Անմահ հերոս Վլադիմիր Վանյան

Վլադիմիր Վարդանի Վանյանը ծնվել է 1993թ.-ի փետրվարի 12-ին՝ Երևան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վահան Թեքեյանի անվան N 92 դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է  N 16 Արհեստագործական (այժմ N6) ուսումնարանի խոհարարության բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 2011թ.-ի հունիսի 22-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ Արցախի Հանրապետության Ջրականի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)  զորամասերից մեկում։ Ասում են՝ ծառայել է սիրով, առանց բարդությունների, երկու անգամ զինվորական արձակուրդով տուն է եկել։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ու ընտանիք կազմել։

Վլադիմիրի ուսումնարանի դասղեկի`Շիրինյանի համար բարդ է բնութագրել Վլադիմիրի մարդկային տեսակը. «Շատ համեստ, զուսպ, խելացի տղա էր, ճիշտ է իր գնահատականները փայլուն չէին, բայց ամեն ինչում եղել է հավասարակշռված ու շատ լուռ։ Այսօր  ուսումնարանում ես ունեմ փակցրած նրա բանակի նկարը ու նույնիսկ նկարում՝  ակնհայտ երևում է նրա համեստությունը։ Ինքը ավարտեց խոհարարության բաժինը, բայց չաշխատեց, հասկացավ, որ այդ մասնագիտությունն իրենը չէր, էլեկտրականությամբ էր զբաղվում, այդպես էլ խոհանոցի հետ չհարմարվեց։ Մի օր չի եղել, որ Վլադիմիրին տեսնեի կռվելուց, սովորելու մեջ էլ էր համեստ, հնարավոր է իմանար, բայց չբարձրաձայներ»։

2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վլադիմիրի ավագ եղբայրը` Արտյոմը,  կամավոր մեկնել է ռազմաճակատ, այնուհետև հոկտեմբերի 26-ին ծանուցագիր ստանալով՝ Վլադիմիրն էլ է գնացել։ Ավագ եղբայրը վիրավորվել է մարտի դաշտում, նրա կյանքը փրկել է Ռուստամ Գասպարյանը (Սև Հովազ)։

Վլադիմիրը շատ տեղանքերում է եղել  կռվի ժամանակ, ամենավերջում եղել է Մարտունի 2-ում։ «Նոյեմբերի 7-ին իմ ծնունդն էր, չկարողացավ ինձ հետ խոսել, ամսի 8-ին է շնորհավորել, դա եղել է իր վերջին զանգը։ Պատերազմական գորոծողությունների ժամանակ` գրեթե ամեն օր զանգահարել է տուն, բոլորիս հետ խոսել։ Այդ օրերին իմացանք, որ Վլադիմիրի կինը էլի փոքրիկի է սպասում, բայց ինքը այդպես էլ չիմացավ։ Վլադիմիրը շատ էր երազում աղջիկ երեխա ունենալ»,-ասում է մայրը` Լյուդմիլան։

Վլադիմիրի ընկերներից Նշանի խոսքով` նա շատ բարեխիղճ և բարեհամբյուր անձնավորություն է եղել, իսկական ընտանիքի տղա, լավ դաստիարակության տեր. «Միմյանց հետ շփվել ենք դեռ մանկուց, միասին սովորել ենք։ Մինչև օրս էլ ես մտերիմ եմ իր ընտանիքի անդամների հետ, շատ եմ ցավում, որ ինքն այդպես էլ չիմացավ, որ աղջիկ երեխա է ունենալու։ Այժմ էլ, որ գնում եմ իրենց տուն, նրա տղան՝ Արմանը, ինձ տեսնելուն պես ասում է ` «պապայիս ընկերն եկավ», այդ ձևով է հիշում ինձ»։

Զինադադարից հետո, որ Վալդիմիրը չէր զանգում՝ հարազատներն անհանգիստ էին, ավագ եղբայրը փորձում էր բոլոր հնարավոր եղանակներով գտնել նրան. «Այդ ժամանակահատվածում Banak.info-ն էր նկարել իրենց ու նոյեմբերի 6-ին, երբ Վլադիմիրը զանգել էր տուն, մեզ ասաց, որ եկել, իրենց նկարահանել են, անպայման նայենք։ Այդ նկարներով տղաս ծանոթ էր գտել հիվանդանոցում, այդ տղան տեղեկություն տվեց, որ Մարտունի 2-ում են եղել, երբ արկը ընկել է իրենց վրա։ Տղայիս հուղարկավորությունը եղել է զոհվելուց ուղիղ մեկ տարի հետո, 2021թ.-ի նոյեմբերի 20-ին` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Վլադիմիր Վարդանի Վանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

 Մանե Մանուկյան