Անմահ հերոս Հայկ Ստեփանյան

Հայկ Հրաչիկի Ստեփանյանը ծնվել է 1996 թվականի մարտի 28-ին Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում։ Առաջին դասարան հաճախել է Վերնաշենի դպրոցում, այնուհետև տեղափոխվել են ՌԴ, կարճ ժամանակ անց վերադարձել են Հայաստան։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ( ՀԱՊՏ) ֆինանսներ մասնագիտությամբ։
2017 թվականին ավարտելով համալսարանը մեկնել է ՌԴ, շուրջ երկու տարի աշխատելուց հետո` կրկին վերադարձել է հայրենիք։ Առողջական խնդիրների պատճառով բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 26-ին` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ( այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։
Ունեցել է տարբեր նախասիրություններ, հաճախել է երաժշտական խմբակի, զբաղվել է սպորտով։ Նաև սիրել է մեքենաներ և համալսարանի արձակուրդների ընթացքում գնացել է ավտոմեխանիկի արհեստանոց աշխատելու, քանի որ իրեն շատ է հետաքրքրել մեքենաների հետ կապված աշխատանքը։
-Իրեն ճանաչող բոլոր մարդիկ կփաստեն այն մասին, որ ինքը եղել է անչափ ընկերասեր և բարի։ Իր գործը կիսատ կթողներ, բայց ընկերոջը կգնար օգնության, ու այդպես էլ եղավ` հանուն մեզ զոհաբերեց իր կյանքը,- ասում է ընկերներից Էդուարդը։
Հայկը 1 տարի 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ 44-օրյա պատերազմը, ավա՜ղ պատերազմի 30-երրորդ օրը խլեց նրա կյանքը։
Վերջին անգամ խոսել է հայրիկի հետ հոկտեմբերի 26-ի երեկոյան` հարցրել է, թե ինչ են ասում նորություններով, երբ է վերջանալու պատերազմը։ Հայկի հայրը եղել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, պատերազմի ընթացքում գտնվել է ՌԴ-ում, ցանկացել է գալ և մասնակցել այս պատերազմին ևս, սակայն Հայկը հանդիմանել է և չի թողել, ասելով, որ սա իրենց իմացած պատերազմը չէ, մնա ընտանիքի կողքին։
-Բարի կամեցող արդար մարդ էր։ Որպես զինվոր իր պարտականությունները կատարել է գերազանց։ Հայկը եղել է գումարտակի հրամանատարի վարորդ, այդ գործը մեծ պատասխանատվություն էր պահանջում և նա իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր կատարում էր լիարժեք։ Ուշադիր էր իր ենթակա զինվորների նկատմամբ, գրեթե ամեն օր շրջում էր ամբողջ գումարտակով: Չի եղել այնպիսի դեպք, որ զինվորը ունենար որևէ կարիք և Հայկը անտարբեր անցներ, մշտապես պատրաստակամ էր օգնելու յուրաքանչյուրին։ Հայկը եղել է գումարտակի աջ ձեռքը,- պատմում է գումարտակի հրամանատարը` Պավլիկ Քարամյանը։
Պատերազմի օրերին ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարել է Հայկին և ծառայակից ընկներին, այդ օրերին Հայկի հարազատները համացանցով տեսել են լուսանկարները և փոխանցել ընտանիքի անդամներին։ Պատերազմական գործողություններին Հայկը մասնակցել է առաջին օրվանից, պայթյունների ժամանակ իրեն հաջողվել է մտնել ավտոպարկ և դուրս բերել մեքենաները, որպեսզի կարողանան անձնակազմին տեղափոխել։
Առանց որևէ խոսքի նետվում էր գործողություն կատարելու։ Եվ հենց զոհվելու օրն էլ Հայկը՝ իր ծառայակից ընկերոջ` Պարույր Հակոբյանի հետ, գնացել է վիրավորներին դուրս բերելու և այդ ընթացքում անօդաչուն խոցել է մեքենան, ինչի հետևանքով Հայկը ստացել է վիրավորում և նրան ևս տեղափոխել են մեկ այլ մեքենա, որպեսզի համապատասխան օգնություն ցուցաբերեն, սակայն անօդաչուն հարվածել է այդ մեքենային ևս` ինչի հետևանքով էլ Հայկը և իր ծառայակից ընկերները զոհվել են,- պատմում է Պավլիկ Քարամյանը։
Զոհվել է հոկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Հուղարկավորված է Վերնաշենի եղբայրական գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: