Անմահ հերոս Միհրան Ավդալյան

Միհրան Արմենակի Ավդալյանը ծնվել է 1993 թվականի փետրվարի 12-ին  Արմավիրի մարզի  Ջանֆիդա գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Ջանֆիդայի Արցախյան պատերազմի հերոս Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում։Դպրոցական առարկաներից ամենաշատը սիրել է ՆԶՊ ( Նախնական զինվորական պատրաստություն) և ֆիզկուլտուրա առարկաները։ Զբաղվել է բռնցքամարտով և հաղթել հանրապետական մրցումներում։

2011 թվականին ավարտելով դպրոցը՝ զորակոչվել է բանակ: 1 տարի 7 ամիս ծառայելուց հետո` իր դիմումի համաձայն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2016 թվականին ավարտելով ուսումը` կամավոր հիմունքներով ծառայության է մեկնել  Արցախի Հանրապետության Մատաղիս (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) և նշանակվել Հետևակի դասակի հրամանատար։ Այնուհետև սկսել է սովորել հետախույզի մասնագիտությունը: Նրա հայրը ևս եղել է հետախույզ։

Միհրանի հայրը եղել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից։ Եվ փոքր հասակից Միհրանը դաստիարակվել է հայրենասիրական ոգով, հայրիկի հետ այցելել է մի շարք զորամասեր։ Զինվորականի մասնագիտության հանդեպ սերը եկել է մանկուց, հոր խոսքով այդ աշխատանքից այն կողմ, ուրիշ ոչ մի աշխատանք չի պատկերացրել։       Շատ կարճ ժամանակ անց Միհրանը նշանակվել է հետախուզական դասակի հրամանատար։

«Ծառայությանը նվիրված սպա էր, ամբողջ անձնակազմը հարգում և սիրում էր իրեն՝ իր նվիրված տեսակի և մարդկային բարձր հատկանիշների համար։ Անվախ էր, չկար այնպիսի մի առաջադրանք, որ չկարողանար կատարել։ Իր արիության և մարտական վարպետության շնորհիվ կարողանում էր  կասեցնել թշնամու ցանկացած առաջխաղացում` միևնույն ժամանակ զորքին հասցնելով զինամթերք, սնունդ  և  այլ անհրաժեշտ պարագաներ»,-պատմում է ծառայակից ընկերներից Արմանը։

2017 թվականին Միհրանն ամուսանացել և արդեն ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՀ Մատաղիս։ 2018 թվականին  ծնվել է Միհրանի ավագ որդին, ում անվանակոչել են Արամայիս, իսկ 2020 թվականին սեպտեմբերի 29-ին ծնվել է նրանց երկրորդ որդին, որին Միհրանն ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվանակոչել է Ռոբերտ։ Սակայն Միհրանը երկրորդ ոդուն այդպես էլ չի հասցրել տեսնել։

44-օրյա պատերազմից մի  ամիս առաջ Միհրանը գնացել է  Մարտակերտի այն մարտական դիրք, որտեղ 2016թ-ի քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել է Ռոբերտ Աբաջյանը։ Դրանից հետո որոշել է որդու անունը, և ընտանիքի անդամներին հայտնել, որ երրորդ զավակին էլ անվանակոչելու է Չարամ։

44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին իսկ ժամերից իր հետախուզական դասակի հետ մարտնչել է Թալիշ գյուղում։ Նրա կողքին մարտի են բռնվել նաև հայրն ու կրտսեր եղբայրը` Կոլյան։ Եվ հենց նրանց աչքի առաջ  ոչնչացրել է թշնամու մի քանի մարտական մեքենա։ Այնտեղ, որտեղ մարտնչել է Միհրան Ավդալյանը հակառակորդը չի կարողացել ճեղքել, միայն հրամանատարության հրամանով է իր մարտիկների հետ նահանջել։

Թշնամին մեծաքանակ ուժերով փորձել է մոտենալ Մարտակերտին, և նրա թիրախներից մեկը եղել է   Վարանգաթաղ բարձունքը (Լյուլասազ), որը թշնամուն մի անգամ հաջողվել էր  գրավել, սակայն Միհրանը ու իր զինվորները 30 րոպե անց զեկուցում են, որ 7 տանկերը խոցված են, իսկ  դիրքն իրենց հսկողության տակ է:

Միհրանի մտերիմ ընկերներից Հրաչը, ում հետ նաև մասնակցել են պատերազմական գործողություններին, ասում է՝ Միհրանը  ամենաբարդ  իրավիճակներում ցանկացած մարտական խնդիր կատարել է գերազանց։

«Իր գումարտակի վիրավորներին օգնություն ցույց տալիս՝ հասցնելով բուժկետ: Բանիմացության և տեղանքին լավ տիրապետելու շնորհիվ շրջափակումից  հանել է բազմաթիվ մարտիկների։ Միշտ ասում էր` ով իր ընկերոջ դին դուրս չբերի պատերազմի դաշտից, ուրեմն ինքն ազգի դավաճան է։ Միհրանի սխրանքների մասին խոսում էին բոլորը։ Պատերազմական գործողությունների ընթացքում արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի և նշանակվել Մատաղիսի հետախուզական վաշտի հրամանատար»,- պատմում է մարտական ընկերներից Հրաչը։

Միհրանը հավատարիմ մնալով իր խոստմանը` մարտնչեց մինչև վերջին շունչը՝  հակառակորդին հասցնելով ահռելի կորուստներ: Զոհվելով հոկտեմբերի 9-ին Մարտակերտում` թշնամու արկի հարվածից։ Հուղարկավորված է հայրենի Ջանֆիդա գյուղի պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Պատերազմական օրերին ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը լուսանկարել էր Միհրանին և իր զինակից մյուս ընկերներին, հետագայում այդ լուսանկարներն ընտանիքի անդամները տեսնում են համցանցով, իսկ հետո Դավիթ Թորոսյանի «44-ի տղերքը» գրքում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան