Գագիկ Մելիքի Դոլմազյան

Ծնված 1953թ․ նոյեմբերի 17-ին Երևանում։

Ապրում էր կնոջ, երկու անչափահաս երեխաների հետ Երևանում։

Մասնագիտությունը՝ ինժիներ-մեխանիկ։

Աշխատում էր Երևանի Հիդրոապարատների գործարանում որպես տեխնոլոգ։

Զոհվել է 1988թ․ դեկտեմբերի 11-ին ժամը 23․00-ի սահմաններում ԵՐևանում, Նալբանդյան փողոցում՝ սեփական մեքենայով ճզմվելով սովետական բանակի զրահամեքենայի տակ։

Թաղված է Երևանում, Նորքի հին գերեզմանոցում։

 

1988թ․ դեկտեմբերի 11․ համազգային սուգ, հատուկ դրություն, խորհրդային երկրի բարձրագույն ղեկավարի այց ավերված Հայաստան, ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտե։ Բնական ու անբնական ուժերից ահաբեկված, բայց անկոտրում ժողովուրդ, բողոքի ցույցեր․․․

Դեկտեմբերի 11․ արթնացած ժողովրդի ինքնագիտակցության հաստատման աներեր ապացույց․․․

Օրն անցնում էր գերլարված։ Օրն անցնում էր, սակայն չանցավ և վրիառու ամենակուլի նման խլեց իր բաժինը․․․

Մոտավորապես ժամը 23-ն էր։ Մեր սեփական « Զապորոժեց» մեքենայով տուն էինք գնում։ Անձրև էր գալիս և շուտով սկսվելու էր պարետային ժամը։

Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում երկու երիտասարդ մեքենա էին կանգնեցնում։ Վերցրեցինք՝ որ ոչ անձրևի, ոչ էլ պարետային ժամի տակ չընկնեն։ Սարսափելի է հիշել, թե ինչպես, երբ դեռ չէինք հասել հաջորդ՝ Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Գագիկը և հետևի նստած երիտասարդներից մեկը, որի «բարի երեկոյին» դեռ նոր էինք պատասխանել, ճզմվեցին Կ 11389 զորամասի դեսանտային ստորաբաժանման թրթուրավոր զրահամեքենայի տակ։

Իմ հետևում նստած անծանոթ երիտասարդի հետ ահավոր տեսարանից քարացած կուչ էինք եկել մեքենայի չճզմված կեսում․․․

1988թ․ դեկտեմբերի 11՝ համազգային  սուգ, հատուկ դրություն, սովետական երկրի բարձրագույն ղեկավարի այց կործանված Հայաստան, ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտե․․․ Խորհրդային բանակի գիշատիչ զրահամեքենայի տակ ջնջխված երկու անմեղներ․․․

Հետո ուշքի եկա, նետվեցի դեպի զինվորները, խնդրեցի, որ մի բան անեն, օգնեն։

_Մենք այդպիսի հրաման չունենք․․․ 1988թ․ դեկտեմբերի 11, աղետ, Գորբաչովի այցը Հայաստան, N 11389 զորամասի թրթուրավոր զրահամեքենա N 101…

Այրի՝ Գագիկ Դոլմազյանի