Անմահ հերոս Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Արթուրի Խաչատրյանը ծնվել է 1991 թ.-ի օգոստոսի 15-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Բացի հայրենի քաղաքից՝ վաղ տարիքում բնակվել է նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում և Ռուսաստանի Դաշնությունում։

Հովհաննեսը մանկության տարիներին զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով և հասցրել է մի քանի առաջնություններում հաջողություններ գրանցել։ Եղբայրը՝ Սևակը, Հովհաննեսի մանկություն մասին պատմելիս առանձնահատուկ խոսում է նրա կամքի ուժի ու խելացիության մասին. «Մենք ծանր մանկություն ենք ունեցել ու ինքն ինձ համար հոր պես է եղել։ Հավատարիմ, խելացի ու կյանքի փորձություններից չվախեցող եղբորս հետ՝ կարողացել ենք ստեղծել լավ ընտանիք, որը վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»։

2009թ.-ին Հովհաննեսը մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասերից մեկում։ Հաստիքով կապավոր է եղել, եղբոր խոսքով՝ առանձնացել է ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր որակներով ու հաճախ է պարգևատրվել։

2012թ.-ից սկսել է պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնել Գյումրու զորամասերից մեկում։ Զուգահեռ սովորել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնում։ Այդ տարիներին ծանոթացել է ապագա կնոջ՝ Ջուլիայի հետ։ 2014թ.-ին նրանք ամուսնացել են, ունեն երկու որդի։ Ջուլիան պատմում է, որ ամուսնու կողքին անցկացրել է իր կյանքի լավագույն ժամանակահատվածը և դրական զգացողություններ է ունեցել.

«Հովոն ինձ համար միայն ամուսին չի եղել, այլ նաև լավ ընկեր, որն ամեն հարցում իմ կողքին է եղել։ Երեխաների համար ինքը շատ լավ հայր էր, որ տանն էր լինում, ինքն էր երեխաներին լողացնում, կերակրում։ Մեր մեծ տղային շատ էր հետը զորամաս տանում ու Արթուրիս մեջ մեծ սեր կա դեպի բանակը, ուզում է ռազմական օդաչու դառնալ»,- պատմում է Ջուլիան՝ ավելացնելով, որ ամուսնու վերջին պատգամներից է եղել որդուն ուսաման տալը։

2017թ.-ին Հովհոննեսը հասցրել է նաև ընդունվել Գյումրու Պրոգրես համալսարանի «Ֆինանսներ» բաժինը, բայց ավարտել՝ չի հասցրել։

Զինվորականի տան պատին Նժդեհի նկարն էր փակցված, համազգեստին՝ Մոնթեի։ Հովհաննեսի հայրենասիրության մասին պատմում են ոչ միայն հարազատները, այլև զինակից ընկերները։ Նա բանակի և համազգեստի նկատմամբ առանձնակի հարգանք է տածել։ Կնոջ խոսքով՝ ամուսինը հպարտությամբ էր կրում այն և նշում, որ ամենաթանկ կոստյումի հետ անգամ չի փոխի․ «Երբ զորամասում միջոցառում էր լինում, անպայման ինձ հետը տանում էր ու հենց մտնում էինք զորամաս՝ ասում էր․ «Ոտքերդ մաքրիր ու եզրերով գնա, նոր ենք հատակը փայլեցրել»։ Անգամ ինձ չէր թողնում իր զինվորների մաքրածի վրայով անցնել»։

2018թ.-ին Հովհաննեսը տեղափոխվել է Արարատի մարզի զորամասերից մեկը՝ սահմանապահ ծառայություն իրականացնելու։ Այնտեղ նա ծառայում էր եղբոր՝ Սևակ Խաչատրյանի հետ։ Վերջինս պատմում է, որ ցանկացած գործ միասին անել ստացվում էր, բայց ծառայությունը՝ ոչ։ Տարբեր ջոկերում էին, հետևաբար՝ տարբեր մարտական դիրքեր էին պահում։ Եղբայրների վաշտի հրամանատարը՝ Ասկանազ Հակոբյանը, պատմում է, որ գրեթե երկու տարի է ծառայել Հովհաննեսի հետ, բայց հասցրել են լավ ընկերներ դառնալ. «Լավ մարդ էր, լավ զինվորական, լավ ընկեր, պատասխանատվության բարձր զգացում ուներ, որպես դիրքի ավագ էլ՝ օրինակ էր ծառայում մյուսներին»։

Արցախյան 44-օրյա պատերազմը սկսելիս՝ դիրքերում էին, ՀՀ պետական սահմանի արևմտյան ուղղությամբ։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 7-ին, Արցախ մեկնելու հրաման ստացան՝ պաշտպանելու հայրենի հողը հակառակորդի ոտնձգություններից։ Եղբայրներն իմանալով, որ իրենցից միայն մեկը պիտի գնա ռազմաճակատ՝ շարունակ վիճում էին։ Հովհաննեսը ցանկանում էր անձամբ գնալ, պատերազմական թոհուբոհից հեռու պահելով եղբորը, Սևակն էլ՝ ցանկանում էր, որ Հովհաննեսը մնա, փոխարենը ինքը պատրաստակամ էր գնալ։ Այս մասին փաստում է նրանց վաշտի հրամանատարը՝ Ասկանազը։ Ի վերջո, համառության արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին երկուսն էլ իրենց ստորաբաժանումների հետ մեկնում են Հադրութի շրջան։ Երկօրյա լարված մարտերից հետո՝ Հովհաննեսի ջոկի անդամները զոհվում են։

«Հենց իրենց կողմում իրավիճակը շատ լարված էր, տարբեր տրամաչափի զինատեսակներից էին խփում։ Քանի որ Հովոն իր ջոկի տղաներին ընտանիքի պես էր սիրում, մի կերպ համոզեցի, որ նրանց դիերը տուն հասցնի՝ սահմանված կարգով»,- պատմում է Սևակը։

Ընկերներին հողին հանձնելուց հետո՝ վրեժի ցանկությամբ լցված, Հովհաննեսը Արցախ է վերադառնում հոկտեմբերի 23-ին։ Երեք օր անց՝ անօդաչու թռչող սարքի նշանառության տակ է հայտնվում մեքենան, որի մեջ էր հենց Հովհաննեսը։ Նրան հաջողվում է մեքենայից դուրս նետել զինակից ընկերոջը, բայց ինքը՝ փրկվել չի կարողանում։

Հովհաննես Արթուրի Խաչատրյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանով արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհաննիսյան