Անմահ հերոս Արտակ Սուքիասյան

Արտակ Արմենի Սուքիասյանը ծնվել է 2001թ-ի ապրիլի 4-ին` Լոռու մարզի Արևածագ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։

Փոքր տարիքից եղել է շատ աշխատասեր, գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել։ Էությամբ եղել է շատ ուրախ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո 2019թ-ի հուլիսի 7-ին  զորակոչվել է բանակ։

Սիրված ու հարգված է եղել բոլորի կողմից, մանկահասակ երեխայից մինչև մեծահասակ մարդու հետ ընկերություն է արել։ Բոլոր առումներով եղել է գերակտիվ` բացառությամբ սովորելուց։

-Դպրոցի տնօրենը միշտ զանգում էր, բողոքում, որ դասի չի հաճախում հայրը մինչև տանում էր դասի հետ էր գալիս, ինքը արդեն տանն էր լինում։ Չէինք կարողանում դպրոցում նստացնեինք։ Միայն մաթեմատիկա  առարկան էր սիրում ու սովորում,- պատմում է մայրը։

Բանակ զորակոչվելուց առաջ եղել է շատ ոգևորված, մշտապես տանեցիներին ասել է, որ ցանկանում է ծառայել  Մատաղիսում։ Եղբայրը այդ ժամանակ ծառայել է Հադրութում (օկուպացված է Ադրբեջանի կողմից) տանեցիների հորդորներին, որ գնա եղբոր մոտ ծառայի, քանի որ եղել է այդիպիսի իրավունք, չի լսել։ Ուրախ-ուրախ զանգահարել է տուն և հայտնել, որ ընկել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան` Մատաղիս (օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Մինչև օրս էլ մայրը չի հավատում, որ Արտակը պատահականության սկզբմունքով է ընկել Մատաղիս, ավելի քան վստահ է, որ կամավոր հիմունքներով է մեկնել։

Ոչ մի անգամ չի դժգոհել իր ծառայությունից։ Վեց ամիսը լրանալուց հետո ընտանիքի անդամները ցանկացել են գնալ տեսակցության, սակայն Արտակը չի թողել, ասելով՝ բարձրանում է դիրքեր, որ հազիվ է համոզել հրամանատարությանը, որպեսզի իրեն թույլ տան դիրքերում շարունակի ծառայությունը։

Զինվորական մասնագիտությամբ եղել է հետախույզ, իր ֆիզիկական կարողությունների շնորհիվ իրեն տեղափոխել են հետախուզական վաշտ։

Մոր խոսքով` երբեք չի դժգոհել դիրքերի պայմաններից այլ իր հնարամտության շնորհիվ լողանալու պայմաններ է ստեղծել։ Հետագայում այդ դիրքը անվանակոչել են Արտակի անունով։ Ամանորի նախօրեին ուտելիքներ է ուզել, որպեսզի այնտեղ նշեն, անգամ տոնածառի լույսեր է ուզել։

Պատերազմի օրերին Թալիշից տեղափոխվել է Մատաղիս, գրեթե ամեն օր զանգահարել է տուն, վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է զանգահարել այն էլ չորս անգամ, ասել է՝ եթե  չզանգեմ՝ չանհանգստանաք, կապերի հետ է կապված խնդիրը։ Մի օր էլ ուրախ-ուրախ զանգել է հարցնելու՝  իր նկարը տեսե՞լ են, թե՞ ոչ։ Պատերազմի օրերին «44-ի տղերքը» գրքի հեղինակ Դավիթ Թորոսյանն է լուսանկարել Արտակին: Ծնողները Արտակի զանգից առաջ համացանցում արդեն տեսել են լուսանկարները։

Ծառայակից ընկերներից Հովհաննեսը հիշում է, որ Արտակը բոլորի հանդեպ եղել է չափազանց հոգատար, ցանկացած իրավիճակում մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել ընկերներին։ Աչքի է ընկել լավագույն որակներով` թե՛ ֆիզպատրաստությամբ, թե՛ կարգապահությամբ, ամեն ինչով։ Պատերազմի օրերին եղել են հակառակ ուղղություններում։

Արտակ Սուքիասյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին` Եղնիկների դիրքերում, մահից առաջ ընկերոջը պատվիրել է բակային տաղավար կառուցել, հավաքվել ու միշտ  հիշել իրեն։

Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

 Մանե Մանուկյան