Անմահ հերոս Էրիկ Գևորգյան

Էրիկ Արմենի Գևորգյանը ծնվել է 1997թ.- ի օգոստոսի 2-ին` Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Գրիգոր Զոհրապի անվան h.97 դպրոցում։ Տասը տարի հաճախել է լողի, զբաղվել է պրոֆեսիոնալ լողով։ Նա Հայաստանի տարբեր շրջաններում մասնակցել է բազմաթիվ մրցումների` զբաղեցնելով մրցանակային տեղեր։
«Փոքր ժամանակ շատ աշխույժ էր, շարժուն, եթե ինչ-որ բան ուզում էր ու չէինք թողնում՝ հետո երբ թողնում էինք, էլ չէր կարողանում ընդունել։ Փոքրուց ուներ այդ ներքին հպարտությունը և հետագայում դա դարձավ իր ինքնուրույնության բանաձևը։ Նա դեռ մանկուց ձգտում ուներ ամեն ինչ ինքն իրենով ստեղծելու»,-պատմում է մայրը`Էլմիրան։
Դպրոցն ավարտելուց հետո Էրիկն անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ` զուգահեռ սովորելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Էրիկի մանկության ընկերներից Ռաֆայելը պատմում է, որ մանկապարտեզի տարիքից եղել են միասին. «Բոլոր տեղերում գերակտիվ էր, ուսման մեջ միշտ փայլող։ Առաջնորդի հոգեբանություն ուներ, համախմբող էր կազմակերպչական ջիղ կար իր մեջ։ 9-րդ դասարանից սկսած գնում էր ծրագրավորման խմբակի ու դասերից հետո աշխատում էր։ Ինքն էդ տարիքից կենտրոնացած էր, թե ինչ հստակ նպատակներ ունի ու ինչ է ուզում էս կյանքից։ Էրիկը նաև հնարավորություն ուներ Եվրոպա գնալու, բայց միշտ ասում էր, որ ծառայելու է անպայման, հետո նոր ապագայի ծրագրերով է զբաղվելու։ Ում ինչով կարողանում էր ձեռք էր մեկնում, մենք նույն տարիքի էինք, բայց ինքը բոլորիցս մի քանի քայլ ավելի զարգացած էր, չափից ավելի կայացած էր»։
Ուսումն ավարտելուց հետո` 2019թ.-ի հուլիսի 23-ին Էրիկ Գևորգյանը զորակոչվել է բանակ։ Երկու ամիս ծառայել է Ստեփանակերտի զորամասերից մեկում, այնուհետև` որպես սպա ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զորամասում։
«Իր համար միշտ ժամանակը քիչ էր, անընդհատ շտապում էր ու իրեն թվում էր, որ ոչինչ չի հասցնում, աննկարագրելի աշխատասեր էր։ Ընտանիքի, հարազատների հանդեպ շատ ուշադիր էր, ասում էր՝ այնպիսի բիզնես պետք է ստեղծեմ, որ բոլոր հարազատներս մի տեղում աշխատեն։ Վերջին անգամ Էրիկին տեսել ենք 2020թ.-ի օգոստոսին, բոլորիս հատ առ հատ նվերներով եկավ տեսակցության ու գնալուց առաջ, երբ հրաժեշտ տվեցինք միմյանց` մարմնովս սարսուռ անցավ, այդ պահին սիրտս կարծես մի բան զգաց»,-պատմում է էրիկի մորաքույրը` Լուսինեն։
Լեյտենանտ Էրիկ Գևորգյանը 2020թ.ի սեպտեմբերի 27-ից մարտնչել է առաջնագծում և ոչնչացրել է հակառակորդի մեծաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ։
Վերջին անգամ Էրիկի հետ հարազատները խոսել են զոհվելու օրը առավոտյան՝ 2020թ.-ի հոկտեմբերի 8-ին ու ինչպես բոլոր զինծառայողները՝ Էրիկը նույնպես հանգստացրել է ծնողներին, ասելով, որ ամեն բան կարգին է։
«Նույնիսկ բանակից մեր մասին էր մտածում, պատերազմի օրերին ընկերներին խնդրել էր, որ գան մեր տուն ու զրուցեն, որպեսզի մեր լարվածությունն ու անհանգստությունն անցնի»,- հիշում է Էլմիրան։
Զինվորի ծառայակից ընկերներից Ստյոպան՝ երիտասարդ սպային բնութագրում է հրամանատարության ու զինվորների կողմից հարգված և սիրված, հայրենասեր տղա. «Ամենահասարակ հարցերում էլ նա միշտ զինվորի կողքին էր, ամեն կերպ փորձում էր օգնել, լավագույն օրինակ էր իր զինվորի համար։ Էրիկը հրետանային դասակի հրամանատար էր, զոհվելու օրը՝ հրանոթը կրակելու պահին, լիցքավորված է եղել ու երբ որ արդեն եկել է կրակելու ժամանակը՝ նա իր զինվորներին հրահանգել է մտնել թաքստոց ու ինքն է դուրս եկել կրակելու։ Հենց այդ պահին էլ արկն ընկել է այդ տեղանքում»։
Մանկության ընկեր Ռաֆայելը վերջին մարդն է եղել, որը խոսել է լեյտենանտի հետ. «Հոկտեմբերի 8-ին վերջին անգամ ես եմ իր հետ խոսել, կամավորագրվել էի և այդ օրը մեզ տանում էին հենց իրենց մոտ, բայց չհասցրեցի…։ Այնքան լավ սպա է էղել, որ իր դասակում ոչ մի զոհ չի եղել, միայն ինքն է զոհվել ամբողջ դասակից ու իր զինվորների կյանքը փրկելով էլ՝ անմահացել է»։
Էրիկ Արմենի Գևորգյանի աճյունը ամփոփված է Եռաբլուրում։ Նա հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: