Անմահ հերոս Շավարշ Մուրադյան

Շավարշ Մարտունի Մուրադյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 18-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

2003 թվականին ընդունվել և 2011 թվականին գերազանցությամբ ավարտել է  Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանը։ 2011 թվականից ուսումը շարունակել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

«Մանուկ հասակում եղել է շատ խելացի, մարդամոտ, վերջին կոնֆետը կիսել բակի երեխաների հետ։ Երկու եղբայր էին` ինքը ավագն էր, չորս ու կես տարով մեծ էր եղբորից, աշխարհի չափ էր սիրում եղբորը։ Երբ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի  դեպքերը եղան ինքը ընդամենը չորս տարեկան էր, հեռուստացույցի առջև ես ու մայրս սգում էինք, Շավարշը մեզ հետ լուռ արտասվում էր։ Զարմանալին այն էր, որ տղաս Վազգեն Սարգսյանին ասում էր քեռի, և ասում էր իրեն շատ եմ սիրում։ Նաև շատ մտերիմ էր Կոմանդոսի` Արկադիր Տեր- Թադևոսյանի հետ, իրենց տան այգու մոտ էին միշտ հանդիպում, միասին շատ նկարներ ունեն»,- պատմում է մայրը։

2013 թվականին Շավարշը մասնակցել է «Ֆլեքս» միջազգային ծրագրին և մեկ տարի ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Վերնոնիա քաղաքի ավագ դպրոցում և ճանաչվել է տարվա լավագույն աշակերտ՝  դպրոցի տնօրենի կողմից պարգևատրվելով  մեդալով։

2014 թվականին վերադարձել է Կապան և ուսումը շարունակել է Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում՝ 2015 թվականին ավարտելով այն գերազանցությամբ,  2014 թվականին արժանացել է ձմեռային պարահանդեսի թագավոր տիտղոսի։ Նույն տարում ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան։ 2014-2016 թվականներին ակտիվորեն զբաղվել է կամավորական աշխատանքներով։

«Արտակարգ երեխա էր, բացարձակ գերազանց սովորում էր, գերակտիվ աշակերտ էր, ցանկացած բնույթի միջոցառումների իր մասնակցությունն էր ունենում, հիանալի ասմունքում էր։ Ամենամեծ հաջողությունները նա ունեցել է մասնակցելով Անգլերեն «Syuniq Spelling Bee» քաղաքային  մարզային մրցույթներին` զբաղեցնելով առաջին հորիզոնականը։         Սկզբնական շրջանում որոշել էր, որ սովորելու է իրավագիտություն` հետո փոշմանեց ու ընդունվեց Ամերիկյան համալսարան։Իհարկե չհասցրեց սովորել անմիջապես հետո մեկնեց պարտադիր զինվորական ծառայության» ,-պատմում է մայրը` տիկին Անահիտը։

2015 թվականի ամռանը զորակոչվել է Հայկական բանակ և ծառայել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում՝ (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) որպես գնդացրորդ։ Մի քանի ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Շուրջ երեք օր ընտանիքի անդամները լուր չեն ունեցել զինվոր որդուց, ակտիվ մասնակցություն է ունեցել  պատերազմական գործողություններին՝ հազիվ փրկվելով մահից։

«Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով է  վերադարձել տուն։

2017 թվականին՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո` ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վերջին կուրսում է եղել, երբ սկսվել է «44- օրյա»  պատերազմը։  Հետագայում Ամերիկյան համալսարանում Շավարշի անունով ստեղծվել է կրթաթոշակ։ Դասախոսները հերոսին անվանել են «Ամերիկյան համալսարանի արև»։ Ուսմանը զուգընթաց ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել։

2019 թվականի փետրվարի 9-ին անդամագրվում է «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական կազմակերպությանը։ 2018 թվականի նոյեմբերի 17-ին անդամագրվում է «Կազակներ խաղաղարարներ» միջազգային միությանը։ Կարճ ժամանակ անց խորհրդի որոշմամբ նշանակվում է  երիտասարդների գործով բաժնի պետ` արժանանալով Կազակական կապիտանի կոչման։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ծավալած հայ-ադրբեջանական պատերազմում Շավարշը կամավոր հիմունքներով «Արծիվ-30 Արարատ» ՌՀՀԿ մահապարտների ջոկատով մեկնել է Մարտակետ՝(այժմ  օկուպացված է Ադրբեջանի կողմից) այն նույն վայրը, որտեղ անցկացրել էր պարտադիր զինվորական ծառայությունը։                  Այդ նույն ժամանակահատվածում ժամկետային զինծառայության մեջ է եղել Շավարշի կրտսեր եղբայրը։

«Պատերազմի սկսվելուց ամիսներ առաջ Շավարշը միշտ ասում էր, որ պատերազմ է սկսվելու, անընդհատ մտախոհ էր, շատ էր մտածում։ Մշտապես խոսում էր տարբեր քազաքական գործիչների հետ և՛ արտասահմանի, և՛ այստեղի։ Եվ ինքը ինչ ասում էր կատարվեց, ասում էր` չեմ ուզում եղբայրս պատերազմի միջով անցնի, սա լինելու է դարի պատերազմը։ Հիանալի  քաղաքական վերլուծություններ էր կատարում, ապրում էր իր հայրենիքի հոգսերով»,-  ասում է մայրը։

Շավարշի սերը դեպի հայրենիք փոխանցվել է հորից` ազատամարտիկ Մարտուն Մուրադյանից, նա մասնակցել է Արցախյան երեք  պատերազմերին։ 1988 թվականի Արցախյան շարժման ժամանակ Շավարշի հայրը եղել է Կապան քաղաքի առաջին մարտիկներից` «Մեծն Նժդեհ» կազմակերպության և Բաղաբերդ շտաբի հիմնադիրներից։ Մարտական ընկերոջ` Սեյրան Բաղդասարյանի մահից հետո, նշանակվել է Բաղաբերդ ջոկատի հրամանատար, այն միավորվել է «Մեծն Նժդեհ» կազմակերպությանը և եղել է ընդհանուր հրամանատար։    Որդիների հետ գրեթե ամեն շաբաթ հաճախել է Կապանի եղբայրական հուշահամալիր, մանկուց նրանց դաստիարակելով  ռազմահայրենասիրական ոգով։

«Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական կազմակերպության հրամանատար Եփրեմ Մարգարյանի խոսքով` Շավարշը իր ապագայի տեսլականը պատկերացրել է լռիվ ազատ Հայաստանում և հենց դրա համար էլ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իր առաքելություններից մեկը համարելով երիտասարդ տարիքում դառնալու ապագայի մեծ դիվանագետը, որպեսզի ամբողջ աշխարհին զգացնել տա, թե ով է հայը և ինչ է Հայաստանը իրենից ներկայացնում: Շատ կարճ ժամանակահատվածում նա ընդգրկվեց մեր ջոկատում ու իր բանիմացության, նպատակասլացության շնորհիվ դարձավ կարևոր գործառույթների մասնակից, երիտասարդության շրջանակներում հիմնականում նա էր պրոպագանդում հայրենիք հասկացողությունը և պատերազմի մեկնարկից հետո առաջիններից էր, որ կամավոր հիմունքներով մեզ` փորձառուներիս  հետ մեկնեց ռազմաճակատ։ 2020 թ.-ի սեպտեմբերի 29-ին մի չարաբաստիկ արկ ընկավ մեր մեջ, վիրավորվեցի ես, Սուքիասյան Ավետը` իր ամենամտերիմ ընկերը և այլ զինակից տղաներ։ Շավարշը մահացու  բեկորային վնասվածք ստացավ, բեկորը կպել էր հենց սրտին։ Նա ընկավ այն դիրքում, որ դիրքում որ անցել էր ամբող քառօրյա պատերազմը։ Ինքը հավատացած էր, որ այս պատերազմը հաղթելու ենք ու ասում էր երևի թե սա լինի մեր վերջին կռիվը։

Շավարշ Մուրադյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի սկզբից 2 օր անց։ Մահապարտների 8 հոգանոց խմբի հետ իր կողմից մղված մեկուկես ժամանոց մարտի վերջում Շավարշը զոհվել է, մյուս յոթը՝ վիրավորվել։

Պատերազմի օրերին «44-ի տղերքը» գրքի հեղինակ Դավիթ Թորոսյանը այցելել էր Շավարշենց ջոկատին և լուսանկարել տղաներին, հետագայում այդ լուսանկարները Շավարշի հայրը` Մարտուն Մուրադյանը, տեսել է համացանցով։

Հերոսի աճյունը հանգչում է Կապանի եղբայրական գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով, ինչպես նաև  «Մարշալ Բաղրամյան», «Աղբյուր Սերոբ», «ՀԱԲ-30» և «Արծիվ-30 Արարատ» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան