Անմահ հերոս Մորիս Խումարյան

Մորիս Գագիկի Խումարյանը ծնվել է 2000թ․-ի օգոստոսի 3-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Նա տան առաջնեկն էր,  քույրն ու եղբայրը՝ լույս աշխարհ են եկել չորս տարի անց։ Մայրն ասում է, որ Մորիսը միշտ ուզում էր եղբայր ունենալ, որ իր տղայական խաղերը խաղա եղբոր հետ։

Հաճախել է Նոր Նորքի թ․101 մանկապարտեզ, մայրը՝ Ալինան պատմում է, որ տղան չէր սիրում ու չէր ուզում հաճախել մանկապարտեզ․ «Այդքան էլ շփվող չէր ու դժվարությամբ էր ընկերներ ընտրում, բայց  կարելի է ասել, նրանց ողջ կյանքի համար էր ընտրում»։

Մանուկ հասակից Մորիսը շատ է սիրել գրքեր կարդալ, ինչ-որ տեղ հյուր գնալիս՝ իրեն առաջնահերթ հետաքրքրում էր տվյալ մարդկանց գրադարանը, հետաքրքրվում էր, թե ի՞նչ գրքեր կան, որոնք դեռ չի կարդացել։ Բազմաժանր գրքեր էր ընթերցում, ողջ կյանքի ընթացքում՝ նրա ամենասիրելի գիրքը Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» է եղել, որը մի քանի անգամ ընթերցել է, անգամ բանակում ծառայելու տարիներին՝ անընդհատ կարդում էր։

Քույր-եղբայրներով շատ մտերիմ են եղել իրար հետ։

«Հիմա եմ զգում, որ Մորիսը տարբերվում էր երեխաներից, նա շատ պարփակված էր, զուսպ։ Նա իր էմոցիաները ցույց չէր տալիս, պիտի իրեն հարցնեինք, թե ի՞նչ է եղել, ինչու՞ է մի տեսակ, ու այդ դեպքում՝  նոր կխոսեր։ Շատ եմ ափսոսում, այնքան կուզեի նրա հետ ավելի շատ զրուցեի, ավելի շատ շփված լինեի, այնքան եմ ափսոսում, որ քիչ եմ ասել, որ ինքն աշխարհի ամենալավ տղան է»,- ասում է մայրը։

Մորիսը հաճախել է Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց։ Դպրոցում գերազանց է սովորել, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ է զբաղվել ինքնակրթությամբ․ «Ոչ մի խմբակի չէր հաճախում, ասում էր՝ «Մա՛մ, ավելի լավ է ես գիրք կարդամ»։ Նա հետո պետք է բոլոր դասերը շատ լավ սովորած լիներ»,- պատմում է մայրը։

Մորիսը ցանկացած իրավիճակում իրեն դրսևորելու ձև գիտեր, շատ տարբերվող երեխա էր, ուսուցիչներն էլ, որ խոսում են նրա մասին, ասում են, որ շատ համեստ և զուսպ է եղել։ Դպրոցական միջոցառումներին միշտ ընդգրկված է եղել, որովհետև և՛ խոսքն էր լավը, և՛ կեցվածքը, և՛ պահվածքը։

Շատ ազնիվ ու տեսակով մաքուր մարդ է եղել Մորիսը։

Մայրը հիշում է, թե մանուկ հասակում՝ ինչպես է տղան բակից գումար գտել ու հերթով հարևաններից հարցրել, թե ո՞վ է կորցրել գումարը։ Երկար փնտրտուքներից հետո՝ վերջապես գտել է գումարի տիրոջն ու հետ վերադարձրել։ Բնավորության գիծն այդպիսինն էր, եթե ինչ-որ բան իրենը չէ՝ ուրեմն իրենը չէ։

Դպրոցից հետո հաճախել է քոլեջ և սովորել հաշվապահական բաժնում։ Սովորելու տարիներին ձեռք է բերել մտերիմ ընկերներ, որոնց հետ անցել է կյանքի մնացած լավ ու վատ օրերը։ Քոլեջից հետո՝ ընդունվել է Երևանի Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ հասցրել է սովորել ընդամենը մեկ կիսամյակ։

Եթե լսեք, որ առանց որևէ դիմախաղ փոխելու՝ հումոր էր անում ու ծիծաղեցնում շրջապատի մարդկանց, իսկ ինքը լուրջ մնում, ուրեմն կարող եք հասկանալ, որ խոսքը Մորիսի մասին է։ Ընկերներն ու մայրը Մորսի հատկանշական բնավորության գծերից առաջինն առանձնացրին հումորի յուրօրինակ զգացումը։

«Տարբերվող հումոր ուներ, եթե հումոր անելուց ավելի բարձր են խոսում կամ ժեստերով, ինքը հանգիստ խոսում էր ու մարդիկ չէին էլ հասկանում՝ հումոր է անում, թե լուրջ է խոսում, բայց մենք իրեն ճանաչելով, լավ գիտեինք, որ հումոր է անում»,-նշում է ընկերը՝ Արման Հակոբջանյանը, որը Մորիսի հետ ծանոթացել է քոլեջում սովորելու տարիներին։

Ընկերներից Արգիշտին, որի հետ ըստ մոր՝ ամենամտերիմն է եղել Մորիսը, պատմում է, որ Մորիսն իրենց ընկերության մեջ ամենաբարին է եղել, երբեք չի կարողացել տանել այն փաստը, որ ընկերներից մեկը տխուր է․ «Հիշում եմ՝ մի անգամ,  դեռ փոքր էինք, խաղում էինք, երբ հարսանիքի ականատես եղանք ու պայմանավորվեցինք, որ մեզանից ով շուտ ամուսնացավ, պետք է լինի մյուսի հարսանիքի քավորը, բայց քանի որ իմ ընկերն անմահացավ, ես խնդրեցի, որ իր ծնողները լինեն մեր հարսանիքի քավոր-քավորկինը ու երեխայիս, որի անունն իմ ընկերոջ անունն է՝ Մորիս, կնքահայրը ևս իրենք են, որոնք իմ կյանքում գլխավոր տեղ են զբաղեցնում»,-պատմում է Արգիշտին։

Մայրը պատմում է, որ մի անգամ Արգիշտին ու Մորիսը գնացել են Էջմիածին հանգստանալու ու արդեն հետ վերադառնալու ժամանակ՝ իրենց մոտի գումարը վերջացած է եղել, մի պահ Արգիշտին նկատել է, որ Մորիսը չկա, հետո տեսել է, որ գնացել է ծառերից միրգ է հավաքել ու ճանապարհին վաճառում է,  որպեսզի կարողանան հետ վերադառնալ Երևան։

2019թ․-ի հունվարի 10-ին Մորիսը զորակոչվել է Հայկական բանակ և ծառայության անցել Տավուշի մարզի Իջևան քաղաքի  զորամասերից մեկում։ Ծառայության ընթացքում զինվորը չի մոռացել ամենասիրելի զբաղմունքը՝ կարդալը։ Մայրը պատմում է, որ իրենից զորամասի պատուհանագոգերի համար տնային ծաղիկներ էր ուզել, բոլորը միանման․ «Շատ խղճով էր ու պիտի անպայման ինչ-որ բանի մասին հոգ տաներ»։

Մորիսը շատ էր սիրում ավտոմեքենաներ և ուներ, բայց հայրը խոստացել էր, որ զորացրվելուց հետո՝ անպայման նորն է գնալու, սակայն պատերազմը կիսատ է թողնում երիտասարդի երազանքները։

Պատերազմի ժամանակ Մորիսը եղել է Իջևանում, սակայն հոկտեմբերի 17-ին զանգել է մորն ու ասել, որ իրենք ևս գնում են Արցախի Հանրապետություն (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), որից հետո կապը Մորիսի հետ կորել է։ Հոկտեմբերի 17-ին և 18-ին զինվորը մարտերի մեջ է եղել Իշխանաձորի հատվածում, նա հակատանկային գումարտակում էր՝ որպես հաշվարկի օպերատոր, երբ հրամանատարը հասկացել է, որ կարող են մնալ շրջափակման մեջ, հրամայել է նահանջել, սակայն զինվորներն իրենց հրամանատարին մենակ չեն թողել։

«Երբևէ չէի մտածի, որ մի օր կլսեմ տղաս զոհվել է, բայց թույլ չեն տալիս մարմինն Արցախից բերել։ Մորիսը զոհվել է հոկտեմբերի 17-ին, բայց մենք չենք իմացել, մոտ 88 օր փնտրել ենք Մորիսին։ Անընդհատ մտածում էինք, որ կարող է գերի լինի, կամ գուցե թաքնվել են անտառներում։ Հունվարի 12-ին՝ իր զորացրվելու օրը, զանգեցին ու ասացին, որ ԴՆԹ-ի համընկնում կա»,- ասում է մայրը։

Մորիսի մահվան վերաբերյալ տեղեկություն ոչ ոք չի ունեցել, ընկերը՝ Արմանը, պատմում է․ «Զոհվելուց մոտ 3 ամիս հետո՝ նոր Մորիսին կարողացանք հողին հանձնել, դժվար ամիսներ էին, անորոշության մեջ էինք, մենք արդեն խոսել էինք իր զորամասի մյուս զինվորների հետ ու հասկացել էինք, որ հաստատ էլ ողջ չենք գտնի, բայց ամեն դեպքում մի քիչ հույս ունեինք դեպի լավը, բայց պարզվեց, որ զոհվել է ու պատվով հանձնեցինք հողին։ Ես իրեն՝ որպես ընկեր, կարող եմ առանձնացնել՝ ամենաբարին ու ամենահանգիստը մեր ընկերության մեջ»։

Արգիշտին ընկերոջ մահվան մասին ոչ թե իմացել է, այլ զգացել․ «Մի անգամ, երբ 17 տարեկան էինք, մի փոքր վեճի մեջ ընկանք, դանակահարել էին մեզ ու որոշ ժամանակ անց, երբ բուժվել էինք, գնացինք Գառնիի տաճար, որովհետև խոստացել էինք մատաղ անել։ Այնտեղից գնեցինք խաչեր, օրհնեցին և այդ օրվանից և՛ ես էի ինձ մոտ միշտ պահում խաչը, և՛ Մորիսը։ Պատերազմի ժամանակ, երբ զանգեց ու ասեց, որ իրեն էլ են տանում Արցախ, կյանքում առաջին անգամ վիճեցի հետն ու ասացի, որ տեղն ասի ես էլ գնամ, բայց ինձ չէին տանի, որովհետև զորացրվելուս վեց ամիսը դեռ չէր լրացել։ Հետո՝ մի օր արթնացա ու տեսա, որ խաչս կոտրվել է, զանգեցի Մորիսին՝ չվերցրեց, զանգեցի իրենց սպային, ասաց, որ Մորիսը չկա»։

Արգիշտիի  կյանքում Մորիսը զբաղեցրել է առաջին տեղը ու միակ մարդկանցից է եղել, ումից կարող էր խորհուրդ հարցնել ցանկացած հարցի շուրջ․ «Նրա խոսքն արդեն օրենք էր ինձ համար ու անգամ պահ է եղել, երբ ծնողս զանգել Մորիսին է խնդրել, որ ես ինչ-որ հարցով իրենց ասածով անեմ, որովհետև մեր ընկերության մեջ առաջնային է եղել իր խոսքն ինձ համար, իմն էլ՝ իր։ Անգամ իմ ընտանիք կազմելու հարցում՝ Մորիսն իր մեծ դերն ունի, հիմա էլ երբեմն, երբ երեխայիս անունն են հարցնում, ասում եմ՝ Մորիս Խումարյան ու ինքս ինձ արագ ուղղում»,- հավելեց Արգիշտին։

«Իմ որդին անհավասար մարտում իր մարտական ընկերների հետ չի օգտագործել նահանջելու հնարավորությունը. վիրավորներին դուրս են բերել, ապա ընկել շրջափակման մեջ»,-պատմում է մայրը։

Մորիս Խումարյանը պատերազմի օրերին խոցել է երեք տանկ ու ընկել քաջաբար (հոկտեմբերի 19-ին, Իշխանաձորում)։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ելենա Հովհաննիսյան