Անմահ հերոս Նարեկ Բադալյան

Նարեկ Արմանի Բադալյանը  ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Երևան քաղաքում: Ընտանիքի առաջնեկն էր. ունի քույր և եղբայր: Նախնական կրթությունը ստացել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցում: Նարեկը դպրոցում լավ է սովորել, շատ խելացի և ընդունակ էր: Նա նպատակ ուներ ընդունվել  համալսարան՝ դառնալ իրավաբան, քանզի  ցանկանում էր քաղաքացիների իրավունքները պաշտպանել:

Նարեկի դպրոցական ընկերները պատմում են, որ նրա հետ դասերը շատ լավ են անցել, որովհետև դասարանի ամենահումորով աշակերտներից մեկն էր. «Դպրոցական տարիները մեր ամենալավ տարիներից են եղել, չի եղել մի օր, որ անհավես անցկացնենք մեր դասերը»,- պատմում է դասընկերուհին՝ Լիանան։

Քույրը՝ Գայանեն, պատմում է, որ եղբայրը շատ հետաքրքրասեր էր, ամեն ինչից գաղափար ուներ, բայց նրա  բնավորության կարևորագույն գիծը, որ Գայանեն առանձնացնում է՝ կարեկցող լինելն էր. «Ես չեմ ճանաչում մեկին, ով Նարեկի նման կարեկցող կլինի, չկար մի դեպք, երբ ես, իր շրջապատից կամ բարեկամներից մեկը հոգեբանական ծանր վիճակում լիներ ու Նարեկը անտարբեր անցներ։ Հոգու մարդ էր Նարեկս»։

Նարեկն իր հասակակիցների նման տաքարյուն էր ու կյանքով լի. «Ինքը միշտ  գրպանում սանր էր պահում, մենք իրեն հաճախ էինք ասում՝ ա՜յ սիմպո,  քանի որ անընդհատ սանրվում էր, ամեն անգամ մազերը հետ տանում ու ասում էր՝ հլը նայե՛ք, ինչ սիմպո եմ է՜»,- պատմում է Գայանեն։ 

Նարեկի մանկության ընկերներից Գարեգինը պատմում է, որ ծանոթացել են տասը տարեկան հասակում և մանկուց՝ իրենք իրենց սեփական գումարն են վաստակել,  որպեսզի ընտանիքի հոգսը մի փոքր թեթևացնեն. «Ինքն այն քիչ մարդկանցից էր, որ ինչ մտքին դնում էր՝ ինչ գնով էլ որ լիներ, հասնում էր։ Շատ աշխատասեր էր, ուզում էր ամեն ինչ ստեղծեր, նոր ընտանիք կազմեր»։

Նարեկի մյուս ընկերը՝ Նարեկը,  պատմում է, որ երբ փոքր էին, շատ էին կռիվներ անում. «Ամեն դժվարություն իրար հետ ենք անցկացրել, ունեցել ենք և՛  լավ, և՛  վատ օրեր։ Մեր բոլորի համար Նարեկը ուրիշ է եղել ու եթե  խոսեմ Նարեկի մասին, անդադար խոսելու եմ…»։ 

«Բնավորությամբ Նարեկս շատ բարի էր, չարաճճի, խելացի, իր բոլոր արարքների բացատրություն ուներ»,- ասում է Նարեկի հայրը՝ Արմանը։

Ընկերական շրջապատում Նարեկին բոլորը սիրում և հարգում էին, նա իսկական առաջնորդ էր` վերջին խոսքն իրենն էր։

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո` մեկն է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Սկզբնական շրջանում ծառայել է Գյումրու զորամասերից մեկում, հակատանկային ստորաբաժանումում` որպես կրտսեր սերժանտ, այնուհետև` ծառայել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի զորամասերից մեկում։

Բանակում Նարեկը շատ լավ է ծառայել, բոլորը նրան սիրում էին. «Նարեկին ուրիշ ձև եմ սիրել, ինքը այնքան լուսավոր էր, հիշում եմ` միշտ ճաշարան մտնելիս, Նարեկն առաջինն էր մտնում է՜, այլ երգելով ու երգերն էլ ըստ տրամադրության էին։ Օրս օր չէր, եթե Նարեկին չէին տեսնում»,- պատմում է Նարեկի զորամասի խոհարար Լիլիթը։

Նարեկը հայրենասեր էր, նրա համար վախ գոյություն չուներ։ Նա Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակցի էր, սակայն հայր և որդի տարբեր հատվածներում են մարտնչել։

Սերժանտ Բադալյանը Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է ամենաթեժ մարտերի բովում և խոցել է հակառակորդի երեք տանկ։

Զինվորի հայրըպատմումէ,որՆարեկը նեղացած է գնացել իրենից.

«Պատերազմի օրերին մենք անընդհատ իրար հետ կապի մեջ էինք, վերջին օրն էր, ասացի, որ եթե հետդ ընկերնե՞րդ են, հանկարծ իրենց չթողնեք, ասաց ` «Պա՛պ, ի՞նչ ես խոսում, ո՞նց կարամ ես ընկերներիս թողնեմ, իբր ես պիտի փախնեի, դու էլ ինձ ասում ես չփախնե՞ս»,- պատմում է Արմանն ու հավելում, որ այդ պահին զգացել է, թե ինչպես է տղան նեղսրտում»,- պատմում է հայրը։

Նարեկիհայրըտղայիմեջսերմանելէր, որինչէլլինի՝ պատերազմի դաշտում երբեք գերի պիտի չընկնի և այդպես էլ վարվեց Նարեկը: 

Նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում, հակառակորդի դիպուկահարը նկատել է Նարեկին ու իր երեք ծառայակից ընկերներին, կրակել է Նարեկի ոտքին, վիրավորել, որպեսզի հեշտությամբ կարողանան գերի վերցնել: Նարեկը զանգել է իր հորեղբոր որդուն, որը նույնպես պատերազմի դաշտում է եղել և ասել, որ շրջափակման մեջ են։ Եղբայրը նրան ասել է, որ սպասեն՝ մինչև օգնությունը տեղ հասնի, սակայն Նարեկն ասել է, որ ժամանակ չունի և խնդրել է փոխանցել ծնողներին, որ ինքը շատ է սիրում  նրանց, բայց  այլևս չի վերադառնալու տուն: Այնուհետև Նարեկը և իր ընկերները՝ գիտակցելով, որ այլ ելք չկա, որ գերի ընկնելն անխուսափելի է, վերջին կրակոցն ուղղել են իրենք իրենց և անմահացել են Արցախի գրկում։ 

Նարեկ Արմանի Բադալյանը հետահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Տիրուն  Մարգարյան