Անմահ հերոս Պարույր Հարությունյան
«Մեր սահմանները արյունով են գծված, ոչ թե փշալարով: Փշալարը ժանգոտում, կորում է, իսկ արյունը՝ մի բույսի արմատներ ամրացնում: Մեր հողերն էլ հայ են՝ արյունով հարազատ, մի թիզ կորցնելու դեպքում համարեք, որ կտրում ենք մեր մարմնից զարկերակը, իսկ մենք ինքնասպան լինելու իրավունք չունենք՝ մենք միայն պետք է արարենք»: Պարույր Հարությունյան, 12.04.2016
Պարույր Գեղամի Հարությունյանը ծնվել է 1994թ.-ի հուլիսի 11-ին՝ Երևան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Մովսես Գորգիսյանի անվան Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում։ Փոքրիկ Պարույրը չի սիրել դպրոց հաճախել, բայց փայլուն գիտելիքներ է ունցել ցանկացած բնագավառից։ Նա 9-րդ դասարանից ընկերոջ խորհրդով գնացել է «Թատրոնիկ» թատերախումբ։ 12-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեժիսուրայի բաժին։ «Մանուկ հասակում շատ է սիրել դիտել մուլտֆիլմեր ու անգամ մեծ տարիքում էլ դիտել է և ինչպես ասում են` մուլտֆիլմեր դիտում են բարի մարդիկ։ Պարույրի զոհվելուց հետո մայրիկս գտել է նրա՝ տետրի մեջ գրված հիշողությունները։ Հիշողությունների տետրում մասնավորապես գրել էր. «Հաճախեցի թատերախումբ և առաջին դերս եղավ ամանորյա ներկայացման ժամանակ բուի կերպարը, ընկերներս, որոնց հետ այն ժամանակ այլ կյանք էի վարում, ձեռք էին առնում, սակայն հասկացա, որ հիանալի տեղ եմ հաճախում։ Սկզբնական շրջանում դժվար էր, քանի որ ամաչում էի, սակայն ամիսներ անց՝ կարելի է ասել սիրահարվեցի թատրոնին…»։
9-րդ դասարանից կարելի է ասել եղբորս կյանքը գլխիվայր շրջվում է. գրքեր չկարդացող տղան՝ վերածվում է դասական գրականություն ընթերցող պատանու»,- պատմում է քույրը` Տաթևը։ Մանկության ընկերներից Նորայրն ասում է, որ մարդու կյանքում ամենահետաքրքիր ժամանակաշրջանը մանկությունն է, որն ինքն ու Պարույրն անցկացրել են միասին. «Մենք ամեն օրը կարողացել ենք լիարժեք դարձնել` նոր բացահայտումներով, գերակտիվ խաղերով, զանազան գրքեր կարդալով և իհարկե՝ ֆիլմեր նայել, քննարկելով։ Մենք և՛ դրսում, և՛ տանը հետաքրքիր ժամանց ենք ապահովել։ Մեր տները եղել են իրար հարակից, իրար հետ ենք ամեն ինչի միջով անցել և կարելի է ասել, որ բոլոր քայլերն այդ տարիների ընթացքում` մինչև վերջ միասին ենք արել։ Հաճախել ենք թատերական խումբ, հետո թատերական մասնագիտություններ ենք ընտրել, ինքը` ռեժիսոր, ես` դերասան։ Խաղացել ենք տարաբնույթ ներակայացումներում, ինչպես նաև մասնակցել ենք փառատոնների։ Յուրաքանչյուր իրադարձություն, որ տեղի է ունեցել մեր կյանքում՝ շրջադարձային է եղել։ Դպրոցական տարիներին, երբ խաղում էինք մանկական ամանորյա ներկայացում, ամենավերջին օրը` հենց առաջին տեսարանի ժամանակ, Պարույրը շատ անսպասելի իմպրովիզացիա արեց ու իր պատճառով այդ օրվա մյուս բոլոր տեսարանները չկարողացանք լուրջ խաղալ, ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղել ենք և դա ավելի էր տպավորվել հանդիսատեսի մեջ, քան հստակ բեմադրված, խաղացած մյուս սեանսները։ Շատ յուրահատուկ ու անմոռանալի պահեր են դրանք, որոնք ապրել ենք»,- պատմում է Նորայրը։
2013.-ից Պարույր Հարությունյանը տարբերվող ու ինքնատիպ ոճով ստեղծագործել է։ Նրա ստեղծագործություններն ընթերցելուց՝ ընտանիքի անդամները չեն կարողացել յուրացնել լիարժեք ասելիքը և հետագայում՝ այդ ստեղծագործությունները վերընթերցելուց հետո, որոշել են խմբագրել դրանք և գիրք տպագրել։ Կարծես երիտասարդը տարիներ առաջ՝ մեր այսօրվա իրականությանը մոտ ինչ-որ բաներ է գրի առել։ Օրինակ՝ անշունչ օրեր գլորելը, երբ որ արև է, բայց մեր սրտերում էլ արև չկա։ Դեռ 2013թ.-ից Պարույրը զգացել և իր գրվածքներում ներկայացրել է մեր ներկան։ Հարազատների հորդորներին չլսելով՝ նա շարունակել է թատերական գործունեությունը, երազելով` տանիքում թատրոն բեմադրել, ավա՜ղ չի հասցրել այդ մտահղացումն իրականացնել։
2016-2018թթ.-ին ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասերից մեկում` որպես հրաձիգ։ Վեցամսյա ուսումնական դասընթացն ավարտելուց հետո` հրամանատարությանը խնդրել է, որ իրեն ավելի լուրջ մասնագիտությամբ ծառայության տանեն և իրեն տարել են հետախուզական վաշտ, որում ծառայությունը շարունակել է՝ որպես հետախույզ։
Ազգականներից Վարդանի խոսքով՝ Պարույրն աշխույժ, խելացի, և մարդասեր տղա էր․ «Ամառային արձակուրդների ժամանակ ինքը միշտ գալիս էր մեր գյուղ, հետաքրքիր բնավորություն ուներ։ Նաև շատ երեխասեր էր։ Ես միշտ դեմ եմ եղել իր ընտրած մասնագիտությանը, քանի որ ես իրեն ավելի շատ ուրիշ ոլորտների մեջ էի պատկերացնում։ Մի անգամ նույնիսկ բարկացել եմ իր վրա, թե ինչու՞ է մուլտհերոսի շորեր հագնում, կարող է ավելի եկամտաբեր աշխատանքով զբաղվել, քանի որ ունի բարձրագույն կրթություն, բայց ինքը ինձ հարցրել է, թե արդյո՞ք ես կարող եմ երեսուն երեխայի ուրախացնել մի քանի րոպեում»։
Ուսանող տարիներին և դրանից հետո՝ Պարույրը «Կարին» ավանդական երգի-պարի համույթում մասնակցությունն է ունեցել իր հոգուն ու սրտին հարազատ ազգային-ազգագրական պարերում։ Ընկերներին մշտապես հորդորել է, որ գնան օդանավակայաններում պարեն, որպեսզի Հայաստանից հեռացողները հայրենասիրությամբ լցվեն ու չցանկանան լքել իրենց հայրենիքը։ Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՛՛Artn TV Station՛՛ ընկերությունում` որպես «Անիի գաղտնիքը» ֆիլմի ռեժիսոր։ 2019-2020թթ.-ին աշխատել է «Բումբումիկ» ընկերությունում` որպես խաղավար։ Պարույրը հայտնի է եղել տարբեր կեղծանուններով. Պրե` ընկերների կողմից, Պույ` համալսարանում, Պիկ-Պոկ` աշխատավայրում և Պաշ` արդեն պատերազմի դաշտում։
«Քանի որ ինքը անվճար հիմունքներով էր ընդունվել ինստիտուտ, ուսումն ավարտելուց հետո` 22 տարեկան հասակում է մեկնել ծառայության, երբ ինքը գնաց այդ ժամանակ ապրիլյան պատերազմը նոր էր ավարտվել, սակայն պատերազմի ժամանակ ինքը կամավորագրվել էր, բայց իրեն չտարան, քանի որ դեռ չէր անցել պարտադիր զինվորական ծառայություն։ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ համացանցից լսեցի սանձազերծված պատերազմի մասին, անկախ ինձնից քայլերս դեպի եղբորս ննջասենյակ տարան, բայց նա արդեն արթնացել էր ու չգիտես ինչու՝ որոշել էր մեզ համար նախաճաշ պատրաստել։ Այդ օրը մենք կերանք իր ձեռքերով պատրաստված նախաճաշը։ Դրանից հետո ինքը գնացել է աշխատանքի, ավարտից հետո` բոլորիցս թաքուն կամավորագրվել, և նույնիսկ մեզ հրաժեշտ չտալով, մեկնել ռազմաճակատ, իր՝ խենթ հայրենասերի տեսակին բնորոշ։ Ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում մշտապես զանգել է մեզ, շատ երջանիկ էր, ինքն այնպես էր իրեն ներկայացնում, որ կարծես երանության մեջ էր։ Մեզ հասած նկարներում էլ ինքը ժպիտով է՝ ասես իր քսանվեց տարիների ամբողջ էներգիան պահած լիներ պատերազմի համար»,-պատմում է Տաթևը։
Մարտական ընկերների խոսքով Պարույրը ռազմադաշտում եղել է և՛ բժիշկ` վազել է խրամատից խրամատ օգնություն ցույց տալու վիրավոր ընկերներին, և՛ քահանա` բոլոր զինվորների համզգեստներին խաչեր է նկարել, և՛ խոհարար` Հադրութի դաշտերից հավաքած բանջարեղեններով ամենահամեղ ճաշերն է պատրաստել տղաների համար։ «Ամենավերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին՝ Հադրութից։ Պարույրի հեռախոսազրույցներից հնչած հիմնական բառը եղել է «Կգամ…»-ը»,- պատմում է քույրը։
Պարույր Գեղամի Հարությունյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին՝ հանուն հայրենիքի։ Նա 10 ամիս 4 օր համարվել է անհետ կորած և միայն 2021թ.-ի օգոստոսի 18-ին՝ երկկողմանի ԴՆԹ-ի հաստատումից հետո է նրա աճյունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանձնվել հողին։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: