Անմահ հերոս Կարեն Գալստյան

Կարեն Արարատի Գալստյանը ծնվել է 1994 թվականի մարտի 18-ին՝ Վրաստանի Հանրապետության Ռուսթավ քաղաքում։ Ստեղծարարական միտքը մանկուց է զարգացած եղել Կարենի մոտ։ Մայրը՝ տիկին Գոհար Սարուխանյանը, պատմում է, որ որդին հաճախ էր մանր քարերով տարատեսակ իրեր պատրաստում, կամ օգտագործելով իր խաղալիքների մեխանիզմները՝ մի նոր բան հավաքում. «Դեռ մանկուց՝ շատ հարգալից էր մեծերի նկատմամբ, դպրոցում իրեն ինչ նվիրում էին, բերում էր տուն ու տատիկին էր տալիս»,-հիշում է մայրը, հավելելով, որ անգամ կենդանիների նկատմամբ էր որդին հոգատար։ Հիշում է՝ մի անգամ վնասված թևով մի թռչունի է տուն բերել, բուժել ու բաց է թողել։

Դպրոցում Կարենի առաջադիմությունը բարձր է եղել։ Սիրում էր պատմություն, աշխարհագրություն, իսկ օտար լեզուներից՝ ռուսերենին էր շատ լավ տիրապետում։

Կարենը զբաղվել է նաև բռնցքամարտով. «Ավարտական քննության ժամանակ՝ դպրոցից վազելով եկավ, թե ուզում եմ ռազմական ակադեմիա ընդունվել, քննությունների պիտի գնամ։ Միասնական քննությունները պիտի Իջևանում տար։ Ամեն մեկի համար 1500 դրամ պիտի վճարեր, տանն էլ փող չկար, եղածը՝ 5000 դրամ էր։ Չգիտեի՝ տայի, չտայի։ Վերջը՝ տվեցի։ Մտածեցի, որ չտամ, կասի մամաս չուզեց»,- պատմում է Գոհարը։

Կարեն Գալստյանը 2010 թվականին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտում է 2014 թվականին՝ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտացմամբ։ Այնուհետև՝ երիտասարդ սպան ծառայության է անցնում Տավուշի մարզի Շամշադինի շրջանի զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար։

Մայրը պատմում է, որ տնից ամեն ինչ տանում էր՝ մարտական դիրքը ավելի լավը դարձնելու համար։

«Կարենը գիտակցաբար էր ընտրել իր մասնագիտությունը, ձգտում էր, որ ամեն բան ավելի լավ լինի»,- պատմում է Կարենի հրամանատար Արկադի Թովմասյանը ու նաև նշում, որ թեև քիչ են իրենք ծառայել իրար հետ, բայց հասցրել է հարգել լեյտենանտին և վայելել նրա հարգանքը։

2015 թվականի հունվարի 23-ին՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են գործել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մի քանիսի վրա։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայտնաբերել են դիվերսանտներին ու դիմել պատասխան գործողությունների։ Շուրջ կես ժամ տևած մարտերի արդյունքում հայկական կողմ ունեցել է երկու զոհ՝ լեյտենանտ Կարեն Գալստյանն ու իր զինվոր Արտակ Սարգսյանը։

Լեյտենանտը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով: Նրա անունով է անվանակոչվել Աչաջուր գյուղի ամենամեծ փողոցներից մեկը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհաննիսյան