Անմահ հերոս Միքայել Հարությունյան

Միքայել Կորյունի Հարությունյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 25-ին Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում։ Մայրը՝ Սիրանուշ Հովհաննիսյանը պատմում է, որ բնավորությամբ հանգիստ երեխա էր, հաշտ էր բակային ընկերների հետ, կռիվներ գրեթե չէր անում։ Սիրում էր խաղալ իր կրտսեր քրոջ և երկու եղբայրների հետ։

Միքայելը սովորել է հարազատ գյուղի՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հետաքրքրված էր շինարարությամբ և էլեկտրական մեխանիզմներով։

– Գաղափարներ ուներ, շարունակ ուսումնասիրում էր հոսանքներն ու ինչ-որ մեխանիզմներ սարքում,- պատմում է դպրոցի փոխտնօրենը՝ Գոհար Մնացականյանը։

Այն, որ Միքայելը հայրենասեր էր, համեստ և աշխատասեր, Գոհար Մնացականյանը գիտեր դեռ տղայի դպրոցական տարիքից, բայց թե ի՛նչ քաջ ու ընկերասեր մարդու օրինակ էր, բացահայտել է պատերազմից հետո՝ լսելով պատերազմական դաշտից եկող պատմությունները Միքայելի մասին։ Մայրը նույնպես նշում է էլեկտրականության նկատմամբ տղայի հետարքրությունների մասին.

– Առանձնանում էր ու խնդրում էր, որ իրեն չխանգարենք, մենք վախենում էինք՝ հանկարծ մի բան չպատահի։ Ասում էր՝ այնպիսի բան եմ սարքելու, որ բոլորը զարմանան: Այդպես էլ մնացին իրենց տեղում գործիքներն ու ամեն ինչ, իսկ մենք չիմացանք ինչ էր ուզում սարքել, – պատմում է մայրը։

Միքայելը կրթությունը շարունակել է Էջմիածնի արհեստագործական ուսումնարանում։ Նա օգնում էր հորն աշխատանքում։ Պատմում են, որ հասուն մտածողություն ուներ և ցանկանում էր հնարավորինս թեթևացնել ծնողների հոգսը։ Նրա մասին պատմելիս ընտանիքի անդամներն առանձնացնում են նաև նրա հումորի զգացումը, ընկերասիրությունն ու ծնողների նկատմամբ տածած սերը։

Միքայելը 2019 թվականի հուլիսի 18-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ծառայության ընթացքում դրսևորած բարձր կարգապահության և լավ որակների համար տղային ուղարկել են սերժանտական դասերի։ Սակայն կորոնավիրուսային համաճարակի հետևանքով դասերին մասնակցել չի կարողացել։ Բայց ընկերների խոսքով կատարում էր սերժանտի որոշակի գործառույթներ։

Միքայելի առաջին մարտական հերթապահության դիրքապահ-ընկեր Կարեն Սարուխանյանը պատմում է նրա քաջության մասին։ Նշում է, որ դիրքում ուշադիր էր բոլոր դետալներին։

Տուն զանգելիս միշտ ուրախ էր լինում, հիշում է մայրը՝ ավելացնելով, որ Միքոն նաև պատմում էր, թե ինչպես էր մյուս զինվորների հետ հասցրել ընկերանալ, ասում էր՝ կարծես եղբայրներս լինեն։ Ամրաշինական աշխատանքների մասին էլ էր պատմում, հորն ասում էր, թե ինչպես է շինարարական իր հմտությունները կիրառում դիրքերն ավելի ապահով դարձնելու համար։

Միքայելի առաջին մարտական հերթապահությունից մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը նրանց ստորաբաժանումը կրկին բարձրացել է դիրքեր։

44-օրյա պատերազմի մեկնարկի ժամանակ եղել է Ակնայի շրջանում։ Մարտական ընկերները պատմում են նրա դրսևորած քաջության ու պատրաստակամության  մասին: Պատերազմի ընթացքում նրա դրսևորած սխրանքների օրինակներին կարելի է հանդիպել նրա մասին պատմող «Միքայել. Կյանքս՝ հայրենիքին, հոգիս՝ Աստծուն» գրքում։ Այդտեղ տեղ են գտել նաև մի շարք հուշագրություններ ընկերների կողմից:

Ընկերներից Արթուր Ալոյանն իր հուշագրության մեջ նշում է.

«Հենց որ կրակոց էր լսվում, իսկույն վեր էր թռչում և ձեռքն առնում գնդացիրը: Միքոն իր վրա միշտ նռնակներ էր կրում: Մեզ էլ էր խորհուրդ տալիս.

– Շատ մոտ ենք, ախպերս, ու քչով ենք: Ես չեմ վախենում, կկռվեմ մինչև վերջին փամփուշտս, թույլ չեմ տա ինձ գերի վերցնեն, կքաշեմ կպայթեցնեմ ինձ էլ, իրենց էլ:

Մենք գիտեինք՝ նա կաներ դա: Միքոն չէր վախենում ոչնչից, նույնիսկ՝ անտանելի էդ մթից, երբ բառի բուն իմաստով ոչինչ չէր երևում»:

Կամավորականներից Հովհաննես Միքայելյանն էլ պատմում է, որ թեև քիչ է ճանաչել Միքայելին, բայց առաջին իսկ պահից տեսել է տղայի վճռականությունն ու հայրենասիրությունը։ Դիրքերում, պատերազմի սկսելուց մի քանի օր առաջ, հենց ծանոթանալու ժամանակ Միքայելը նրանց նռնակներ է բաժանել, ասելով՝ եթե հանկարծ գերի ընկնելու լինեն՝ պետք կգա:

Այս օրերին ևս Միքայելը տուն էր զանգում, ու ասում, որ ինքը լավ է, սիրտ էր տալիս ծնողներին ասելով՝ պապ ջան, պատերազմը զոհեր է պահանջում, ինչ որ լինելու է, ուրեմն այդպես է պետք:

– Հայրենասեր էր, նպատակասլաց, թուրքից չէր վախենում։ Մշտապես խոսում էր ընտանիքի մասին, ընկերների մասին, հայրենիքի ու հայի տեսակի մասին,- պատմում է ընկերներից Հովհաննեսը։

Այդ օրերին Միքայելի ստորաբաժանումը տեղափոխել է Հադրութի ուղղությամբ, որտեղ էլ հոկտեմբերի 11-ին զոհվել է։ Մահվան մանրամասները հստակ չեն։ Ընկերներից մեկը Միքայելի հետ կապը կորցրել է իրենց ուղղությամբ հրետանային հարվածների ժամանակ։ Մյուսն էլ ծնողներին պատմել է, որ Միքոն համարձակություն է ունեցել տրված հանձնարարությունը մինչև վերջ կատարելու, որի ընթացքում էլ զոհվել է։ Ծնողներին են հասել նաև Միքայելի անձնազոհության մասին պատմությունները: Ասել է՝ ես ախպեր ունեմ, մերոնք կմխիթարվեն, իսկ Դուք թաք եք, Դուք պետք է գնաք տուն։ Իսկ նրա զոհվելուց 3 տարի հետո՝ 2023 թվականի հունվարի 4-ին ծնվում է Միքայելի կրտսեր եղբայրը՝ Միքայել Կորյունի Հարությունյանը։

Տղայի մասին հուշագրություններում ընկերներից Համլետ Համբարձումյանը նշում է.

«Միքոյին ճանաչելով՝ տեսա իսկական հայրենասեր հայ զինվորի, որն առանց տատանվելու բոլորիցս շուտ էր ձեռքն առնում իր գնդացիրը: Գնդացրորդ էր Միքոն, շատ խիզախ էր ու հոգատար ընկերների նկատմամբ»։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհաննիսյան