Անմահ հերոս Դավիթ Արզումանյան

Միշտ կյանքով լեցուն, կատակասեր ու իր զինվորներին ոգևորող Դավիթ Արզումանյանը՝ կյանքն անչափ սիրող ու կյանքի ամեն պահը գնահատող մարդ էր։ Դավիթից անբաժան էր պայուսակը, որում առաջին օգնության պարագաներն էին. նա միշտ պատրաստ էր, որ եթե Աստված չանի պատերազմ սկսվի, ինքը առաջինը գնա։

Մայոր Դավիթ Վլադիմիրի Արզումանյանը ծնվել է 1986 թվականի հունվարի 21-ին՝ քաղաք Երևանում։ Ունի երկու քույր և մեկ եղբայր։ Դավիթի բնավորության մեջ մանկուց նկատվել են հոգատարությունն ու բարությունը։ Անընդհատ ժամանակ է անցկացրել հարազատների և ընտանիքի անդամների հետ։ Դավիթը տանը շատ լսող ու կարգապահ է եղել, երբևէ առիթ չի տվել, որ ինչ-որ մեկն իր պատճառով նեղություն կրի։ Շատ նվիրված երեխա էր, թույլ չէր տալիս, որ ինչ-որ հոգս մնար ընտանիքի անդամների ուսերին։

1992-2002 թվականներին սովորել է Պարույր Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին Դավիթը եղել է օրինակելի և կարգապահ աշակերտ։ Մանկավարժական ողջ կազմը հիշում է նրան՝ որպես ժպտերես, աշխույժ, ազնիվ և բարեխիղճ մարդու տեսակ։ Մանկուց սիրել է մեծ շրջապատում լինել։

Նրա ամբողջ կյանքի համար շատ մեծ արժեք է ունեցել հայրական խոսքը, հենց հոր խորհրդով էլ՝ 2002 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտել է 2006 թվականին՝ որպես ինժեներ, լեյտենանտի կոչումով։ Լինելով օրինակելի սան, հաշվի առնելով բարձր կարգապահական վարքագիծը՝ ռազմական անձնակազմի որոշմամբ, համալսարանից հրավեր է ստացել աշխատելու։ Այնտեղ աշխատել է 2006-2010 թվականներին՝ որպես դասակի հրամանատար։ Դավիթը մշտապես աչքի է ընկել իր խելամտությամբ և հայրենասիրությամբ։ Տարիներ շարունակ կրթել է նոր սերնդի սպաներին։

2010 թվականին անցել է ծառայության խաղաղապահ զորքերում՝ որպես վաշտի հրամանատար։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շքանշանների և պատվոգրերի։ 2012 թվականին խաղաղապահ առաքելությամբ մեկնել է Կոսովոյի Հանրապետություն, 2014 թվականին՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն։

2014 թվականը ճակատագրական էր Դավիթի համար, քանի որ հենց այս տարում ստացել է մայորի կոչում և հանդիպել է ապագա սիրուն։ Կինը պատմում է, որ իր և Դավիթի ընկերությունը երկար չի տևել։ Վեց ամսվա ընթացքում հասցրել են նշանադրվել և ամուսնանալ։

«Դժվար է եղել մեր կյանքը, որովհետև ես միշտ կարոտել եմ Դավիթին, նա հիմնականում իր կյանքը նվիրել էր բանակին, մենք ամուսնացած ենք եղել հինգ տարի, սակայն այդ տարիների ընթացքում երևի երեք տարին ենք միասին ապրել, երկու տարի կամ դիրքերում է եղել, կամ արտասահմանում՝ խաղաղապահ առաքելության նպատակով։ Դավիթը ինձ սիրում էր ոչ միայն որպես սիրած աղջիկ, այլ նաև՝ որպես երեխա, որովհետև ես իրենից յոթ տարի փոքր էի, իսկ ինձ պաշտպանելու ցանկությունն իր մեջ շատ ուժեղ էր, շատ հոգատար էր»,- պատմում է կինը՝ Շուշանիկը։

Հարազատների խոսքով՝ Դավիթը չնահանջող մարդ էր և՛կռվի դաշտում, և՛ կյանքում։ Միշտ շտապում էր ինչ-որ բան անել, շտապում էր ապրել, նա այնպես էր ապրում կյանքը, կարծես վերջին օրն է ապրելու։ Կյանքում, եթե ինչ-որ հնարավորություն էր իրեն տրվում, նա չէր երկմտում, միանգամից օգտվում էր այդ հնարավորությունից։ Անընդհատ հավաքույթներ էր կազմակերպում ընկերների հետ։ Ընկերական միջավայրում շատ նվիրված էր։

«Նա շատ համեստ մարդ էր, սիրում էր գործով ապացուցել ամեն ինչ, ոչ թե միայն խոսքերով։ Սիրո մեջ էլ էր այդպիսին, երբ ես ասում էի՝ հաճախակի ասա, որ սիրում ես ինձ, նա պատասխանում էր, որ ոչ թե անընդհատ պիտի ասի, այլ գործով ապացուցի։ Իսկապես նա շատ հոգատար ամուսին էր, անչափ հոգատար հայր»,-ասում է կինն ու հավելում, որ հիմա անչափ դժվար է իր համար, բայց Դավիթը սովորեցրել էր իրեն երբեք չհուսահատվել։

2016 թվականին Դավիթը խաղաղապահ առաքելությամբ եղել է Լիբանանում, սակայն վերադարձել է Ապրիլյան պատերազմի ժամանակ և կռվել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Թալիշի ամենաթեժ կետերում։ Դավիթը դասավանդել է Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանին և շատ մեծ ցավ է ապրել Արմենակի կորուստից։

2016 թվականին ծնվել է Դավիթի որդին՝ Վլադիմիրը։ Երեխան 4 տարեկան է եղել, երբ կորցրել է հորը։

«Վլադիմիրը հաճախ է հարցնում հորից, սկզբում հարցնում էր, թե որտեղ է, ես էլ պատասխանում էի՝ այնպիսի տեղում է, որ մեզ կարողանա պաշտպանել։ Երբեք էլ չեմ ստել որդուս, ոչ էլ ասել եմ դառը ճշմարտությունը, որովհետև շատ փոքր է եղել բայց հիմա նա գիտի, որ հայրը երկնքում է, սակայն մինչ այժմ էլ հույսով է, որ անպայման հորը կհանդիպի, անընդհատ նայում է հայրիկի նկարներն ու մեդալները»,- պատմում է Շուշանիկը։

Վլադիմիրը Դավիթի հետ շատ նմանություններ ունի, Դավիթի նման շատ շփվող է, մայրը՝ որդու բնավորության մեջ նկատում է նվիրվածություն իր և հայրենիքի հանդեպ։

Դավիթին խաղաղապահ զորքը հիշում է՝ որպես խստապահանջ, հեշտությամբ ելքեր գտնող, բարի ու հայրենասեր սպայի։ Ողջ վաշտի կողմից հարգված ու սիրված էր, գերադասում էր որևէ դժվարության մեջ ինքը հայտնվի ու զինակիցները զերծ մնան։ Յուրաքանչյուր զինվոր հարգում էր նրան և խոսքից զգաստանում։

Կենցաղային խնդիրներից մինչև ծառայություն՝ Դավիթը հետաքրքրված էր իր զինվորներով։ Նա 120 զինվոր ուներ ու կարելի է ասել, որ ապրում էր բոլորի հոգսով։ Շատ խիստ է եղել՝որպես հրամանատար, բայց տասն անգամ հոգատար ու հումորով է եղել։ Մի անգամ կինը հարցրել է, թե ինչու՞ ես բացի քո տան հոգսից, իրենց հոգսը տանում, իսկ Դավիթը պատասխանել է՝ «Մենք մի վաշտում ենք ու ես համարում եմ, որ իմ զինվորները իմ երեխաներն են և ես պարտավոր եմ իրենց մասին հոգ տանելու»։ Դավիթի զինվորներից ոմանք դուրս են եկել խաղաղապահ զորքից այն պատճառով, որ Դավիթը զոհվել է, արարքի պատասխանը մեկն է եղել՝ ում հրամանը կատարեն, եթե իրենց հրամանատարն էլ չկա։

Զինվորներից Սամվելը պատմում է, որ ինքը միայն Արզումանյանի շնորհիվ է ողջ մնացել, բացի այդ՝ Դավիթի նվիրվածությունն ուրիշ էր, ոգեղեն մեծ ուժ էր տալիս, որ չկոտրվեն։

Դավիթի զինակից ընկերներից Մանվելը, որը նույնպես վիրավորվել էր մարտի դաշտում, ասում է, որ Արզումանյանը՝ մարդ, հրամանատար, ընկեր էր, ով ուներ անկոտրում ոգի, շատ էր սիրում իր գործը. «Մոտ տասը տարի ճանաչել ենք նրան, ծառայել ենք կողք կողքի, պատերազմի հենց առաջին օրը մեկնեց ռազմաճակատ՝ ժպիտը դեմքին, հաղթանակի ոգով»։

Դավիթի կինը պատմում է, որ ամուսինը երբեմն տուն էր գալիս բարկացած․ «Այդժամ ես իրեն թողնում էի իր մտքերի հետ։ Բայց այն, որ նրա կյանքը մազից էր կախված՝ ես դա նկատել էի մեր ամուսնության առաջին օրվանից, որովհետև նկատել էի, թե ինչ պատասխանատու է իր գործի նկատմամբ։

2020 թվականի հունվարի 17-ին՝ Դավիթը մեկնել է խաղաղապահական ութամսյա առաքելության՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, ապա վերադարձել է հայրենիք և սկսվել է Արցախյան 44-օրյա պատերազմը։ Վերջին հրաժշտը ընտանիքի հետ եղել է տանից։ Դավիթը համբուրել է կնոջ ճակատն ու երեխային և մեկնել է մարտի դաշտ։ Խաղաղապահ խմբով մեկնել են Արցախի Հանրապետություն՝ զորքով տեղակայվել Քարվաճառի շրջանում։

«Երբ սեպտեմբերի 27-ին զրույց ունեցանք, Դավիթն ասեց, որ եթե անգամ գնա՝ պիտի սպասեմ։ Մենք Ապրիլյան պատերազմի միջով ենք անցել միասին ու ինձ համար անծանոթ չէր այդ ամենը, նա ինձ ասեց՝ «Դու գիտես, դու միշտ սպասել ես ինձ, միևնույն է ուր էլ գնամ՝ քո մոտ եմ գալու»։ Երբեք չէի մտածի, որ կգա մի պահ, որ էլ կողքիս չի լինի։ Միայն մի բան գիտեի, որ նա հետ նահանջող չէ։ Այդ ծանր օրերին սկսեցի մտածել, որ եթե իր զինվորներն են զոհվում, նա ընդհանրապես չի մտածի նահանջի մասին։ Եթե ոչ նա, ուրեմն ո՞վ»։

Դավիթի զինվորներից Վազգենը՝ մինչև վերջ եղել է հրամանատարի կողքին, հավատարիմ մնալով իր երդմանը և պատմում է, որ միայն ինքը գիտի, թե հրամանատարն ինչ կռիվ է տվել՝ ոչ մի քայլ ետ չգնալով. «Մի պահ ասացի՝ կամանդիր, երեքով ո՞նց ենք պայքարելու, սա խենթություն է, սա զենքի կռիվ չէ, միգուցե նահանջե՞նք, իսկ Դավիթը հարցրեց, արդյո՞ք ուզում եմ հրապարակային թքեն երեսներիս, այդ խոսքից զգաստացա և հասկացա, որ Արզումանյանին կանգնեցնել չի լինի։ Հրամանատարս հերոսի մահով ընկավ»։

Պատերազմի ժամանակ Դավիթը խոսակցություն է ունեցել սպաներից մեկի հետ, ընկերն ասել է՝ «Դավիթ, դու էլ տղա ունես, ես էլ, արի իջնենք, որովհետև սա զենքի պատերազմ չէ»,- Դավիթն էլ ասել է՝ «Իմ պատիվն ամեն ինչից վեր է, ես գիտեմ, որ կինս ու երեխաս կապրեն ու իրենց ոչինչ չի լինի, բայց ես չեմ կարող իմ պատվի վրայով անցնել, ես իմ երդումը տվել եմ, ու իմ երդմանն անդավաճան եմ»։

Դավիթին կոչել են «Օմարիի արծիվ»։ Երեքից չորս օր նա կռիվ է տվել Օմարի լեռնանցքում։ Այնքան դժվար, ժայռոտ ու քարոտ ճանապարհով է բարձրացել այնտեղ, որ իր զոհվելուց հետո մարմինը չեն կարողացել իջեցնել՝ ճանապարհի անանցանելիության պատճառով, և քանի որ արծիվները ժայռերում են լինում՝ հենց դրա համար էլ այդպես են անվանել Դավիթին։ Շատերն իրեն այդպես էլ ճանաչում են։

Կինն ասում է, ինքը երբեք չէր մտածի, որ կյանքն անչափ սիրող ու կյանքի ամեն պահը գնահատող մարդը կարող էր նման քայլ անել ու մահին ընդառաջ գնալ։

«Վերջին խոսակցությունը Դավիթի հետ եղել է սեպտեմբերի 29-ի երեկոյան։ Այդ ժամանակ շատ լարված էր ու մենք շատ քիչ ենք խոսել իր հետ, միայն ինձ ասաց՝ «Լավ եղեք, քեզ ու երեխային լավ կնայես»,-պատմում է Շուշանիկն ու հիշում, որ այդ ժամանակ հրաժեշտի ոչ մի խոսք չի եղել»։

Արզումանյանը զինվորներին առաջնորդել է «ոչ մի քայլ ետ» սկզբունքով և անմահացել է՝ թշնամուն չզիջելով անգամ մեկ թիզ։

Թեժ և անհավասար մարտում մայոր Արզումանյանը մինչև վերջին շունչը կռվել է թշնամու դեմ՝ հերոսաբար ընկնելով Օմարում։

2013 թվականին Դավիթ Արզումանյանը ՀՀ Զիված ուժերի կողմից պարգևատրվել է «Ծովակալ Իսակովի» անվան մեդալով։

2014 թվականին պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2017 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով, (2020 թ.), «Հայրենիքին Մատուցած Ծառայությունների Համար» առաջին աստիճանի մեդալով (2021թ.)։

Դավիթը խաղաղապահ առաքելության ընթացքում ևս ստացել է բազմաթիվ մեդալներ. ունի մոտ 22 ծառայողական մեդալ։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ելենա Հովհաննիսյան