Անմահ հերոս Դավիթ Գրիգորյան

Դավիթ Լյովայի Գրիգորյանը ծնվել է 2000թ.-ի նոյեմբերի 17-ին` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսների բաժին։

«Դավիթս շատ կապված էր ինձ հետ, կարելի է ասել մեկ վայրկյան առանց ինձ չէր մնում։ Չորս տարեկանում հաճախել է գիմնաստիկայի, դրանից հետո՝ գնացել է դպրոց ու դպրոցի հետ միաժամանակ հաճախել է կառատեի և շախմատի։ Տարբեր ոլորտներում փորձում էր իրեն, որ հասկանար որն է իրենը։ Ես գիտեի, որ կառատեն իրենից շատ-շատ հեռու սպորտաձև էր ու մի գեղեցիկ օր որոշեց, որ շարունակում է շախմատն ու իսկապես շատ էր սիրում շախմատ խաղալ։ Կարճ ժամանակահատվածում՝ մեր մարզում երկրորդ կարգ ստացավ։ Քչախոս էր, չէր սիրում մարդաշատ վայրեր, խոսում էր միայն այն ժամանակ, երբ իրեն հարց էին տալիս, չէր սիրում փողոցում երկար մնալ։ Մանկապարտեզ չի հաճախել, ես տարել եմ, ինքը չի մնացել ու քանի որ ես տանն էի՝ իրենով էի զբաղվում ամբողջ օրը։ Ընկերասեր էր իր համար ընկերությունը սրբություն էր, շատ դժվարությամբ էր ինչ-որ մեկին իրեն իսկական ընկեր համարում։ Ես միշտ երազել եմ, որ տնտեսագիտական համալսարանում սովորեմ, հանգամանքների բերումով չի ստացվել, իսկ հետո արդեն երազում էի, որ երեխաներս սովորեն և մեծ դուստրս ընդունվեց ՀՊՏՀ։ Երբ արդեն Դավիթիս ժամանակը եկավ, ասացի դու էլ իրավաբանություն ընտրիր, տնտեսագետն արդեն ունենք, բայց ինքը որոշեց իր մասնագիտությունը, մի քանի ամիս պարապեց ու ես համալսարանի կայքից եմ տեսել, որ ընդունվել է։ Մինչև օրս էլ կապ եմ պահում իր համակուրսեցիների, դասախոսական կազմի հետ։ Ոչ մի օր չի ուշացել և չի բացակայել դասերից։ Նույնիսկ զորակոչվելուց առաջ՝ դիմումի համաձայն բոլոր քննությունները հանձնել է, նոր է զարակոչվել բանակ։ Ուներ չափից ավելի լուրջ մոտեցում դասերի և իր իսկ մասնագիտության նկատմամբ»,- պատմոմ է մայրը` Սուսաննան։

Դավիթի մանկության ընկերներից Գոռն ասում է, որ իրենք ընկերներով շատ աշխույժ են եղել, իսկ Դավիթը միշտ տարբերվել է իր համեստությամբ։ Միասին հաճախել են կառատեի։

«Դպրոցական տարիքում Դավիթն ուժեղ էր մաթեմատիկայից, ֆիզիկայից, հաշվարկներից։ Միասին նույն դպրոցում ենք սովորել, ավարտելուց հետո էլ՝ նույն օրը զորակոչվել ենք բանակ։ Նաև գերմաներենին էր լավ տիրապետում, մեր դպրոցում խորացված անցնում էինք գերմաներեն ու ովքեր որ լավ էին տիրապետում՝ գնում էին գերմանացի ուսուցչի մոտ սովորելու։ Համեստության հետ միաժամանակ՝ Դավիթն ուներ սուր հումոր ու ընկերական շրջապատում հենց զգում էր, որ ինչ-որ մեկի տրամադրությունն այն չէ, միանգամից սկսում էր կատակել։ Երբ պատերազմի ժամանակ ստացել էր «Արցախի հերոս»-ի կոչումը, մեր ընդհանուր ընկերներից մեկը զանգել էր, շնորհավորել, ասել էր արդեն հերոս ընկեր ունենք և Դավիթը միանգամից իրեն բնորոշ համեստությամբ կատակել էր, ասելով, թե ախպերս, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»,- պատմում է Գոռը։

Համակուրսեցի ընկերները նույնպես փաստում են, որ համալսարանում ևս Դավիթը եղել է քչախոս, եթե չի իմացել որևէ հարցի պատասխան՝ պարզապես նախընտրել է լռել։ Դավիթին ընդամենը հինգ րոպե է պահանջվել պատրաստվելու ու ամբողջ դասաժամը լցնելու համար։ Դասերի ժամանակ իրեն զգացել է ինչպես ձուկը ջրում։

Դավիթ Գրիգորյանը բանակ է զորակոչվել 2019թ․-ի հունվարի 13-ին։ Վեց ամիս ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում։ Այնուհետև՝ պարտադիր զինվորական ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում` որպես ավագ սերժանտ, հակատանկային Ֆագոտի հաշվարկի հրամանատար։

«2020թ.-ի սեպտեմբերի 27-ի երեկոյան զանգահարեց, արդեն գիտեինք, որ պատերազմ է սկսվել ու մեզ հանգստացնում էր ասելով՝ գիտե՞ք իմ զենքը որտեղից է կրակում, բայց ինքը առաջնագծում է եղել։ Ու նույն օրը, ժամը 8-ից 9-ի սահմաններում՝ խոսել է հարազատներից մեկի հետ ու ասել, որ արդեն հասցրել է չորս տանկ խոցել ու խնդրել է, որ հանկարծ մեզ չասի այդ մասին, որպեսզի չհասկանանք, որ առաջնագծում է։ Ու ամեն օր ինձ պարտադիր զանգում էր երեկոյան ժամերին՝ մինչև նոյեմբերի մեկը։ Ինքը խոսելու մի տոն ուներ ու երբ հարցեր էի տալիս և սկսում էր այդ տոնայնությամբ խոսել, արդեն հասկանում էի, որ ոչ մի հարց էլ չտամ»,- պատմում է մայրը։

Ծառայակից ընկերներից Վիտալին, որն ամբողջ պատերազմական գործողությունների ժամանակ ծառայությունն իրականացրել է Դավիթի կողքին՝ նույն տեղանքում, ասում է, որ Դավիթի համար Ֆագոտին տիրապետելը շատ հեշտ էր, քանի որ ինքը չափից ավելի խելացի էր ու ամեն բան արագ հասցնում էր սովորել և հետագայում իր այդ գիտելիքների պաշարը կարողացել է գրագետ ձևով ներդնել հայրենիքի պաշտպանության գործում մղվող մարտերի ժամանակ՝ թշնամուն հասցնելով ահռելի քանակով զրահատեխնիկայի կորուստ. «Հիշում եմ, երբ մարտկոցի հրամանատարը նկատեց համազարկային կրակի ծանր հրանետային համակարգը (ՏՕՍ), շրջվեց, նայեց Դավիթին և Դավիթը՝ առանց կաշկանդվելու, իր բնավորության նման հանգիստ նշանառեց ու միանգամից հարվածեց։ Բոլորով այնքան էինք ուրախացել, որ տանկերից բացի նաև ՏՕՍ ենք ոչնչացրել։ Այսօրվա պես եմ հիշում, թե հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարոււթյունյանը ինչպես ռադիոկապով հայտարարեց, որ մեր մարտկոցից հերոսի կոչում են շնորհել Ալավերդյան Յուրային և Գրիգորյան Դավիթին։ Դրանից հետո զրույցներ էին գնում, որ այդ մեդալեները անձամբ պետք է փոխանցեն մեր տղաներին, բայց իրենք չէին էլ ուզում գնալ այդ մեդալների հետևից, միշտ ասում էին՝ ձեզ չենք կարող թողնել ու գնալ, պետք է դեռ կռիվ մղենք, մեդալի համար դեռ շուտ է մտածելը»,-հիշում է Վիտալին։

«Տղայիս հետ վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 1-ի կեսօրին, վախենում էի, անընդհատ ասում էի, որ երկար չխոսի, անջատի, բայց ինքը շատ հանգիստ ասում էր, որ ևս մի քանի րոպե էլ կարող է խոսել, նաև ասաց, որ հնարավոր է մի քանի օր չկարողանա կապի դուրս գալ, քանի որ կապի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ասաց, որ հանկարծ չանհանգստանանք ու ես այդ պահին հասկացա, որ ինքը գնում էր առաջադրանք կատարելու, որովհետև իրեն անընդհատ կանչում էին»,- հիշում է մայրն ու հուզմունքը թաքցնելով շարունակում․ «Այդ ծանր օրերին, որպեսզի տանը մենակ չմնայի ՝ դուրս էի եկել տանից, ծանոթների միջավայրում նստած էինք, հեռախոսով լուրերին էինք հետևում և հանկարծ լսեցինք Արցախի նախագահ Հարությունյանի խոսքը, թե ինչպես է ասում՝ «Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվում է «Արցախի հերոս»-ի կոչում, զինվորն այս պահին պատվով շարունակում է ծառայությունը առաջնագծում»։ Ես չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ էր ինձ հետ կատարվում այդ պահին, հուզմունքս ու հպարտությունս խառնվել էին իրար և ես էդ նույն պահին զգացի նաև Դավիթիս կորցնելու վտանգը։ Դրանից հետո՝ երեկոյան մեր տանն անգամ տեղ չկար կանգնելու, բոլորը լսել էին, եկել էին շնորհավորելու և տղաս իր մշտական ժամին զանգահարեց, հեռախոսը վերցրի, ասացի իմ հերոս բալա, ինքը զարմացած ասաց՝ «մա՜մ ջան, լսել եք արդեն, վերջացրեք, ես ընդամենը իմ ծառայությունն եմ իրականացնում»։ Հետագայում իր ծառայակից ընկերները նույնպես փաստում էին իր համեստության մասին, որ միմիկա անգամ չի փոխել այդ կոչումը ստանալուց հետո»,-պատմում է մայրը։

Արցախյան քառասունչորսօրյա պատերազմական գործողությունների ժամանակ Դավիթը՝ մարտական առաջադրանք կատարելիս բեկորային թեթև վնասվածք էր ստացել, գրեթե աննշան։ Բեկորը հարվածել էր զրահաբաճկոնի պաշտպանիչ քարին և այդ երկաթի կտորը Դավիթը միշտ պահում էր իր մոտ։ Զինվորն առաջին շարքում էր ու իր հետ բոլորը իրենց ապահով էին զգում, ուրախանում էին, որ հերոս Դավիթն իրենց կողքին է. «Նա ինչքան տանկեր նշանառել է, ոչ մի անգամ չի եղել, որ վրիպի։ Դեպքի օրը՝ ևս երեք տանկ խոցելուց հետո, երկու զինակից ընկերների հետ միասին անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է»,- պատմում է ծառայակից ընկերը։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից Արցախում մասնակցել է պատերազմական գործողությունների, Արցախի Հանրապետության Վարանդայի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր հետևակի մարտական մեքենա՝ ինչի համար հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն պետական կոչմանը` պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով։

Դավիթ Գրիգորյանն անմահացել է նոյեմբերի 2-ին։ Հուղարկավորված է Սարդարապատի գերեզմանատանը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Մանե Մանուկյան