Ներսես Մանուկի Ներսիսյան

Ծնված՝ 1926թ․ մայիսի 1-ին Գետաշենում։

Ապրում էր կնոջ հետ Գետաշենում։

Մասնագիտությունը՝ անասնաբույժ։

Աշխատում էր Գետաշենի պետական տնտեսությունում որպես անասնաբույժ։

Անհայտ կորած է 1989թ․ դեկտեմբերի 29-ից։ Աշխատանքային հարցերով գնացել է Խանլարի շրջկենտրոն և չի վերադարձել։

 

Մինչև երբ էին մենակ մնալու գյուղում հայտնի չէր։ Մեր մոր հետ լսել անգամ  չէին ուզում մեզանից որևէ մեկի մոտ տեղափոխվելու մասին․ «Չէ, մեր պապերն այս հողում են թաղված, և մենք այստեղից որևէ տեղ գնալ չենք կարող»։ Մենք նրանց լավ էինք հասկանում, միայն թե ճնշվում էինք, որ հանգամանքների բերումով մենակ էին մնացել, իսկ շրջապատի մարդիկ կարող էին հազար ու բան մտածել։ Եվ մտածում էին։

Չորս երեխա էին պահել մեծացրել ու ․․․ մնացել մենակ։

Մեզանից անկախ էր այդպես ստացվել, ինքներս չհասկացանք, թե ինչպես։ Բոլորս կարծես ներքուստ ընտելացել էինք այս ստեղված վիճակին․ մեզանից որևէ մեկի հնարավոր վերադարձը գյուղ դեռ շուտ չէր կարող լինել, իսկ որևէ մեկիս մոտ նրանց տեղափոխելը բացառվում էր։ Անհնար էր համոզել։ Եվ մարդիկ ինչ կմտածեին, թերևս միևնույն էր։

Մեր ծնողները մնացել էին մենակ, և նրանց կողքին մեր չլինելը, երևի թե, վերջին դերը չխաղաց մեր հոր ճակատագրում։

Ոչ ինքը, ոչ մենք առանձնապես չէինք պատկերացնում, որ ամեն ինչ այդպիսի շրջադարձ կունենա և նույն ադրբեջանցիները, որոնցից վտանգ չէր սպասում, կարող էին այդպես դաժան վարվել։։ Չէր սպասում, այլապես մենակ չէր գնա Խանլարի շչջկենտրոն և այնտեղ չէր անհետանա։

․․․Սկվեցին երկար որոնումները, բանակցություններն ու հանդիպումները հակառակորդ կողմի հետ չեզոք վայրերում։ Մեծ փրկագին էին ուզում և մի քանի տասնյակ․․․ ավտոմատ, որպեսզի վերադարձնեին մեր հորը։ Փրկագին համաձայնեցինք, իսկ ավտոմատներին՝ ոչ։ Կտրականապես։ Չզիջեցին։ Մենք՝ առավել ևս։ Ում կոտրած ձեռքը կբռներ մի քանի տասնյակ չէ, թեկուզ մեկը ճարել, տալ նրանց վստահ, որ դրանից վաղը հուր են թափելու մեր առանց այն էլ անպաշտպան ժողովրդի վրա։ Մերժեցինք։ Չհամաձայնեցինք և հանուն ոչնչի․․․

Միևնույն էր, թե ով ինչ կմտածի․․․

Որդիներ՝ Ներսես Ներսիսյանի