Անմահ հերոս Արամ Սիմոնյան

Արամ Սեյրանի Սիմոնյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին՝ Շիրակի մարզի Արևիկ համայնքում։ 2007 թվականին ընդունվել է նույն համայնքի միջնակարգ դպրոց։ Մի քանի տարի սովորելուց հետո, ընտանիքը տեղափոխվել է Գյումրի՝ մշտական բնակության։ Արամը չորրորդ դասարանից ուսումը շարունակել է Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26 ավագ դպրոցում, զուգահեռ սովորել է Արևիկի երաժշտական դպրոցի շեփորի բաժնում։

«Արամը անընդհատ շտապում էր, տպավորություն էր, որ ինչ-որ բան չի հասցնելու անել։ Երբ եկանք Գյումրի, սկսեց հաճախել Գյումրու «Անի» փողային նվագախումբ, նաև լողի էր հաճախում, ֆուտբոլի, պարի, չէր սիրում ազատ մնալ, յուրաքանչյուր խմբակ իր ցանկությամբ է հաճախել»,- պատմում է մայրը՝ Արմենուհին։

Արամի շրջապատում շատ էին իրենից տարիքով մեծ տղաները, օրվա ընթացքում շատ էր ժամանակ անցկացնում ընկերների հետ, ամեն հարցով օգնում էր նրանց։

Մոր խոսքով՝ Արամը շատ հոգատար էր և խաղաղասեր, երբ բակում տեսնում էր կռիվ էին անում, անմիջապես գնում և փորձում էր հաշտեցնել: Երազկոտ աչքերով տղան շատ է սիրել հետևել աստղազարդ երկնքին։

«Մի անգամ կատակով ասաց՝ մամ, ինչ ուզել արել եմ, մնացել է միայն, որ  բարձրանամ դիմացի շենքի տանիքին ու աստղերին նայեմ: Ես խոսքերին լուրջ չվերաբերեցի, բայց վերջերս տեսա Արամի նկարը, որտեղ նա գիշերը բարձրացել է այդ տանիք և ընկերոջը խնդրել, որ նկարի իրեն։ Ընդանրապես բարձրություն շատ էր սիրում»,- պատմում է մայրը։

Դպրոցի ավարտական տարիներին, երբ արդեն Սիմոնյանը պետք է որոշեր, թե որտեղ է դիմելու, անընդհատ փոփոխական մտքեր էր ունենում։ Մայրն ասում է, որ սկզբնական շրջանում ցանկացել է ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, պարապել է մի քանի ամիս, բայց հետո ասել է, որ փոշմանել է ու ցանկանում է արտերկրում սովորել, մայրն ասում է, որ դժվարությամբ է համաձայնվել տղայի այդ որոշմանը, որ իրենցից հեռու պետք է լինի որոշ ժամանակ, սակայն, բայց, այնուամենայնիվ, նրա որոշմանը չեն խանգարել: 3 ամիս պարապելուց հետո, Արամն ասել է, որ այդ ծրագրից էլ է հիասթափվել ու ցանկանում է Երևանի պետական համալսարան դիմել՝ կիրառական մաթեմատիկա բաժին, սակայն բալերի տարբերությամբ ընդունվել է Շիրակի պետական համալսարան։

«Բանակ զորակոչվելուց առաջ շատ ցրված էր դարձել Արամը, ամեն ինչին մակերեսային էր վերաբերում, երբ գնացինք ԵՊՀ քննությունների համար, նայեց համալսարանի շենքին, ասաց՝ «մամ, ես զգում եմ, որ էստեղ չեմ սովորելու, ուսանող չեմ դառնալու»,- պատմում է մայրը։

Արամը զորակոչվել է բանակ 2019 թվականի հուլիսի 8-ին։ 6 ամիս ծառայել է Երևանի ուսումնական զորամասերից մեկում, որից հետո՝ որպես կրտսեր սերժանտ, ծառայությունը շարունակել է Իջևանի զորամասում, եղել է  հրետանու Դ-30 մարտկոցի կապի ջոկի հրամանատար։

Արամը մասնակցել է 2020 թվականի հուլիսյան մարտերին, մայրն ասում է, որ շատ ոգևորված էր, որ մենք հաղթել ենք։

«Արամի հետ մոտ ենք եղել, երկուսով նույն համալսարանի նույն բաժինն ենք ընդունվել, ծառայության ընթացքում պլանավորում էինք, թե ինչպես ենք անցկացնելու մեր համալսարանական կյանքը։ Բնավորության շատ լավ գծեր ուներ Արամը, ամենաշատը, որ սիրել եմ իր մեջ այն էր, որ գիտեր ամեն տեղ իրեն ինչպես պետք է դրսևորի»,-պատմում է ընկերը՝ Գառնիկը։

 «Իր սենյակում Արամը Հայաստանի քարտեզն էր փակցրել, մի անգամ զանգեց ասեց՝ մամ, որ մեզ հրաման տան, էդ քարտեզը 3 անգամ կմեծացնենք: Տղայիս երազանքը, սակայն ոչ միայն անկատար մնաց, այլև հակառակը եղավ՝ քարտեզը սկսեց քիչ-քիչ փոքրանալ»,- պատմում է մայրը։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արամի հարազատներն իմացել են, որ սկսվել է քառասունչորսօրյա պատերազմը, բայց տղան ընտանիքին հանգստացրել է ասելով, որ իրենք պատերազմի գոտում չեն, ամեն օր զանգել է տանեցիներին, շատ հանգիստ խոսել է, ընկերներից է հարցրել։

Արամ Սիմոնյանը պատերազմի թեժ օրերին կռվել է Մատաղիսում (օկուպացված է Ադրբեջանի կողմից):

«Շատ ոգևորված էր, ասում էր՝ հաստատ հաղթելու ենք, բայց օր օրի զգում էի, որ տրամադրությունն ընկնում է, զինակից ընկերներից շատերին կորցրել էր։ Մի օր ասաց՝ «մամ, շորերս վատ վիճակի են»,  ասեցի՝ մի մտածի, թող էս պատերազմն անցնի, ամեն ինչ լավ կլինի։ Ասում էր՝ «մամ, էսօր էնքան ենք խփել դրանց, բայց, որ մտածում եմ իրենք էլ քույր ունեն, մայր  ունեն շատ եմ նեղվում»: Արամը շատ էր հեռախոսով խոսում, մանավանդ այդ օրերին, զանգում էր ընկերներին, հարազատներին, որ հանգիստ լինեին և այդ պատճառով հրամանատարը հեռախոսը վերցրել էր, ես էլ անընդհատ մյուս զինվորներին էի զանգում, որ գոնե կարողանամ խոսել իր հետ, մի օր էլ ասացի՝ Արամ ջան, հրամանատարիդ խնդրի, ասա հեռախոսդ տա, որ կարողանամ քեզ զանգել, ասաց՝ մամ, ինչ կխոսաս, ոչ հրամանատարը կա, ոչ էլ հեռախոսս»,-հիշում է մայրը։

Արամը վերջին անգամ մոր հետ խոսել է հոկտեմբերի 27-ին, մայրն ասել է, թե հնարավոր է, որ հրադադար լինի, Արամն էլ ասել է՝ «պետք չէ, արդեն շատ ուշ է, թող իրենց պահեն հրադադարը»։

Հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ի հարվածից Արամի հրամանատարը ոտքերը կորցրել է, գիտակցելով, որ հաջորդ հարվածը իրենց վրա կլինի, Արամն իր զինակից ընկերների հետ փորձել է փրկել հրամանատարի կյանքը և անմահացել է, հենց նույն գիշերը։

Արամը հուղարկավորված է հայրենի գյուղում։  Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ելենա Հովհաննիսյան