Անմահ հերոս Սարգիս Յաղուբյան

Սարգիս Սլավիկի Յաղուբյանը ծնվել է 2001թ․-ի  սեպտեմբերի 18-ին՝ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։

«Տղաս հաճախել է մանկապարտեզ, շատ չուտող երեխա էր,  գյուղի տղա էր, բայց գյուղական մթերքներ ընդհանրապես չէր ուտում։ Իր ճաշակով պետք է ես պատրաստեի, որ ուտեր։ Շատ էր սիրում զանազան խաղերով խաղալ ու հայրը փայտից հրացան էր պատրաստել նրա համար։ Կոկիկ էր, միշտ շորերը մաքուր էր պահում։ Մանկապարտեզ հաճախելուց, եթե տվյալ ճաշը չէր սիրում՝  ափսեն փոխում էր կողքի երեխայի հետ։ Եղբոր հետ միասին մի քանի տարի գնացել են ճամբար։ Ութ տարի զբաղվել է կարատեով, մի շարք մրցումների է մասնակցել` զբաղեցնելով մրցանակային տեղեր։ Խելացի էր,  բայց սովորելու հետ առանձնակի սեր չուներ և սովորություն ուներ՝ միշտ ուշանալ դասերից»,-պատմում է մայրը`Լենան։

Սարգսի դասղեկը հիշում է, որ իր սիրելի  աշակերտը` կենսուրախ, շատ ակտիվ  անսպառ հումորի տեր երիտասարդ էր․ «Ինքը շատ խելացի տղա էր, բայց ավելի շատ զբաղվում էր սպորտով։ Ռազմագիտոություն առարկան էր շատ սիրում, դասընկերների հետ բազմիցս մասնակցել է  օլիմպիադաների ու գրանցել հաջողություններ և՛ մարզային, և՛ հանրապետական փուլերում։ Նաև երգում էր, բայց ոչ բոլորի մոտ։ Ավարտական դասարնում տղաները որոշել էին, որ գիշերակացով էքսկուրսիա պետք է գնանք Քոլագրի ջրամբար (Ծիլի-ծով)։ Տղաները նախապես գնացին ու վրաններ տեղադրեցին, հետո մենք միացանք։  Արդեն երեկոյան՝ հետաքրքիր մի խաղ կազմակերպեցին խարույկի շուրջ ու հերթով ասում էին, թե ով ինչ երազանք ունի։ Այդ ժամանակ Սարգիսը իր երազանքի մասին ոչ մի բան չասաց…»։

Սարգսի մանկության ընկերներից Կամոն` շատ ջերմ ու լուսավոր հիշողություններ ունի, իր խոսքով՝ այսօրվա պես է հիշում իրենց արկածները, թե ինչպես մի անգամ Սարգիսը խնդրել է իր ավտոմեքենան վարել ու այնքան արագ է վարել, որ դիմացի հատվածի մետաղը բարձրացել է ու փակել ապակին․ «Ինքը և՛ ֆիզիկապես էր շատ ուժեղ, և՛ կամքով, չէր վախենում ոչ մի բանից, միասին շատ էինք գնում լողալու։ Ես իրենից մեկ տարի փոքր էի, բայց միշտ դպրոցից իրար հետ փախնում էինք։ Հետո այնպես էր ստացվել, որ ինձ տարել էին նույն զորամաս, որտեղ ինքն էր ծառայում։ Ինքն այդ ժամանակ դիրքերում էր, զանգով էինք խոսում, անհամբեր սպասում էի, երբ է դիրքերից իջնելու, որ տեսնեմ, բայց այդպես  էլ չհասցրինք․ պատերազմը սկսվեց։

Ինձ հետ շատ կապված էր, օրը մի քանի անգամ պետք է պարտադիր զանգեր, երբ աշխատանքի էի լինում, հարց ու փորձ  էր անում, արդյո՞ք ամեն ինչ կարգին է, թե ոչ։ Դպրոցն ավարտելուց հետո՝ ուզում էր Բերդի ուսումնարաններից մեկում սովորել, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Ռեպ էր կարդում, ցանկանում էր ստուդիա գնալ ու ձայնագրվել,  բայց դա էլ չհասցրեց»։

Ուսումն ավարտելուց հետո՝ 2020թ․-ի հունվարին, Սարգիսը  մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) զորամասերից մեկում։ Մասնագիտությամբ հրետանավոր էր։ Համավարկով պայմանավորված՝ ընդհանրապես զինվորական արձակուրդ չի եկել։

«Հիշում եմ, երբ առաջին անգամ դիրքեր էին բարձրացել, օձ էին տեսել, մտածել էին սատկած է, Սարգիսը ասել է ես կբռնեմ, որ տանեմ հեռու, պարզվել է օձը  կենդանի է ու մատը կծել է։ Մի քանի օրով Սարգիսին տարել էին զինվորական հոսպիտալ։ Ինքը օձի տարի էր ծնվել և օձերից ընդհանրապես չէր վախենում»,-ասում է մայրը։

Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելու սկզբում Սարգիսը Մարտակերտում է եղել, հետո տեղափոխել են Մարտունի․ «Տղաս ուղիղ երեսունհինգ օր կռվել է։ Մի անգամ զանգել էր, ասացի տղա՛ ջան, չես կարողանում մի տեղ թաքնվես,  շա՜տ բարկացավ ու ասաց՝ «Մա՛մ ջան, էդ ինչ էս ասում, դու ինքդ զինվորական համազգեստ ես հագնում»։ Ես ներողություն խնդրեցի իրենից իմ ասածների համար։ Վերջին անգամ հոկտեմբերի 28-ին ենք զրուցել,  շա՜տ երկար զրուցեցինք, և՛ խոսում էի, և՛ գործ  անում, ինձ ասաց՝ «Ամեն անգամ չենք կարողանա խոսել, գործդ հետո կանես, ինձ հետ խոսի՛ր»։

Պատերազմի ընթացքում Դավիթ Թորոսյանը լուսանկարել էր կռվող մարտիկներին, լուսանկարների մեջ եղել է նաև Սարգիսը, ում լուսանկարները ընտանիքի անդամները տեսել են լուսանկարի հեղինակի հեղինակայի գիրք-ալբոմում որը կոչվում է «44-ի տղերքը»։

Ծառայակից ընկերոջ՝ Արամի խոսքով, Սարգիսը միշտ աչքի էր ընկնում իր ակտիվությամբ․ «Գյուղի լրիվ մաքուր ու պարզ  ընկեր էր։ Ցանկացած հարցով՝ իրեն ով ինչ ասեր, կաներ։ Զինվորական մասնագիտությանը տիրապետում էր լավ, ինչ էլ որ չգիտեր՝ ձգտում էր միշտ սովորել։ Պատերազմի ժամանակ՝ բոլոր նկարների ու տեսանյութերի մեջ Սարգիսը միշտ ժպիտով էր։ Զոհվելու դեպքի օրը՝ մեքենայով գնում էինք, անսարքություն առաջացավ, մի քանի վայրկյան կանգնեցինք և այդ ընթացքում հակառակորդի անօդաչու թռչող սարքը  հարվածեց մեր մեքենային։ Սարգիսը անմիջապես իմ կողքն էր նստած ու ես անընդհատ իրեն ասում էի, որ սաղավարտը դնի։ Հիշում եմ, իր սաղավարտի փականը չէր աշխատում, մենք միասին կապեցինք ու արկը ընկավ»։

Սարգիս Յաղուբյանը զոհվել է 2020թ․-ի նոյեմբերի 1-ին, հուղարկավորված է հայրենի Արծվաբերդի գերեզմանատանը։

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած կամային բարձր որակների, անմնացորդ նվիրումի համար` հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Մանե Մանուկյան