Անմահ հերոս Էդմոն Մնացականյան
Էդմոն Արտակի Մնացականյանը ծնվել է 2001թ.-ի փետրվարի 10-ին` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Էդմոնը բարի, անկեղծ, հոգատար, ազնիվ տղա էր: Հոգատար էր՝ հատկապես իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Միամիտ ու համեստ բնավորություն ուներ: Շա՜տ, չափից շատ սիրում էր շոկոլադ ուտել: Սրտաբաց մարդ էր ու ամեն կերպ փորձում էր օգնել բոլորին։ «Մանկության տարիներին Էդմոնը շատ աշխույժ, բայց միևնույն ժամանակ շատ խելոք է եղել, անսահման ընկերասեր, միշտ սիրել է կարգ ու կանոն, դեռ փոքր տարիքից՝ գրեթե ամեն օր դասավորում էր իր պահարանը»,- ասում է քույրը` Անուշը։
Նախնական կրթությունը ստացել է Աբովյանի N 10 միջնակարգ դպրոցում, այնուհետև Աբովյանի N 4 ավագ դպրոցում։ Սիրել է սպորտը երկար տարիներ զբաղվել է կարատեով, լողով և ֆուտբոլով։
Մանկության ընկերներից Սերյոժան՝ հիշում է, թե ինչքան էին կռվում փոքր ժամանակ. «Կռվարար ենք եղել փոքր տարիքում։ Հետո միասին սովորել ենք նույն դասարանում։ Դպրոցական աթոռները սոսնձում էինք, որ երեխաները նստեին վրան, մորեխներ էինք բռնում, բաց թողնում դասարանում, որ դասը խանգարեինք։ Մեր դասվարը նկատողություն էր անում մեր կատարած չարաճճիությունների համար»,- ժպիտով հիշում է Սերյոժան ու շարունակում․ «Էդմոնը սովորելու հետ սեր ուներ, արդեն ավելի մեծ տարիքում մաթեմատիկա և կենսաբանություն էր պարապում։ Նա ոսկի տղա էր ընկերության մեջ և առհասարակ, իր նման ընկեր հաստատ էլի կուզեի ունենալ, շատ նվիրված էր, եթե ինչ-որ բան ունենար՝ անպայման պետք է կիսեր բոլորիս մեջ»։
Դպրոցն ավարտելուց հետո՝ ուսումը շարունակել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիկական ֆակուլտետի պաշտպանված գրունտի տեխնոլոգիայի բաժնում:
Էդմոնի մորաքրոջ աղջիկը` Վարսինեն, այսօրվա պես է հիշում իրենց մանկությունը, թե ինչպես էր իրենց բարեկամուհին Ամերիկայից նվերներ ուղարկում և այդ տուփերի մեջ հիմնականում շոկոլադե նապաստակներ էին լինում, որոնք Էդմոնը չափից շատ էր սիրում. «Մի անգամ էլ արդեն հասցրել էր հանել այդ կաթնային շոկոլադները, մտել էր սեղանի տակ ու արագ-արագ ուտում էր։ Ես ու Անուշը փոքրուց միշտ երգել ենք ու երբ տանը ժամերով ձայնավարժություններ էինք անումը, Էդմոնը բարկանում էր, բայց նաև սիրում էր, երբ երգում էինք։ Ինքը բարձր երաժշտական ճաշակ ուներ։ Նաև սարքավորումներից էր գլուխ հանում թղթից նավակներ էր պատրաստում ու հատուկ մեխանիզմով՝ հոսանքից միացնում էր, աշխատում էին»։
2019թ.-ի հուլիսի 13-ին Էդմոնը զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արմավիրի մարզի զորամասերից մեկում, այնուհետև՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում(Որոտանում)։ Բանակում մասնագիտությաբ եղել է տանկիստ-մեխանիկ։
«Միշտ երազել է ունենալ իր սեփական հողատարածքը, որտեղ ծառեր կտնկի, կմշակի, որովհետև հայրիկս մանկուց սովորացրել էր իրեն։ Ու մինչև հիմա էլ իր դարակում չիլի կծվահամ պղպեղների սերմերից կա, որոնք պահել էր, որ գալուց հետո ցաներ, մշակեր։ Երբ զինվորական արձակուրդ է եկել, գնացել էր դպրոց, իր այդ ցանկությամբ կիսվել նաև դպրոցի տնօրենի հետ, որ զորացրվելուց հետո ուզում է իր սեփական հողատարածքն ունենալ։ Իր զոհվելուց հետո` Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրենը Էդմոնի անունով ջերմոց է բացել դպրոցի հետնամասում»,- պատմում է Անուշը։
2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Էդմոն Մնացականյանը՝ լինելով առաջնագծում, մասնակցել է Ջրականում մղվող մարտերին։
«Ես արդեն մեկ տարվա ծառայող էի, երբ Էդմոնը եկավ, բայց մենք շատ մտերիմ ենք եղել միմյանց հետ, շատ լավ տղա էր, ընկերասեր, նվիրված` որպես ծառայակից ընկեր, ընդհանուր շատ ծանոթներ ունեինք։ Պատերազմական գործողությունների ժամանակ նույն տեղում ենք մնացել միասին։ Զոհվելու դեպքի օրը՝ առավոտյան, մեր մարտկոցին օգնություն է պետք եղել և դասակի հրամանատարին երեք հոգի զինծառայող է պետք եղել, որպեսզի իրեն օգնեն՝ այդ խմբի մոտ գնալու համար և այդ երեք զինծառայողներից մեկը եղել է Էդմոնը, որն ինքնակամ որոշել է գնալ և այդ ժամանակ էլ պատահել է դեպքը․ անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել են»,- պատմում է ծառայակից ընկերներից Արմանը։
Էդմոն Արտակի Մնացականյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին` Ջրականում։ Վեց ամիս անհայտության մեջ մնալուց հետո՝ մարմինը գտնվել է 2021թ.-ի ապրիլի 5-ին։ Նրա աճյունը հանգչում է հայրենի Աբովյան քաղաքի գերեզմանատանը։ Ցուցաբերած արիության, կամային բարձր որակների, խիզախության, հայրենիքի հանդեպ անմնացոր նվիրումի համար Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: