Անմահ հերոս Մարտիրոս Մկրտչյան

Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 9-ին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում։ Դեռ մանկուց զուսպ ու խելացի երեխա է եղել:

«Շատ ամաչկոտ և չխոսկան էր, հաճախակի չէինք շփվում իրար հետ, բայց մենք միմյանց հետ շատ կապված էինք»,- պատմում է քույրը՝ Աիդան։

Սովորել է Գառնիի հիմնական դպրոցում, լավ է սովորել և ուսուցիչների հետ էլ հիանալի հարաբերության մեջ է եղել Մարտիրոսը։

Սիրել է օգնել ընկերներին, աշխատասեր է եղել, նախընտրել է ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել նվիրումը։

Հրաշալի մանկություն է ունեցել՝ քրոջ, եղբոր ու ծնողների հետ։ Կատակասեր Մարտիրոսը սիրել է ամեն ինչի մեջ լավը տեսնել։

Բազմատաղանդ տղան հաճախել է Արվեստի դպրոց, սովորել քանդակագործություն, նաև բանաստեղծություններ է գրել:

«Տարբեր թեմաներով էր ստեղծագործում Մարտիրոսը՝ հայրենիքի, պատերազմի, ընկերների, սիրո, բայց այնպիսի բաներ էր գրում, որ կարդում ու մտածում էի՝ ինչու՞ է այս թեմաներով գրել»,- ասում է քույրը։

 

«Մի օր ինչ-որ պատճառով դու մահացար,

Կայիր ու չկաս,

Մնաց սավանը, որի վրա պառկում էիր

և բաժակը մնաց սեղանին, որը

մի քանի ժամ առաջ ձեռքումդ էր…

Դու այլևս չկաս…

-Եթե մարդուն կարևոր բան ունես ասելու, ասա, քանի դեռ ուշ չէ»

Մարտիրրոս Մկրտչյան

 

Իր իսկ որոշմամբ 2014 թվականին Մարտիրոսն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն հաջողությամբ ավարտել է 2018 թվականին։

Համալսարանն ավարտելուց հետո անցել է ծառայության օկուպացված Արցախի Մատաղիսի զորամասում, բարեխիղճ ու պատասխանատու ծառայության համար հաճախակի է պարգևատրվել շնորհակալագրերով։

Մարտիրոսի մասին հիշողությունները ծանր են ոչ միայն ընտանիքի անդամների, այլև ընկերների համար, ի դեպ` երիտասարդի ընկերական շրջապատում շատ են եղել աղջիկները։

«Ես Մարտիրոսի գրածներին հանդիպեցի պատահական ու շատ հավանեցի, հետո մենք ընկերացանք, ես իրեն մի քանի ամիս եմ ճանաչել։ Շատ տարբերվող մարդ էր ինձ համար։ Տաղանդավոր, յուրահատուկ մարդ։ Շատ ընկերասեր էր, բոլորին օգնող, ճիշտ խորհուրդներ էր տալիս մշտապես։ Իր ընկերը լինելը մի ուրիշ հպարտություն էր ինձ համար։ Հիմա շատ դժվար է առանց իր ներկայության ու ճիշտ խորհուրդների, այնքան ունեմ իր կարիքը, որպես ընկեր իմ կյանքում»,- պատմում է ընկերներից մեկը՝ Աննան։

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտիրոսը և եղբայրը կռվի թեժ կետերում էին։ Երկուսն էլ վիրավորվել են, բայց Մարտիրոսի վիճակը շատ ծանր է եղել, բժիշկներն ասել են, որ եթե վիրահատեն հնարավոր է՝ չքայլի, զինվորը չի վիրահատվել և կազդուրվելուց հետո մեկնել է Մարտակերտ։

Պատերազմի ընթացքում ընկերներին կորցրած Մարտիրոսը նախընտրել է չխոսել ապրումների մասին, ընտանիքի անդամներն էլ փորձել են շատ հարցեր չտալ, որպեսզի ավելի չցավեցնեն տղային:

Կյանքի վերջին տարիները Մարտիրոսի համար ամենաերջանիկն էին. արդեն ծանոթացել էր սիրելիի հետ, պլանավորում էին նշանվել, սակայն Արցախն արդեն շրջափակված էր, ծննդավայր վերադառնալը՝ անհնար: Անընդհատ կապի մեջ է եղել ընկերների հետ, ասել է՝ գամ, ձեզ կտանեմ Գառնին ցույց կտամ։

«Մենք մեկուկես տարի ենք շփվել Մարտիրոսի հետ և այդ ընթացքում, նա հասցրել է խոսել ծնողներիս հետ։ Արցախի բլոկադայից հետո 1 տարի չենք տեսել իրար և անչափ կարոտում էինք միմյանց, սակայն ոչինչ չէինք կարող անել։ Որոշել էինք, որ, երբ վերադառնար նշանադրվելու էինք։ Մարտիրոսը անչափ բարի սիրտ ուներ, բոլորին հասնող, անթերի բնավորություն է ունեցել, ոչ թե ասում եմ որպես իր սիրած աղջիկ, այլ ասում եմ այն, ինչ կա: Նա բոլորից տարբերվում էր ինձ համար իր բնավորության գծերով։ Ամեն ինչ անում էր, որ գոնե մի փոքր ուրախացնի իր շրջապատի մարդկանց»,- պատմում է Մարտիրոսի սիրելին՝ Մոնիկան։

Մարտիրոսի ընկերներից Արմինեն նրան եղբոր պես է սիրել, վերջին անգամ Մարտիրոսի հետ 2023 թվականի սեպտեմբերին է խոսել: «Ասում էր, որ եկա, կգամ Գյումրի անպայման, կտեսնեմ քեզ, սակայն սեպտեմբերի 18-ին, երբ վերջին անգամ խոսեցի Մարտիրոսի հետ, շատ վատ վիճակում էր, ասում էր՝ հնարավոր է, որ սա մեր վերջին խոսակցությունն է, որովհետև վիճակը շատ վատ է»,- պատմում է Արմինեն:

Երբ Արցախի օկուպացումից հետո զինվորներին հանել են,  նա ևս պետք է վերադառնար հայրենիք, սակայն մնացած զինվորները հրամանտարին խնդրել են իրենց մենակ չթողնել և Մարտիրոսը չի վերադարձել, ասելով, որ զինվորներն իր կարիքն ունեն ու չի կարող նրանց թողնել։

Ընկերներից մեկն էլ պատմում է, որ չնայած բազմաթիվ դժվար իրավիճակներում է եղել Մարտիրոսը, երբևէ ոչնչից չի բողոքել։

«Մի անգամ խոսում էինք, գնում էր խանութ պաղպաղակ գնելու, ասեցի՝ ինձ էլ կհյուրասիրե՞ս, ժպտալով ասեց՝ չէ, այստեղ ամեն ինչ սուղ է՝ հատով, ամեն ինչից քիչ-քիչ է, դուք Հայաստանում ոչնչի պակաս չունեք, կարող եք գնել ու ուտել որքան կամենաք»,- հիշում է ընկերներից Լ. Մինյանը։

Երիտասարդ հրամանատարի երազանքները շատ էին, սակայն ամեն բան կիսատ մնաց։ Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։

Մարտիրոսի աճյունը հանգչում է հայրենի Գառնիում։ 

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Ելենա Հովհաննիսյան