Նորյար Խաչիկի Հարությունյան

Ծնված՝ 1961թ․ փետրվարի 8-ին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Ուջանում։

Մասնագիտությունը՝ այգեգործ։

Աշխատում էր Ուջանի պետական տնտեսությունում որպես այգեգործ։

Մասնակցել է Կոռնիձորի պաշտպանությանը։

Զոհվել է 1989թ․ դեկտեմբերի 8-ին Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի պաշտպանության ժամանակ թշնամու գնդակից։

Թաղված է Ուջանի գերեզմանոցում։

 

Տարի էլ չանցավ այն օրից, երբ գիշեր-ցերեկ ինքնամոռաց մասնակցում էր գյուղում կանգնեցվող «Հայ ազատամարտիկների» հուշարձանի կառուցմանը։ Չէր էլ մտածում, որ մի քանի մաիս հետո իր աճյունն էր ամփոփվելու այդ հուշարձանի կողքին։

Գուցե և գիտեր․․․

Եռագույն դրոշն անպակաս էր նրանից, թե վրայից մի թել անգամ պոկվեր, միայն ինքը պետք է նորոգեր։ Մեքենաների առջևից նրա եռագույնն էր ծածանվում, և ճանապարհը, որն անցնում էր գյուղերի միջով, կատարյալ ցույցի էր վերածվում։

Ղարաբաղյան շարժումը արթնացրեց շատերին։ Նորիկի հոգին առաջ էլ արթուն էր։ Գաղթական նախնիների մշտական տանջանքնենրն ու կորստի ցավը, դեպի Մասիս հառած հայացքներն ու վրեժի կոչն էին նրան մշտապես արթուն պահում։ Ընդամենը կայծ էր պետք, որ պայթյունը տեղի ունենար։

Սումգայիթյան սպանդը նրան դարձրեց վրեժի ռումբ։ «Թշնամին անպայման պետք է փոխհատուցի նույն կերպ, ինչպես գործում է»։

Իր տեղը սահմանների վրա էր։ տուն հազվադեպ էր գալիս, այն էլ՝ աշխատանքների թեժ պահին միայն, մի երկու օրով։

Հարազատներով նրա տան կառուցումը ձեռնարկեցինք։ Սրտով չէր․ «Թե հիմա ինչ տուն կառուցելու ժամանակ է»։

Համոզում էինք, որ մնա, մասնակցի իր տան շինարարությանը։ Խնդրում էր․ «Այս անգամ էլ գնամ-գամ․․․»։

Կոռնիձորի մարտերից մի երկու օր առաջ ադրբեջանցիները դաժանորեն խոշտանգել էին երկու հայ հովիվների։ Հայրս ամենայն համոզվածությամբ հայտարարեց․ «Նորիկը կենդանի այս տուն էլ չի մտնի»։

Մարտի թեժ պահին փամփուշտները վերջանում են։ Քսանյոթ հոգուց բաղկացած ջոկատն ընկնում է շրջապատման վտանգի մեջ։ Պետք էր շուտ փամփուշտ հասցնել։

_Ես գնամ, չեմ ծխում, չեմ խմում, արագ կվազեմ։

Քիչ անցերկու հարյուր մետր երկարությամբ ձգվող դիրքերում բոլոր ընկերներն ստացան անհրաժեշտը, իսկ ինքը չհասցրեց իր տեղը հասնել։

Եղածն ահավոր է, բայց մեր հոգին խաղաղ է ու հպարտ, որ Նորիկն ընկավ ինչպես իսկական ֆիդայի՝ արժանի մեր Մնացական պապի՝ Անդրանիկի զինվորի հիշատակին։

Եղբայր՝ Նորայր Հարությունյանի