Անմահ հերոս Լևոն Ավետիսյան 

Էս տղերքի հետ կարելի է մեռնելու էլ գնալ` առանց մտածելու. Առանց մտածելու կարող ես էս բոլոր տղերքի հետ կռիվ գնալ ու վստահ լինել, որ եթե վերջին շունչդ էլ փչես՝ քեզ տուն են հասցնելու…Լևոն Ավետիսյան

 

Լևոն Արմենակի Ավետիսյանը (Ռազվեդկի Լյով) ծնվել է 1990թ.-ի մարտի 18-ին՝ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածնում։ Նախնական կրթությունը ստացել է Էջմիածնի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2005-2007թթ.-ին սովորել է մարզի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում։

«Աշխույժ, մարդամոտ երեխա էր, վեց տարեկանից հաճախել է ըմբշամարտի, հետո՝ գնացել կառատեի։ Արդեն միջին տարիքում հաճախում էր նաև պարի։ Որտեղ իրեն հետաքրքիր էր՝ այնտեղ ինքը կար։ Մեծ ոգևորությամբ սովորում էր ռազմամարզական վարժարանում։ Պայքարում էր, որ ընդունվեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Հիշում եմ, երբ գնացինք իրեն տեսակցության` (Աբովյանի Զառ գյուղում էին կարանտինն անցկացնում) այնտեղի սպաներն արդեն ասում էին, որ Լևոնը շատ է աչքի ընկնում ու իրեն սերժանտի կոչում են տալու»,- պատմում է Լևոնի մայրը Գայանեն, ապա շարունակում, որ իր ամուսինը ևս զինվորական էր, Արցախյան ազատամարտի վետերան. « Լևոնի հայրը ծանր վիրավորվել էր Օմարի համար մղվող մարտերում։ Նա անցել էր պատերազմի միջով, գիտակցում էր ծանր հետևանքները և այդ իսկ պատճառով դեմ էր, որ Լևոնն ընտրի զինվորականի մասնագիտությունը, իսկ ես կողմ էի`ասում էի, եթե երեխան ուզում է հայրենիքին պիտանի մարդ դառնալ, թող սովորի»։

2008թ.-ին Լևոնն ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան և 2012թ.-ին գերազանցությամբ ավարտել այն։ Ինքնակամ որոշել է երեք տարի ժամկետով ծառայել Արցախի Հանրապետությունում և նույն թվականից ծառայության է անցել Հադրութի շրջանի զորամասերից մեկում` որպես սպա։ Մասնագիտությամբ եղել է հետախույզ։

Զինվորականի մանկության ընկերներից Արմենը` պատմում է, որ իրենց մանկությունն անցել է միասին, սովորել են նույն դասարանում. «Ընկերս չափից ավելի հետաքրքրասեր էր ու աննկարագրելի դուխով։ Նա սիրում էր նաև ձկնորսությամբ զբաղվել ու բազմիցս միասին գնացել ենք ձկնորսության։ Ֆիզիկապես էլ՝ շատ ամուր տղա էր, մարմնամարզությամբ էլ էր զբաղվում։ Լյովը իմ աջ թևն էր ու հիմա՝ ոնց որ էդ թևը կտրված լինի»։

 

2016թ.-ին Լևոնը ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին՝ որպես հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի (դասակի) հրամանատար: 2016թ.-ի ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների առաջին իսկ րոպեներից՝ Ավետիսյանն իր խմբի տղաների հետ եղել է հակառակորդի հարձակման ուղղություններից մեկի կիզակետում։

Ավետիսյանը ապրիլի 2-ին՝ 5 հոգանոց խմբով հակահարձակման է անցել հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքի ուղղությամբ, նռնակներով ոչնչացրել է հակառակորդի չորս զինծառայողների և դիրքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Հակառակորդը թողնելով դիակները՝ հետ է քաշվել, ապա որոշ ժամանակ անց՝ զրահատեխնիկաներով և մեծաթիվ խմբերով կրկին հարձակվել նույն մարտական դիրքի ուղղությամբ։ Անհավասար մարտերից հետո՝ Լևոնն իր տղաների հետ մարտ վարելով և հակառակորդին կենդանի ուժի կորուստներ պատճառելով, հետ է շպրտել դիրքից և ամրացել է հենց այդ նույն դիրքում: Հաջորդ օրերի ընթացքում՝ էլի մի քանի անգամ հակառակորդը հարձակվել է այդ դիրքի ուղղությամբ, սակայն կրելով զգալի կորուստներ նորից հետ է քաշվել՝ դիերը թողնելով մարտի դաշտում:

Ապրիլի 3-ի առավոտյան հակառակորդն ավելի մեծ ուժերով՝ հրետանային կրակի աջակցությամբ, կրկին հարձակվել է այդ մարտական դիրքի վրա։ Արկի պայթյունից վիրավորվել է շարքային, պայմանագրային զինծառայող Վ. Վարդազարյանը, որին առաջին բուժօգնություն ցույց տալու համար՝ Ավետիսյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ նետվել է և փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:

Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00 սահմաններում, հակառակորդը կրկին հրետակոծել է այդ մարտական դիրքը և փորձել գրավել այն: Լևոն Ավետիսյանը, գնդապետ Արարատ Մելքումյանը, կապիտան Ռոբերտ Բալյանը և իր խմբի նռնականետորդները կրկին փորձել են կասեցնել հակառակորդի զրահատեխնիկայի առաջխաղացումը: Հենց այդ օրը հակառակորդի արկը պայթում է խրամատի այն հատվածում, որտեղ տանկերի դեմ մարտեր էին վարում խմբի մյուս տղաները։ Արկի պայթյունից հերոսաբար զոհվում են Ազնավուր Բալայանը, Նվեր Սիմոնյանը և Ղարիբ Սահակյանը, իսկ գնդապետ Մելքումյանը ստանում է բեկորային վիրավորում։

Լևոնը մնացած տղաների հետ արագ կազմակերպում է զոհված տղաների մարմինների դուրսբերումը։ Նա անձամբ բուժօգնություն է ցուցաբերում գնդապետ Մելքումյանին և շտապօգնության մեքենայով ուղարկում հոսպիտալ, որից հետո անմիջապես վերադառնում և կազմակերպում է մարտական դիրքի պաշտպանությունը։ Նա մինչև հրադադարի հաստատումը մնում է նույն դիրքում։

Ցուցաբերած սխրանքների համար՝ Լևոն Արմենակի Ավետիսյանը Ապրիլյան պատերազմից հետո ստացել է մայորի կոչում և Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել «Արիության համար» մեդալով։

«Ապրիլյանից հետո` 27 տարեկան հասակում, իրեն նշանակել են Ջրականի զորամասի հետախուզության պետ։ Բացառիկ քաջություն ցուցաբերելու համար՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստացել է «Ծառայության համար» ռազմական հետախուզության կրծքանշանը։ Ասում էին, որ մարդիկ կարող են տարիներով ծառայել` որպես հետախույզ, բայց այս պարգևը նրանց չշնորհեն։ Երբ Ջալալ Հարությունյանը պատերազմից հետո եկավ մեր տուն, ասաց, որ այս պարգևը` հետախույզի կրծքանշանը, վաստակում են ու Լևոնը վաստակել էր դա»,- պատմում է տիկին Գայանեն։

 

2020թ.-ի հունիսի 23-ին՝ Լևոնը դիմումի համաձայն Արցախից եկել է Հայաստան և շարունակել ծառայությունը հատուկ նշանակության զորքերում։ Սեպտեմբերի 22-ից եղել է զինվորական արձակուրդում, քանի որ 2020թ.-ի սեպտեմբերի 26-ին իր հարսանիքն էր։ Շուրջ հինգ տարի միմյանց սիրելով` ընդամենը հինգ օր են համատեղ ապրել միասին։

Ամսի 27-ի առավոտյան լսել են չարաբաստիկ պատերազմի լուրն ու կարծել, որ Ապրիլյան պատերազմի նման՝ մի քանի օրում ամեն բան կվերջանա։

Պատերազմի մեկնարկից ուղիղ հինգ օր հետո` հոկտեմբերի 2-ին, Լևոնը գնացել է զորամաս և արդեն ամսի 3-ին մեկնել ռազմաճակատ՝ անգամ հրաժեշտ չտալով հարազատներին։

«Հադրութեցի Իրինան, որը հիմա Երևանում ժինգյալով հաց է թխում, մեզ պատմում էր, թե ինչպես են պատերազմի օրերին տեսել Լևոնին։ Նա փոշոտ հագուստով գնացել է խանութ»,- հուզմունքը զսպելով պատմում է մայրն ու շարունակում, որ վերջին անգամ որդու հետ խոսել են հոկտեմբերի 12-ի առավոտյան ու տղան՝ իրեն հատուկ բարձր տրամադրությամբ ասել է, որ շուտով ամեն ինչ վերջանալու է և երկու օրից գալու են տուն։

«Հոկտեմբերի 3-ին՝ Քարվաճառում մարատական խնդիրը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո, մեր անձնակազմին հրահանգեցին տեղափոխվել Ջրական և ես հոկտեմբերի 4-ի առավոտյան այնտեղ տեսա Լևոնին։ Ինքը երկար տարիներ Ջրականում եղել է հետախուզության պետ, ամբողջ տարածքին անգիր տիրապետել է (ինչպես նաև Հադրութի շրջանի ամբողջ տարածքին)»,- պատմում է ծառայակից ընկեր Անդրանիկն ու հավելում, որ ինքը Լևոնի կերպարին ծանոթ լինելով հանդերձ՝ ամեն դեպքում հարց է ուղղել, թե ինչու է Լևոնը եկել, քանի որ ընդամենը հինգ օրվա ամուսնացած էր. «Ինքը ասաց, որ այդ հարցը չի քննարկվում, այլ տարբերակ չէր կարող լինել, սա իր հայրենիքն է և այժմ այն իր և մյուսների պաշտպանության կարիքն ունի։ Լևոնն ուներ իր պաշտոնին գերհամապատասխան գիտելիքներ, առավել քան պատրաստված էր, բացի այդ՝ տիրապետում էր թշնամու լեզվին։ Հայ սպային վայել կեցվածքով, նժդեհյան գաղափարախոսությամբ մեծացած քաջազուն զինվորական էր։ Իր համար առաջին տեղում հայրենիքն էր՝ հետո նոր մնացյալը։ Լևոնն իր գիտելիքների ամբողջ պաշարը ներդրել է պատերազմի դաշտում, որպեսզի հաղթանակը մերը լինի ու երբևէ, ոչ մի անգամ նրա մտքով չի անցել, որ մենք կարող է պարտվենք։ Յուրաքանչյուր մարտական գործողության ժամանակ ընկերս մշտապես համալրել է առաջին շարքերը։ Մենք մի քանի ամիս ենք ծառայել միասին ու պատերազմի ժամանակ եղել ենք նույն տեղանքում։

Անդրանիկի խոսքով՝ հակառակորդի ուժերը եկել են Հադրութի ուղղությամբ, ինչը տեսնելով՝ Լևոնն իր հետախուզական ջոկատով շարժվել է նույն ուղղությամբ։ Նրան հաջողվել է ոչնչացնել և հետ շպրտել հակառակորդին, ինչպես նաև զորքը դուրս բերել շրջափակումից։

«Լևոնը բացի գերազանց մարտ վարելուց` իսկական բժշկի նման օգնություն է ցուցաբերել վիրավոր մարտիկներին, ինչպես նաև՝ կազմակերպել վիրավոր ընկերների դուրսբերումը ռազմադաշտից»։

Հոկտեմբերի 12-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը նկատում են Լևոնի ջոկատը։ Առաջին հրթիռակոծության ժամանակ վիրավորվում է մարտիկներից մեկը։ Նրան օգնության են նետվում հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանն ու մայոր Լևոն Ավետիսյանը։ Ավա՜ղ ԱԹՍ-ի երկրորդ հարվածը խլում է նաև նրանց կյանքը։

Հատուկ նշանակության ջոկատի հետախույզ ժպտերես տղան` մայոր Ավետիսյանը, իր ամբողջ կյանքը նվիրաբերեց հայրենիքին։ Ընդամենը մի քանի օր ամուսնական կարգավիճակում գտնվելուց հետո` երիտասարդ կնոջը թողնելով թիկունքում և վայրկյան անգամ չվարանելով` մեկնեց ռազմաճակատ։ Ոչ մի քայլ հետ սկզբունքով, նա իր կյանքը դրեց զոհասեղանին` կերտելով հերոսական փայլուն ուղի։

Մայոր Ավետիսյանը` իր աներեր կամքով ու տոկունությամբ, կանխել է հակառակորդի բազում դիվերսիոն ներթափանցման փորձեր` վերջինիս հասցնելով մեծաթիվ մարդկային կորուստներ։ Իր գրագետ մարտական պատրաստվածության, թշնամու լեզվին, ինչպես նաև տեղանքին գերազանց տիրապետելու և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման արդյունքում` Ավետիսյանին հաջողվել է փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր։

Ինչպես արդեն նշվեց, Լևոն Արմենակի Ավետիսյանը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին` Հադրութի շրջանի Սարուշեն գյուղում։ Մայորի աճյունը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար` մայոր Ավետիսյանը իր ծառայողական տարիների ընթացքում պարգևատրվել է՝ ԱՀ «Արիության համար» մեդալով, ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի գերատեսչական մեդալով, ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակի հոբելյանական մեդալով, «Լեոնիդ Ազգալդյանի» անվան հուշամեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան