Անմահ հերոս Իլյա Հակոբյան

Իլյա Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 2002թ.-ի հունվարի 12-ին՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Նախնական կրթությունը ատացել է տեղի` Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում։ «Իլյան յուրահատուկ երեխա էր, մեր ընտանիքում տասներկու տարի հետո ծնվեց, բայց երեխաս ընդամենը տասնութ տարի հասցրեց ապրել։ Երբ մանկապարտեզ էր հաճախում՝ նախաճաշին թեյի հետ միասին կոնֆետներ էին տալիս ու ինքն իր բաժինը միշտ բերում էր քույրերին։ Նաև շատ չարաճճի էր, սիրում էր լուցկիների հետ խաղալ ու մի քանի անգամ փորձել է տան անկողինն այրել, բայց միևնույն ժամանակ՝ շատ հասկացող էր, փոքր տարիքից ընտանիքի հոգսերով ապրող երեխա էր»,- պատմում է մայրը` Յանան։

2017-2018թթ.-ին Իլյան սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանոււմ։ Ընդամենը մեկ ամսում՝ իր ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ, հասցրել է ճանաչվել «Լավագույն զինվոր-մարզիկ» և պարգևատրվել մեդալով։

Վարժարանում սովորելու տարիներին նա հասցրել է սիրվել բոլորի կողմից, մասնակցել է բազմաբնույթ միջոցառումների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր։ Իլյան եղել է դասընկերների ուրախությունը, իր հումորներով միշտ լցրել է դասարանը, աշխուժացրել բոլորին։ Ազատ ժամանակ զբաղվել է ընթերցանությամբ։ Մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին։ Ե՛վ դպրոցում, և՛ վարժարանում սովորելու տարիներին՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել Ստեփանակերտում կազմակերպված տարբեր մրցաշարերի․ հնգամարտի մրցումների, այնուհետև՝ Արցախի, Հայաստանի մարզերի, Երևան քաղաքի։ «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով` Արցախում գրավել է 1-ին, Հայաստանում՝ 2-րդ պատվավոր տեղերը։

«Համբերատար, հանդուրժող ու մեծահոգի էր եղբայրս։ Մեր տարիքային տարբերությունը տասնչորս տարի էր ու երբ ես տեղափոխվել էի Ստեփանակերտ աշխատելու՝ ինքը խնայողական դրամարկղ էր պահում ու գումար էր հավաքում։ Հետո ամբողջ հավաքված գումարն ինձ էր ուղարկել»,- ժպիտով հիշում է քույրը` Հասմիկը և շարունակում. «Ինքը սպորտ շատ էր սիրում, վոլեյբոլիստ էր, անընդհատ գյուղի մարզադաշտում ինքն իրեն մարզվում էր, կոփվում էր ու այնքան էր տարված մարզումներով, որ մի անգամ բաճկոնը մոռացել էր այնտեղ ու երկար ժամանակ փնտրում էինք։ Հիմնականում կենսաբամություն ու ֆիզկուլտուրա առարկաներն էր շատ սիրում, ուզում էր ռազմական բժիշկ դառնալ»։

Իլյան վոլեյբոլի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին 1-ին և 2-րդ տեղերն է զբաղեցրել` արժանանալով մեդալների և պատվոգրերի։ Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) ֆիզկուլտուրայի ֆակուլտետի «Վոլեյբոլ»- ի բաժինը։ Միշտ երազել է վոլեյբոլի դպրոց հիմնել գյուղում և մարզել երեխաներին։ Նա չի հասցրել ընդունվելուց հետո գնալ դասի, քանի որ 2020թ.-ի օգոստոսի 10-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասերից մեկում։ Իլյան հասցրել է մեկ ու կես ամիս ծառայել, բայց հարազատների խոսքով՝ մեծ ոգևորությամբ է ծառայել։ Ընտանիքի անդամները ընդամենը մեկ անգամ են տեսել Իլյային, քանի որ համավարակի հետ պայմանավորված՝ անգամ երդման արարողություն չի եղել։

«Ոչ մի անգամ չի բողոքել ծառայությունից, հենց փոքրուց էլ ինքը իրեն մեծ մարդու նման էր պահում ու հիշում եմ, երբ մի անգամ ամուսնուս աշխատակազմի անդամներն էին մեզ հյուր եկել, ինձ ասաց, որ իրեն էլ ափսե դնեմ, նստի իրենց հետ ու մեծի նման հարցեր էր տալիս, զրուցում էր։ Այդ ժամանակ ընդամենը 5-րդ դասարան էր։ Երեխա հասակից ինքը իրեն իսկական տղամարդու նման էր պահում, եթե ինքը ճիշտ էր, մինչև վերջ իր խոսքը առաջ էր տանում, քննարկումների մեջ էր մտնում։ Փոքր ժամանակ, երբ չարաճճիություն էր անում, հայրն ասում էր՝ հենց չարություն անես, ուրեմն պետք է` որպես պատիժ, հիսուն հատ հրում անես։ Ինքն էլ անում, վերջացնում էր ու ուրախ-ուրախ հորն ասում էր, որ սա պատիժ չէր այլ իրեն օգուտ՝ էլ ավելի կոփվելու համար։ Եվ իսկապես՝ շատ էր կոփվել, ինքն իրեն հարմարանքներ էր ստեղծել, պարկի մեջ ավազ էր լցրել ու պարապում էր ամբողջ օրը»,- ասում է մայրը։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, հրետակոծվում է նաև Իլյայի հարազատ գյուղը և ընտանիքի անդամները տեղափոխվում են կողքի բնակավայր` ավելի անվտանգ լինելու համար։ Իլյան այդ օրը երեկոյան զանգահարել է, շատ կարճ խոսել մայրիկի հետ և դրանից հետո շուրջ ութ օր չի կարողացել կապի դուրս գալ որևէ մեկի հետ։ Հետո, երբ հնարավոր է դարձել կապվել ընտանիքի անդամների հետ, շատ ծանր ապրումների մեջ է եղել, քանի որ կորցրել է ծառայակից ընկերներից շատերին։

Իլյան մասնակցել է Հադրութի, Մարտունու և Շուշիի համար մղվող մարտերին։ Պատերազմի առաջին օրերին վաշտի անդամներից կեսը զոհվել են՝ ինքն ու իր ընկերներն են վիրավոր ու զոհված ընկերներին դուրս բերել մարտադաշտից։

Վերջին անգամ ծնողներին հաջողվել է խոսել տղայի հետ նոյեմբերի 6-ին։ Արդեն նոյեմբերի 7-ից՝ բոլոր զանգերը մնացել են անպատասխան։ Ծառայակից ընկերների խոսքով, որոնք Իլյային տեսել են այդ օրերին, ասել են, որ թեթև վիրավորվել է, շապիկով կապել է վերքն ու համառորեն շարունակել մարտը։ Իլյա Հակոբյանն նոյեմբերի 9-ին անմահացել է գլխի հրազենային վիրավորումից` իր սիրելի Շուշիում կռվելով և համառ դիմադրություն ցույց տալով հակառակորդին։ Նրա աճյունը հանգչում է Աբովյանի զինվորական պանթեոնում։

Իլյայի զոհվելուց հետո` նրա քույրը, եղբոր մասին գրված հոդվածները ու հուշագրությունները որոշել է հավաքել գրքում, որը կոչվում է «Իլյան»։ Գրքի շապիկի նկարում Իլյան է պատկերված, որը նկարել է տաղանդավոր դիմանկարիչ Արսեն Պետրոսյանը, ինչպես նաև Շուշիի՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի ուրվագծերը հենց Իլյայի սրտի զարկերի մեջ է։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Իլյա Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան