Անմահ հերոս Կարեն Ջանոյան

Կարեն Մարգարի Ջանոյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ունեցել է միջնակարգ կրթություն, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Ամուսնացած է ունի երկու որդի։

Կարենը աննկարագրելի նվիրված էր իր ընտանիքին. «Լավ հայր էր, լավ ամուսին, լավ ընկեր, ծնողների համար` լավ որդի։ Ամուսնանալուց հետո՝ մոտ քսան տարի վարձով ենք ապրել, բայց ինքը ամեն տեսակ գործ անում էր, որ մեր երեխաները որևէ բանի կարիք չունենան։ Աշխատում էր՝ որպես բեռնատարի վարորդ, գնում էր Ռուսաստան ու հետ էր գալիս։ Այդ օրն էլ, երբ սկսվեց 44-օրյա չարաբաստիկ պատերազմը՝ ինքը աշխատանքի մեջ էր, գնալու էր Ռուսաստան, բայց չգնաց, ավտոմեքենան հանձնեց ու կամավորագրվեց։ Տղաս չէր ցանկանում, որ հայրը մեկնի ռազմաճակատ, բայց Կարենին հետ պահել այդ որոշումից անհնար էր։ Նա Ապրիլյան պատերազմին ևս կամավորագրվել էր և մեկնել, բայց չորս օր հետո իրեն հետ են ուղարկել»,- պատմում է կինը՝ Հասմիկը։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Կարենի կրտսեր որդին եղել է պարտադիր ժամկետային ծառայության մեջ` Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Պատերազմի լուրն առնելուն պես՝ հայրը կամավորագրվել և մեկնել Մարտակերտ, ցավոք՝ այդպես էլ չի հասցրել տեսնել որդուն։

Կարենն ու իր մտերիմ հարևանը` Գագիկը, պատերազմական գործողությունների ժամանակ եղել են միասին։ Պատերազմի առաջին իսկ օրը միասին գնացել և կամավորագրվել են։ Նրա խոսքով՝ Կարենը չափից դուրս ուշադիր է եղել տասնութից քսան տարեկան յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, հայրական հոգատարությամբ է վերաբերվել նրանց բոլորին. «Իր խրատներով շատ է օգնել ջահելներին, ոգևորել, որպեսզի իրենց մենակ չզգան կռվի դաշտում»,-ասում է Գագիկն ու շարունակում, որ այսօրվա պես է հիշում Կարենի խոսքերը ծառայակից ընկերներին․ «Մենք բոլորս մեր անվտանգության համար չենք կռվում, այլ մեր կողքին կռվող ընկերոջ համար ենք պայքար մղում, յուրաքանչյուրիս կատարած սխալն ու անզգուշությունը կարող է կյանք խլել։ Այնպես որ պետք է առավել քան զգոն լինենք»։

Պատերազմի օրերին Կարենը մշտապես զանգահարել է տուն, եթե չէր էլ կարողանում զանգել գրում էր կնոջը՝ «Հասմի՛կ, էսօր էլ լուսացրինք, լույսը բացվեց բարի»։

«Կարենի երազանքն էր, որ իր տղաներից մեկին տեսնի զինվորականի համզգեստով։ Արդեն երեք տարի է անցել, նրա հեռախոսի էկրանի նկարը՝ մեր որդու զինվորական համազգեստով նկարն էր ու մենք դա չենք հանում, այդպես թողել ենք։ Միշտ հպարտանում էր, որ զինվոր տղա ունի, հայրենիքում ծառայող։ Մեծ տղաս էլ պատերազմի օրերին գնաց դիմեց, որ իրեն էլ տանեն, բայց չտարան, քանի որ ինքը առողջական խնդրի պատճառով ազատված էր ծառայությունից, բայց շատ էր ուզում գնալ հոր և եղբոր կողքին լինել։ Քրոջս ամուսինը նույնպես մեկնել էր ռազմաճակատ, քույրս պատահաբար համացանցում տեսել է Կարենի նկարը` Դավիթ Թորոսյանի կողմից նկարված ու ուղարկել էր ինձ»,-ասում է Հասմիկը։

Կարենի մտերիմներից Սամվելը՝ մարտական գորոծողություններին եղել է նրա հետ։ Զոհվելու դեպքի օրը եղել են միասին, Կարենը գնացել է ջուր բերելու, ճանապարհին արկի պայթյունից կորցրել է երկու ոտքերը, տեղափոխվել հիվանդանոց, իսկ Սամվելը մնացել է և շարունակել մասնակցել պատերազմական գործողություններին։

Ինչպես նշվեց, Կարեն Ջանոյանը արկի պայթյունից կորցրել է երկու ոտքը, տեղափոխվել Երևան, երեք անգամ վիրահատվել։ Վերջին վիրահատությունը պրթոեզավորման համար է եղել։ Կռվի դաշտում, երբ կտրվել են ոտքերը՝ ծառայակից ընկերները ամուր կապել են անոթները, որն էլ տրոմբ է առաջացրել։ Արկի հարվածը նրան նետել է հեռու և այդ հարվածից գլխի շրջանում արյան զեղում է առաջացրել։ Մի շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո` Կարենն անմահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին։

Պատմում են, որ անգամ այդ ծանր վիճակում՝ Կարենը չի կորցրել հումորի զգացումը, մշտապես կատակել է ասելով՝ «Մի քանի գործ հեշտացավ մեր համար, արդեն մեր տաբատների համար կտոր քիչ կօգտագործվի»։ Նրանց բարեկամը գուլպաների արտադրամաս է ունեցել ու Կարենը հումորով ասել է՝ «Ինձ միայն սպիտակ գուլպաներ՝ հատուկ պրոթեզի համար»։

Կարենը միայն ափսոսացել է, որ այլևս ոտքը չի կարող դնել իր հայրենի հողի վրա ու ասել` «Տղանե՛ր, հալալ է մեզ, մենք հաղթեցինք…»։

Կարեն Ջանոյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան