Անմահ հերոս Վրեժ Պողոսյան

Վրեժ Անդրանիկի Պողոսյանը ծնվել է 1992թ. հուլիսի 1-ին Երևանում։  Չորս տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, եղել է  Հայաստանի բազմակի չեմպիոն` հասնելով մինչև սև գոտի,  2-րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ և ունեցել է մրցավարի պաշտոն։

Վրեժի հորեղբայրը` Ալբերտը, ով նաև եղել է իր մարզիչը, ասում է, որ անսպառ էներգիայի տեր է եղել Վրեժը, նպատակասլաց, ընկերասեր:

-Եթե ինչ-որ բան էր դնում մտքին, ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի իրականացներ։ Հայաստանում բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել` զբաղեցնելով մրցանակային տեղեր, հետագայում, երբ տեղափոխվել են ՌԴ, այնտեղ ևս շարունակել է սպորտային կարիերան` զբաղվել է թեկվոնդոյով, մարտական սամբոյով, եղել է  դահլիճի համար առաջին տղան,- պատմում է հորեղբայրը:

Նախնական կրթությունը ստացել է Աշոտ Մանուկյանի անվան համար 93 դպրոցում, այնուհետև 9-րդ դասարանն ավարտելուց հետո` ուսումը շարունակել է Երևանի թիվ 58 տեխնիկումի` ավտոմեխանիկ մասնագիտությամբ։ Առողջական խնդիրների պատճառով բանակ զորակոչվել է երեք տարի հետո: Երեք եղբայրներով միասին են մեկնել ծառայության։

-Երեք տղաներիս էլ մեկ օրում ճանապարհել եմ բանակ և մեկ օրում էլ ընդունել եմ, – ասում է մայրն ու շարունակում, որ երբ երեք տարով հետաձգել են բանակային հարցերը, ընտանիքով տեղափոխվել են Նիժնի Նովգորոդ, հետագայում որոշել են, որ պետք է գան հայրենիք և ծառայեն։ Ծառայել են նույն տեղանքում` Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Իր ընկերները, երբ  հավաքվում էին, այս  առիթով`ասում էին խմում ենք երեք լեռնաշղթաների կենացը։ Մարտի 8-ին, որպես մայրիկին նվեր, իրենց ուղարկել էին յոթօրյա զինվորական արձակուրդ, դրանից հետո սկսվել է 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, երեքից ոչ մեկի հետ չէինք կարողանում կապ հաստատել, միայն չորս օր անց հաջողվեց խոսել նրանց հետ»։

Վրեժը ծառայության է մեկնել 2014թ. հուլիսի 29-ին: Քարվաճառի զորամասերից մեկում հաշվարկի հրամանատար էր, ստացել էր  ավագ սերժանտի կոչում։ Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո` կրկին տեղափոխվել են ՌԴ, 2020թ.-ին վերադարձել են Հայաստան, համավարակով պայմանավորված չեն կարողացել հետ գնալ։

2020թ. Հոկտեմբերի 26-ին  կամավոր մեկնել է Մարտակերտ, որպես ականանետի հաշվարկի հրամանատար։ Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ իր ջոկատով գերեվարել է թշնամու 3 զինվորի։

Պատերազմի օրերին «44-ի տղերքը» գրքի հեղինակ Դավիթ Թորոսյանը լուսանկարում է Վրեժին և իր մյուս զինակից ընկերներին, հետագայում այդ նկարները համացանցով տեսնում է կինը և ուղարկում ընտանիքի մյուս անդամներին։

Վրեժ Պողոսյանը զոհվել է նոյեմբերի 7-ին Մարտունի 2-ում։  Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Ես ու Վրեժը ծանոթացել ենք Հյուսիսային համալսարանում, իր ընկերոջ միջոցով։ 2019թ-ին արդեն ընտանիք ենք կազմել։ 2020թ-ի նոյեմբերի 14-ին ամուսնուս հուղարկավորությունն էր, 15-ին ծնվել է մեր բալիկը` Մաքսը, իսկ անունը նախապես որոշել էր Վրեժը,-պատմում է կինը` Վերոնիկան։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի`«Անդրանիկ Օզանյան» մեդալով, «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 Մանե Մանուկյան