Անմահ հերոս Արթուր Մանուկյան

Արթուր Տիգրանի Մանուկյանը ծնվել է 1994թ.-ի դեկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վանաձորի թիվ 5 հիմնական դպրոցում, հետո՝ տեղի թիվ 1 ավագ դպրոցում։

«Աշխույժ երեխա էր, յուրահատուկ բնավորության տեր, շատ ժիր ու առույգ էր, բոլորից տարբերվում էր։ Ցանկացած բնագավառ իրեն հետաքրքրում էր, բայց սիրում էր զբաղվել էլեկտրականությամբ, ֆիզիկա առարկան շատ էր սիրում և լավ սովորում էր։ Ազատ ժամանակ գրքեր էր ընթերցում, բայց ինչպես ասացի՝ ամենից շատ իրեն հետաքրքրում էին ֆիզիկան և էլեկտրականությունը։ Արթուրս բռնկուն բնավորություն ուներ և իր ասածին էր, եթե ինչ-որ բան էր որոշում անել, ոչ-ոք իրեն չէր կարող հետ պահել այդ որոշումից։ Սիրում էր բանավեճի մեջ մտնել տարբեր թեմաներով»,- պատմում է մայրը`Անուշը։

Ավագ եղբայրը` Գոռը հիշում է, որ Արթուրը ակտիվ էր, նախաձեռնող և շփվող, շատ էր սիրում կենդանիներ՝ հատկապես շուն․ «Իր բնավորության մեջ կարող եմ ընդգծել կամակորությունը, իր ասածին էր մինչև վերջ։ Էս կյանքում իրեն ամեն բան հետաքրքիր էր, զբաղվում էր ինքնակրթությամբ, իրեն հուզող հարցերի պատասխանները ինքնուրույն պրպտում ու գտնում էր։ Պատանի հասակում շատ էր սիրում գեղարվեստական գրականություն ընթերցել։ Սիրում էր էլեկտրական սարքավորումները քանդել, նորոգել, հավաքել։ Նաև հետաքրքրված էր մեքենաներով։ Երբ իր առաջին ավտոմեքենան ձեռք բերեց՝ անսարքության դեպքում ինքն էր նորոգում ու ոչ մի անգամ վարպետի մոտ չի տարել։ Շինարարությունը ևս հետաքրքրում էր իրեն»,- պատմում է եղբայրը:

Արթուր Մանուկյանը 2012թ.-ին զորակոչվել է բանակ և ծառայել Քանաքեռի կապի զորամասում։ Նա մասնագիտությամբ եղել է վարորդ-կապավոր։ Միշտ երազել է ծառայել Արցախի Հանրապետությունում և սկզբնական շրջանում չի հարմարվել այդ զորամասին, տանեցիներին մշտապես փորձել է համոզել, որ դիմում ներկայացնի ու տեղափոխվի ԱՀ, սակայն զինվորական երդումն ընդունելուց հետո, երբ արդեն ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ՝ ընտելացել և չի տեղափոխվել։ Արթուրը մանկուց սիրել է զինվորական գործը, ցանկացել է շարունակել հենց այդ ուղղությամբ, պարզապես հանգամանքների բերումով չի ստացվել։ Մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ է ծառայել ու վերադարձել տուն։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո` Արթուրը ուսումը շարունակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Վանաձորի մասնաճյուղի Ճարտարագիտության բաժնում։ Մանկության ընկերներից Վոլոդյան, որը նաև եղել է Արթուրի համակուրսեցին, հիշում է, որ Արթուրը չափից ավելի ընկերասեր և չարաճճի էր. «Միասին նույն դասարանում ենք սովորել։ Ինքը մաթեմատիկա ու ֆիզիկա էր շատ լավ սովորում ու սիրում էր այդ առարկաները։ Այնուհետև միասին ընդունվել ենք համալսարան։ Գծագրերից ինքը շատ լավ էր ու ավարտելուց հետո էլ՝ իր գերնպատակը մասնագիտությամբ աշխատելն էր։ Արթուրը զբաղվել է զանազան աշխատանքներով։ Հայրիկի հետ միասին աշխատել է նաև Ռուսաստանում` որպես էլեկտրիկ-մոնտաժող։ Հետո վերադարձել են ՀՀ և կարճ ժամանակ անց հայրը մահացել է»։

Մինչ 2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելը Արթուրը զբաղվել է նաև շինարարությամբ։ Լսելով սանձազերծված պատերազմի մասին՝ թողել է աշխատանքը և հոկտեմբերի 1-ին Շամշադինից վերադարձել Վանաձոր, որպեսզի կամավոր հիմունքներով մեկնի ռազմաճակատ։ Տանեցիների հանդիմանությունները չլսելով՝ գնացել է «Երկրապահ կամավորականների միություն», գրանցվել։ Դրանից հետո՝ մի քանի անգամ իրեն կանչել են, բայց չի ստացվել իրենց խմբի գնալը և արդեն հոկտեմբերի 8-ին, երբ դեռ առաջին խումբն էր պատրաստվել մեկնել, շարժվելու օրը մեկ հոգի բացակայել է ու Արթուրը անմիջապես դիմել է պատասխանատուներին, խնդրել, որ իրեն այդ մեկ հոգու փոխարեն առաջին խմբի հետ ճանապարհեն։ Գնալուց հետո՝ զանգել է եղբորը և ասել, որ իր նախկին զորամասում է (Քանաքեռում) և իրեն լրիվ նոր զենք են տվել` գնդացիր, «յուղը վրան»։ Արթուրն ուրախ-ուրախ պատմել է եղբորն ու միաժամանակ մաքրել զենքը։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել են Արցախ և տեղակայվել Հադրութի շրջանի Տող և Ազոխ գյուղերի միջակայքում։

«Արթուրի մասին միայն ու միայն դրական բաներ կարող եմ ասել, շատ հրաշալի տղա էր, մի ուրիշ ոգու տեր, դուխը միշտ տեղն էր։ Մենք միասին ենք մեկնել ռազմադաշտ ու չնայած այն հանգամանքին, որ իրեն շատ կարճ ժամանակահատված եմ հասցրել ճանաչել՝ այնուամենայնիվ ինքը իմ համար ուրիշ էր, անչափ հայրենասեր ու խելացի»,- ասում է Էդգարը։

Արթուրը մշտապես կապ է պահել ընտանիքի անդամների հետ ու հուսադրել, որ ամեն ինչ լավ կլինի և անպայման կհաղթեն․ «Արթուրի հետ վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 20-ին, մի փոքր տրամադրությունն այն չէր այդ օրը։ Ծառայակից ընկերների պատմելով՝ շրջափակման մեջ են եղել, Արթուրը եկել և ծառայակից ընկերներին զգուշացրել է, որ դիմացի դիրքն արդեն շրջափակված է և իրենք էլ են արդեն ընկնում շրջափակման մեջ։ Երբ փորձել են դուրս գալ այդ տեղանքից, իրենց ընկերներից մեկը, որը մեծահասակ էր՝ երկու թևից վիրավոր է եղել։ Արթուրն ու իր ծառայակից ընկերներից մեկն օգնել են, որպեսզի ընկերոջը իրենց հետ միասին դուրս բերեն շրջափակումից։ Ուժեղ մառախուղ է եղել, սկսվել են կրակոցներ և հենց այդ կրակոցների ժամանակ էլ՝ Արթուրը որովայնի շրջանում վիրավորում է ստացվել։ Նրան այդտեղից տեղափոխել են Կարմիր շուկա, որպեսզի վիրահատեն ու հետ ուղարկեն Հայաստան։

Հոկտեմբերի 21-ին Կարմիր շուկայի բնակչությանը և վիրավորներին տարհանել են. միայն առաջին բուժօգնություն են հասցրել ցուցաբերել։ Արթուրը մահացել է ճանապարհին` մեքենայի մեջ, բայց ընկերներն ասում են, որ նույնիսկ այդպիսի ծանր վիճակում, ասում էր՝ «Ես լավ եմ, ինձ ոչ մի բան չկա, մի հատ վերք է կլավանա, մյուս տղաներին օգնեք»,- պատմում է Գոռը։

Արթուր Տիգրանի Մանուկյանը վախճանվել է 2020թ.-ի հոկտեմբերի 21-ին։ Հերոսի աճյունը հանգչում է Վանաձորի ընտանեկան գերեզմանատանը։ Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան