Անմահ հերոս Լևոն Դանիելյան

«Բնականաբար այստեղ դժվար կլինի,  որովհետև սա Հայոց Բանակն է, և այստեղ դու պետք է ուժեղ լինես...»

Լևոն Գրիգորի Դանիելյանը ծնվել է 2001թ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում։ Շիկահեր, փայլող աչքերով գեղեցիկ մանուկն ընտանիքի շատ սպասված, սիրված արու զավակն էր երկու քույրերից հետո։ Ծնողների հետ շատ մտերիմ է եղել, օգնել է ընտանիքի անդամներին ցանկացած հարցով, շատ կապված է եղել քույրերի, ինչպես նաև տատիկի և պապիկի հետ։

«Իմ և Լևոնի տարիքային տարբերությունը 6 տարի է, և ես իրեն առանձնահատուկ սիրով էի սիրում։ Մանկապարտեզից մինչ համալսարան ես միշտ իր կողքին էի։ Ինքը մեր համար լույս էր, բոլորս տարված էինք իրենով»,- պատմում է քույրը՝ Նորան։

Լևոնը մանկուց աչքի է ընկել իր զուսպ պահվածքով՝ հավասարակշռված, շատ խոհուն, խելացի և ընկերասեր է եղել։

2007 թվականին ընդունվել է Տաթևի միջնակարգ դպրոց, սովորել է լավ առաջադիմությամբ։ Դպրոցում ևս Լևոնին միշտ գովաբանել են, շատերի համար օրինակ է եղել: Բարձր դասարաններում եղել է աշակերտական կոմիտեի նախագահը։

Սրտում ամենամեծ տեղն ունեին ընտանիքի անդամներն ու ընկերները։ Շատ էր սիրում իր ընկերներին:

«Շատ սիրված էր բոլորի կողմից, դասընկերների ուրախությունն էր, այժմ էլ ընկերներն ասում են, որ տանել չէին կարողանում այն օրերը, երբ Լևոնը դասի չէր գնում։ Իրենք դպրոցից դուրս էլ շատ մտերիմ ընկերներ էին, միասին ֆուտբոլ էին խաղում, իրենց օրը հետաքրքիր դարձնելու համար ճամբարներ, երեկոյան պարեր և այլ հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպում»,- հիշում է քույրը։

Լևոնը պատանի երկրապահ էր։ Ուսուցիչները ևս շատ էին սիրում իրեն, միշտ օրինակ էին բերում իր պապիկին, ով երկարամյա մանկավարժ է եղել, տնօրեն է աշխատել նույն դպրոցում, ուսուցիչները միշտ ասում էին Լևոնին, որ այնպես պետք է անի, որ պապիկը միշտ հպարտ լինի իրենով։ Եվ այդպես էլ կար՝ նա իր ընտանիքի  հպարտությունն էր։

«Ես և Լևոնը մանկության ընկերներ ենք եղել, օրն սկսում էինք իրար հետ, ավարտում ուշ երեկոյան՝ կրկին իրար հետ։ Նա բնավորությամբ և էությամբ շատ հանգիստ տղա էր, նպատակասլաց էր։ Կենդանության օրոք ի կատար էր ածել նպատակներից մի քանիսը։ Շատ ընկերասեր էր և շատ ուժեղ կամքի ուժ ուներ, որով տարբերվում էր մնացածից։ Իր խոսքը գործ էր, չէր սիրում շատ խոսել, սիրում էր գործով ապացուցել։ Նաև ինքնափոփ էր Լևոնը, թախիծն ու հուզմունքը պահում էր ներսում»,-պատմում է մանկության ընկերը՝ Հայկը։

Սիրում էր մաթեմատիկան, և որոշել էր կրթությունը շարունակել տնտեսագիտական բաժնում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Տնտեսագիտության բաժինը, որտեղ հասցրեց սովորել ընդամենը մեկ կիսամյակ։

Լևոնի դասընկերներից Մարիաննան ևս, չի կարողանում պատկերացնել, որ նա այլևս չկա. «Լևոնը շատ  բարի, ազնիվ ու խելացի տղա էր: Միշտ Լևոնի մասին խոսելիս չեմ կարողանում անցյալով խոսել, որովհետև չեմ համակերպվում իր չլինելուն: Լևոնը միշտ աչքի է ընկել իր պարտաճանաչությամբ, պատրաստակամությամբ, չի սիրել ուշանալ: Մենք միասին ենք մեծացել, մի բակում ենք խաղացել, մանկապարտեզ, դպրոց իրար հետ ենք գնացել: Լևոնն այնքան բարի ու ազնիվ մարդ էր, որ դժվար թե իրեն ճանաչող որևէ մեկը կարողանա իր մասին վատ բան խոսել, այնքան լավն էր, որ և´ մեծերը, և´ փոքրերը Լևոնին սիրում  և հարգում էին»։

Լևոնը շատ էր սպասում  իր ծառայությանը, նույնիսկ դեկտեմբերին, երբ դեռ իր անունը ցուցակում չէր եղել, զանգել էր զինկոմիսարիատ, հարցրել, թե ինչու՞ չկա իր անունը, պատասխանողը հաճելիորեն զարմացել էր, որ նման զինվոր պիտի զորակոչվի Հայոց բանակ,  խնդրել էր՝ հնարավորության դեպքում 2020 թվականի առաջին զորակոչով գնա, ստուգման ժամանակ իրեն ասել են՝ ուսանող ես, կարող ես մնալ, քնություններդ հանձնես, նոր գնաս, սակայն Լևոնը ասել է, որ խնդիր չունի, համալսարանն իրեն կընդառաջի։

2020 թվականի հունվարի 8-ին Լևոն Դանիելյանը զորակոչվել է Հայոց բանակ։ Նախնական ծառայությունը 6 ամիս անցկացրել է Գյումրիում, վարժ տիրապետում էր «Ֆագոտ» հակատանկային համակարգին, այնտեղ լավ և օրինակելի ծառայության համար արժանացել է 2 կրծքանշանների։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում, այնուհետև տեղափոխվել Արցախ՝ Հադրութի  զորամաս։

«Հենց առաջին օրից Լևոնը զորամասում աչքի է ընկել իր բարեխիղճ և պատասխանատու ծառայությամբ, քննություն է հանձնել, դարձել է կարանտինի սերժանտ, հրամանատարը իրեն մեկ ամսով ուղարկել է Մարտունի՝ նորակոչիկներին դիմավորելու։ Այնուհետև հիմանական ծառայությունը անցկացրել է 5-րդ գումարտակում, եղել «ֆագոտ» հակատանկային համակարգի հաշվարկի հրամանատար»,- պատմում է քույրը՝ Նորան։

Զորակոչվելուց 7 օր անց, դժբախտաբար, հանկարծամահ է եղել զինվորի հայրը, ընտանիքի անդամները Լևոնին վերջին անգամ տեսել են հենց այդ ժամանակ։

«Հորս մահից հետո Լևոնն ավելի հասուն դարձավ, ես տեսնում էի, որ շատ մտահոգ էր, բայց միշտ ասում էի, որ կգաս, ամեն ինչ լավ կլինի, դու ծառայությանդ հետևիր»,- պատմում է քույրը։

Լևոնի համար Հայոց բանակը բարձրագույն արժեք էր։ Շատ կարգապահ էր, զգացմունքային, եթե ինչ որ մեկին սխալ վերաբերվեին, նա անպայման խառնվելու էր, նույնն արել է նաև զորամասում. ով պաշտպանության կարիք ուներ, Լևոնը նրա կողքին էր։

Դասընկերներից Գառնիկը պատմում է, որ մտերիմ են եղել Լևոնի հետ, դպրոցից դուրս ևս շփվում էին, փորձում էին իրենց ընկերությունն ամրապնդել նաև դպրոցից հետո, սակայն կյանքի դժվարությունները հաղթահարելու համար ստիպված էին ժամանակ առ ժամանակ չհանդիպել միմյանց հետ։

Երբ Լևոնի քույրը հարցնում էր նրան, արդյո՞ք սիրած աղջիկ ունի, թե ոչ, աչքերը փայլում էր, սակայն չէր պատասխանում։

Մարտական ընկերներից Սամվելը, խոսելով Լևոնի մասին, ասում է․ «Մեծ ու բարի սիրտ ուներ Լևոնը, մաքուր երեխայի պես, շատ մեծ խիղճ ուներ, նույնիսկ թուրքերին էր խղճում, շատ եմ սիրել իր մարդ տեսակը»։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան ուշ ժամի Լևոնը զանգել է տուն և ասել, որ մի քիչ վատ է վիճակը, սակայն չպետք է անհանգստանալ։

«Լուրեր կային, որ պատերազմ է, ողջ գիշեր չենք քնել, առավոտյան 7-ից բոլորիս կյանքը մի վարկյանում փոխվեց։ Լևոնը Հադրութում էր ծառայում։ Անընդհատ զանգում էինք, վերջապես պատասխանեց, շատ արագ ասեց՝ հա ճիշտ է, կզանգեմ, ու լսվեց պայթյունների ձայները»,- հիշում է քույրը։

Հոկտեմբերի 4-ին զանգել է տուն և ասել, որ մի քիչ հանգիստ է վիճակը այժմ, հետո ծիծաղելով ավելացրել է՝ գիտե՞ք քանի անգամ է մահը կողքովս անցել, ոչինչ էլ չի պատահի։ Դուք հանկարծ չտխրեք։

«Մեկ ամիս Հադրութում պայքարելուց հետո, ետ են քաշվել Մարտունի: Ասել, թե այդ փաստից նեղված էր, քիչ կլինի, չէր համակերպվում, ասում էր՝ ո՞նց ախր, էդ հողի համար հարյուրավոր զոհեր ենք ունեցել…

Օրեր շարունակ եղել են Մարտունիում, հետո իրենց տեղափոխել են Ասկերան, Լևոնին պարգևատրել են այնտեղ Մարտական հերթապահության մեդալով, ինչը, ցավոք, 3,5 տարի անց դեռ մեզ չի հասել»,-պատմում է քույրը։

Նոյեմբերի 5-ին վաղ առավոտյան Շուշիում սկսվել են անհամաչափ մարտեր թշնամու դեմ, զինվորները օրվա ընթացքում հասկացել են, որ թշնամին ներսում է։

Նոյեմբերի 6-ին զինվորներն ընկել են շրջափակման մեջ, Լևոնը վիրավորվել է ականի պայթունից, վիրակապված է եղել։ Վերջին երկու զանգերով քրոջ հետ է խոսել, ասել է՝ վիրավոր եմ, տանը չասես, ամեն ինչ լավ կլինի։

Ծանր ու դժվար օրերին անգամ, Լևոնը հասցրել է խոսել բոլոր բարեկամների հետ։

«Եղբայրս բանակում էր,երբ ծնվեց աղջիկս, միշտ ասում էր՝ նենց արա ձայնը լսեմ, բլբլա, մի քիչ ուժ ստանամ։ Վերջին զանգը եղել է նոյեմբերի 7-ին, առավոտյան շատ կարճ խոսել ենք, ասել է՝ լավ եմ, հետո շատ կամաց ասեց՝ քուր, շրջափակման մեջ ենք, օգնության ենք սպասում, մի վարկյան լռեց, ես չէի հասկանում պահի լրջությունը, հետո ասեց՝ ձեզ լավ նայեք, կզանգեմ ու առանց իմ պատասխանը լսելու միանգամից անջատեց»,-պատմում է քույրը։

Լևոնը կյանքի վերջին օրերին թեժ մարտերի մեջ է եղել Շուշիում։ Մարտական ընկերների հետ ծանր, լուրջ մարտեր են վարել, ոչնչացրել թշնամու մեծ քանակի զինտեխնիկա և մարդուժ։

Լևոն Դանիելյանի մահվան լուրը ընատնիքին հայտնի է դարձել նոյեմբերի 17-ին, մինչ այդ հույսով են եղել, որ Լևոնը ողջ է։ Շուրջ տասը օր փնտրել են Լևոնին, սակայն ապարդյուն…

Տաթևի դպրոցում դասասենյակ է անվանակոչվել Լևոնի և համագյուղացու՝ զոհված Հարութի Մուրադյանի անունով։ Տաթևի բնակիչ Արման Յազուլյանը խաչքար է կանգեցրել գյուղի դպրոցի բակում՝ ի պատիվ երկու հերոսների։

Լևոնը Դանիելյանը հուղարկավորված է հայրենի Տաթևում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Ելենա Հովհաննիսյան