Անմահ հերոս Նարեկ Դավթյան

Նարեկ Գեղամի Դավթյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 2-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Մ.Գորգինյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուն պես՝ անցել է խոհարարական աշխատանքի։

«Նարեկս իր աշխատանքը շատ էր սիրում, նպատակասլաց էր, ուներ շատ երազանքներ ու նպատակներ, որոնք պիտի ի կատար ածեր։ Նրա մոտ միշտ պետք է ամեն ինչ կարգ ու կանոնով լիներ»,- պատմում է մայրը՝ Կարինեն։

Մոր խոսքով՝ Նարեկը բնավորությամբ շատ բարի էր, ընկերասեր ու հյուրասեր, ընկերները նրան շատ էին սիրում ու չնայած նրան, որ տարիքով փոքր էր՝ շատ հասուն մտածելակերպ ուներ ու ավելի շատ հաշտեցնողի դերում էր, քան կռիվ անողի։

Նարեկը սիրում էր ֆուտբոլը, հաճախակի էին ընկերներով հավաքվում և ֆուտբոլ խաղում։ Բացի նրանից, որ ուներ խոհարարի մասնագիտություն, նաև ուզում էր դառնալ վարսահարդար։ Տղան չէր բավարարվում մի մասնագիտությամբ, ուզում էր հնարավոր ամեն ինչ սովորել։

«Դպրոցում Նարեկը լավ չէր սովորում, ընդունակ էր, բայց ծուլություն էր անում»,-ասում է Նարեկի ուսուցչուհին՝ Խարազյանը, հետո շարունակում. «Նարեկը օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով՝ ազնիվ էր, բարի, ընկերասեր, մարդասեր։ Անձնազոհության չափ նվիրված էր ընկերներին։ Իր մարդ կոչումով՝ անկրկնելի էր, հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուրին, առանձնահատուկ նվիրական սեր ու հարգանք էր տածում ուսուցիչների հանդեպ, բոլորը սիրում էին Նարեկին իր արժանապատիվ պահվածքի համար»։

Նարեկը պարտադիր ժամկետային ծառայության է անցել 2020 թվականի հուլիսի 8-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում։ Նա շատ է սիրել ծառայությունը, երբեք բողոք չի ունեցել, ընդհակառակը՝ մոր խոսքով, որդու ծառայությունն ավելի հաճելի է դարձրել Հադրութի բնությունը.

«Շատ գոհ էր, անընդհատ ասում էր՝ «Մա՛մ, մի արտակարգ տեղ է, թե՛ բնությունը թե՛ ծառայությունը»»։

Նարեկը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նա քառասուներկու օր կյանքի ու մահվան կռիվ է տվել թշնամու դեմ պայքարում։ Պատերազմի օրերին՝ Նարեկը միշտ կապի մեջ է եղել հարազատների հետ, մայրը պատմում է, որ միշտ բարձր տրամադրություն է ունեցել, վախ չի ունեցել. «Հետո՝ երկար ժամանակ լուր չունեի Նարեկիցս, անհանգստանում էի, մեկ էլ նոյեմբերի 5-ին զանգեց, ասաց՝ «Մե՛ր ջան, շնորհավորի՛, քո տղեն մեդալ է ստացել», ասացի ինչի՞ համար, ասաց, որ գիշերային հերթապահություն է իրականացրել և բարեհաջող կատարել այն առաջադրանքը, ինչի համար ստացել է մեդալը, բայց հետո ասաց՝ «Մե՛ր ջան, էս մեդալը իմ համար կարևորություն չունի, ուղղակի զանգել եմ, ասեմ, թե դու ինչ տղա ունես»»,- պատմում է Կարինեն։ Այդ ժամանակ Նարեկն արժանացել էր «Մարտական հերթապահություն» կրծքանշանի։

Նարեկի ծառայակից ընկերը՝ Հարությունը, պատմում է, որ շատ է եղել, որ իրենք ներքին վախեր են ունեցել, բայց մեկը մյուսին ոգեշնչել են և թույլ չեն տվել միմյանց, որ թեկուզ մի պահ կոտրվեն. «Մենք իրար հետ ենք եղել պատերազմի դաշտում, Նարեկը կռվելիս վախ չի ունեցել, իսկ եթե մի պահ վախ էինք ունենում, ասում էր՝ «Չմտածե՛ք, ոչինչ էլ չի լինի, կամ իրար հետ կմեռնենք, կամ իրար հետ կապրենք»։ Մենք հենց ռազմի դաշտում հասկացանք, որ այն միայն զուտ պատերազմ չի, այլ կյանքի ու մահու կռիվ է ոչ միայն մեզ համար, այլ նաև մի ամբողջ ազգի համար»։

Նարեկը՝ մարտի ժամանակ տեսնելով, որ ծառայակից ընկերները վիրավոր են, վազում է, որպեսզի օգնություն հասցնի ու այդ պահին հակառակորդի անօդաչու թռչող սարքը մահացու հրազենային վիրավորում է հասցնում Նարեկին։

Նարեկ Դավթյանը անզիջում պայքար է մղել թշնամու դեմ և զոհվել նոյեմբերի 7-ին՝ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի մարտերում։

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների արդյունքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար՝ Նարեկ Գեղամի Դավթյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Տիրուն Մարգարյան