուրարտու»  անսամբլում: ՌԴ մեկնելուց հետո ևս շարունակել է զբաղվել երգ ու պարով  արդեն «Հայաստանի ծաղիկներ»  անսամբլում։

-Բազմակողմանի զարգացած երեխա էր, իրեն փորձում էր տարբեր  բնագավառներում, ինքնուրույն էր, այնքան էր մի բանը փորձում, ջանք թափում, մինչև ստացվեր իր ուզածով,- պատմում է մայրը` տիկին Գայանեն։

Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի մանկավարժական ինդուստրիալ քոլեջի իրավաբանության ֆակուլտետում։ Առաջին կուրսը ավարտելուց հետո մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության։ Սկզբնական շրջանում ծառայել է Արմավիրի N զորամասում, որից հետո տեղափոխվել է Տավուշի մարզ ու շարունակել ծառայությունը։

-Ծառայել է սիրով և մեծ պատասխանատվությամբ։ Միայն անհանգստանում էր, որ ես և քույրը տանը մենակ ենք մնացել։ Իր ծառայության ժամանակ այդքան էլ խաղաղ չէր, երբ Բաղանիսում էր, անընդհատ լարված իրավիճակ էր սահմանին։ Հիշում եմ, շատ ծանր էր տանում ծառայակից ընկերոջ կորուստը, հենց իր աչքերի առաջ էր զոհվել ականի պայթյունի հետևանքով,-  պատմում է մայրը։

Ժամկետային ծառայությունից վերադառնալուց  հետո`  կրկին շարունակել է ուսումը, իրավաբանության ֆակուլտետի 2- րդ կուրսում, այնուհետև ընդունվել է Հյուսիսային համալսարան և սովորել դարձյալ իրավաբանություն մասնագիտությամբ։

Աշխատել է տարբեր բնագավառներում, ընտանիքի անդամների խորհրդով 2014 թվականից  ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` որպես պայմանագրային զինծառայող։

-Չափից դուրս աշխատասեր էր, զինվորական գործից դուրս նաև աշխատում էր տուրիստական կազմակերպությունում։ Տանը շինարարական աշխատանքներ էր իրականացնում, քանի  որ տունը կիսակառույց էր, ամբողջ վերանորոգումը կատարել է իր ձեռքերով։ Երբեք չէր սիրում անգործ մնալ,- պատմում է մայրը։

44-օրյա պատերազմի ժամանակ սկզբնական շրջանում եղել են Երևանի  N զորամասում, մի քանի անգամ հրաման է եղել մեկնելու Արցախ, սակայն հետաձգվել է։ Հոկտեմբերի 24-ին Նորայրն ու իր մյուս զինակից ընկերները մեկնում են Արցախ՝ Մատաղիս։

Ծառայակից ընկերներից Անդրանիկը այսպես է բնութագրում ընկերոջը`

-Բարի, հավասարակշռված ու խելացի տղա էր, պատերազմի ժամանակ 20 օր եղել ենք միասին, դրական էմոցիաներով էր, մարտական էր տրամադրված։ 5 տարի ծառայել ենք միասին, իր տեսակը շատ քիչ է հանդիպում, լավ ընկեր էր և լավ մարդ։

Դեպքի օրը Նորայրը եղել է դիտորդական հերթապահության, երեկոյան 8-ից հետո ամբողջ երկինքը լցվել է անօդաչու թռչող սարքերով, ծառայակից ընկերները ձայն են տվել մեկը մյուսին, Նորայրը չլսելով ծառայակից ընկերոջ` Սիփանի ձայնը, վազել է դեպի ապաստարան (շել), այդ պահին անօդաչուն հարվածել է իրենց ուղղությամբ և հարվածի հետևանքով Նորայրն ու Սիփանը զոհվել են, իսկ իրենց հրամանատարը ստացել է ծանր վիրավորում։

Պատերազմի ընթացքում ընկերների հեռախոսահամարներով մշտապես զանգահարել է տուն, ասել որ ամեն բան կարգին է և անհանգստանալու որևէ պատճառ չկա։ Վերջին անգամ նոյեմբերի 8-ին խոսել է մայրիկի հետ՝ ասելով, որ քիչ է մնացել և երկու օրից իրենց տուն են ուղարկելու։ Հաջորդ օրը ընտանիքի անդամները լուրերով տեղեկացել են հրադադարի մասին, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել կապ հաստատել Նորայրի հետ, այն հեռախոսահամարը, որով վերջին անգամ զանգահարել է տուն, եղել է անհասանելի, որն էլ անհանգստության տեղիք է տվել հարազատներին։ Եվ միայն 3 օր հետո է հնարավոր եղել պարզել, որ Նորայրը զոհվել է։

Նորայր Էդուարդի Հարոյանը զոհվել է նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը։

Հուղարկավորված է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ընտանեկան գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը, լուսանկարահանում է Նորայրին և մյուս ծառայակից ընկերներին։ Այդ լուսանկարները պատերազմից հետո`  Նորայրի ընկերները համցանցով փոխանցում են Նորայրի մայրիկին։ Հետագայում  «44-ի տղերքը»  գրքի հեղինակ Դավիթ Թորոսյանը` հանդիպում է Նորայր Հարոյանի ընտանիքի անդամներին և նվիրում գիրքը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան