Անմահ հերոս Ժորա Դալլաքյան

Ժորայի երգեցիկ ձայնը՝ ցանկացած մեկի ականջներում է, ով գոնե մեկ անգամ ներկա է եղել այն առիթներին, որտեղ նա երգել է։

Ժորա Սողոմոնի Դալլաքյանը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 20-ին՝ Գեղարքունիքի մարզի  Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գյուղում։ Մանկությունն անցել է ծնողների և եղբոր հետ։ Մայրը՝  Արմինեն, պատմում է, որ դժվար պայմաններում են մեծացրել երեխաներին։ Ժորայի նպատակներից մեկը՝ ծնողներին բարեկեցիկ կյանքով ապահովելն էր։ Շատ կապված է եղել եղբոր՝ Սարոյի հետ, փոքր ժամանակ անընդհատ միասին են եղել, մայրը հիշում է, թե ինչպես էին մի անգամ՝ իր ծննդյան օրը, տղաներն անակնկալ արել իրեն ու զարդեր նվիրել։ Հոր խոսքով՝մանուկ հասակում Ժորան այնքան էլ ակտիվ չի եղել, զուսպ է եղել։

1998-2009թթ․ Ժորան հաճախել է Գետիկի միջնակարգ դպրոց։ Երբևէ ծնողները որևէ բողոք չեն լսել նրա մասին, մայրն ասում է, որ այդքան էլ լավ չի սովորել դպրոցում, բայց միշտ իրեն համեստ ու դաստիարակված է պահել։

«Շատ լավ ձեռք է ունեցել, հարևաններին օգնում էր ինչով կարողանում էր, փայտից գեղեցիկ իրեր էր պատրաստում, սիրում էր հինը, չէր թողնում, որ հանկարծ տան հնությունները թափենք, որովհետև ինքը դրանցից այնքան գեղեցիկ կահույք էր ստանում։ Շատ մաքուր ու կոկիկ էր, նրա մոտ ամեն ինչ պետք է իդեալական լիներ»,- պատմում է մայրը։

Հարազատների խոսքով՝ Ժորան շատ հասկացող էր, կարող էր մեկ հայացքից հասկանալ, թե ինչ են իրեն ասում, բոլորի դրության մեջ մտնում էր։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Երբեք ոչ ոքի չէր նեղացնում, եթե մի բան իրեն դուր չէր գալիս, խոսքով էր բացատրում։ Եղբայրը, որը հիմա շատ ունի Ժորայի խորհուրդների կարիքը, հիշում է․ «Ժորան ասում էր, որ պետք է հանգիստ լինես, լավը լինես, նրա հանգստւթյունից և մարդամոտությունից քչերն ունեն»։

Ընկերասիրությունը տղայի բնավորության գլխավոր գծերից էր, ամեն անգամ դիրքերից իջնելուց՝ հավաքում էր ընկերներին իրենց տանն ու խնջույք կազմակերպում։ Մայրն ասում է, որ եթե սեղանին միայն հաց ու պանիր էլ լիներ, Ժորան իր երգով կարող էր լցնել այդ սեղանը։

2010թ.-ի նոյեմբերի 25-ին Ժորա Դալլաքյանն անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ասկերանի շրջանի զորամասերից մեկում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալական նամակներով։

Ծառայությունից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով, սակայն մի քանի տարի հետո որոշել է, որ պիտի վերադառնա ու մնա հայրենիքում։

2016թ․-ի սեպտեմբերից՝  երեք տարով պայմանագիր է կնքել Հայկական բանակում  ծառայության անցնելու համար, և սկսել է աշխատանքը։ Հայրը դեմ է եղել այդ որոշմանը․ «Երբ երեք տարին լրացավ, ասացի Ժորա ջան, ավելի լավ է դուրս գաս, բայց նա հավատում էր, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու և երկրորդ անգամ պայմանագիր կնքեց»։

Աշխատասեր էր Ժորան, երբեք ձեռքը չէր մեկնի, որ ուրիշից մի բան խնդրեր, բավարարվում էր ունեցածով, բայց ձգտում էր իրենը ստեղծել։ Մոր խոսքով՝ տղան ամեն ինչ կարողանում էր անել, տան ցանկացած հարց լուծում էր, շատ արագ էր կողմնորոշվում և իրենցից գրեթե խորհուրդ չէր հարցնում։

2020թ․-ին Դալլաքյանը ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացել է ապագա կնոջ՝ Անահիտի հետ։ Մայրն ասում է, այնքան հոգատար ու նրբանկատ էր, որ ասում էր՝ «Մա՛մ ջան, այնպիսի աղջիկ եմ ընտրելու, որ և՛ ձեր սրտով լինի, և՛ իմ»։

Ժորայի և Անահիտի ծանոթությունը համընկնում է քովիդի համավարակի հետ, սակայն նրանք հասկանում են, որ պետք չէ ոչինչ հետաձգել և հենց նույն տարվա հունիսի 1-ին նշանադրվում են, իսկ հուլիսի 4-ին՝ ամուսնանում։

«Դժբախտաբար երկար չի տևել իմ և Ժորայի ամուսնական կյանքը, բայց այդ կարճ ժամանակահատվածում էլ՝ Ժորան մշտապես շատ հոգատար և ուշադիր է եղել իմ նկատմամբ։ Երբ տուն էր վերադառնում դիրքերից, ամեն անգամ ինձ ծաղիկներ էր նվիրում, ես իր կողքին ինձ շատ երջանիկ էի զգում»,- պատմում է Անահիտը։

Ընդամենը մի քանի ամիս էին միասին ապրում, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Ժորան առաջիններից էր իրենց համայնքում, ով մեկնեց մարտի դաշտ։ Մայրն ասում է, որ երբևէ իրենց չի ասել, թե ինչ է կատարվում այնտեղ, ամեն ինչ իր և եղբոր մեջ է մնացել։ Մի քանի անգամ դիրքերից իջել են՝ մեկ օրով հանգստանալու համար, հետո նորից բարձրացել են։ Պատերազմի ժամանակ Ժորան իմացել է, որ հայր է դառնալու, բայց երեխային տեսնել չի հասցրել։

Պատերազմի այդ օրերին Ժորայի եղբայրը՝ Սարոն, ծանր վիրավորում է ստացել  և ինչպես մայրն է ասում, սպասում էին, որ գոնե Ժորան էլ,  եթե ոչ առողջ՝ գոնե վիրավոր հետ կգա ու ընդհանրապես չէին մտածում, որ հնարավոր է Ժորան զոհվի։

Պատերազմի վերջին օրերին Ժորան եղել է Շուշիում, հորը զանգել ու ասել է՝ «Ա՜յ պապ, էս խեղճ արցախցիների ունեցվածքը թշնամին թալանում է, գնում ենք, որ տեր կանգնենք մեր ունեցածին»։

Վերջին անգամ Ժորան խոսել է Սարոյի հետ, ասել է՝ «Դու անպայման տուն գնա, տանեցիները մեղք են, հանկարծ դիրքեր չբարձրանաս, մենք շրջափակման մեջ ենք»։

Ծառայակից ընկերները պատմել են, որ հեռախոսն անջատելուց հետո՝ վայրկյաններ անց, Ժորան զոհվել է տանկի արձակած արկից (նոյեմբերի 8-ին):

Նա Հետմահու պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Հեղինակ՝ Ելենա Հովհաննիսյան