Անմահ հերոս Ազատ Ներսիսյան

Ազատ Արկադիի Ներսիսյանը ծնվել է 2003թ.-ի հունվարի 13-ին՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։ Ընտանիքի կրտսեր որդին էր, ունի իրենից ավագ եղբայր և քույր։

2009թ.-ին Ազատը հաճախել է գյուղի՝ Անդրանիկ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց։ Թեև սովորելու հետ առանձնակի հետաքրքրասիրություն չուներ, բայց  այնուամենայնիվ՝ սիրված է եղել իր ուսուցիչների կողմից։

Ազատը սիրում էր զբաղվել գյուղատնտեսությամբ, ծառեր էր տնկում, խնամում։ Նաև շատ էր սիրում աղավնիների բույն պատրաստել, կերակրել ու բազմացնել։

Դիմացինին միշտ օգնող Ազատը՝ անգամ եթե չգիտեր որևէ գործ կամ գլուխ չէր հանում, միևնույնն է չէր կարողանում մերժել ոչ ոքի։ Անշահախնդիր ու նվիրվող մարդկային տեսակ էր։

Ազատի մանկության ընկերներից Արինան պատմում է, որ սկզբից նրանք գյուղի տարբեր հատվածներում են ապրել և Ազատը ընդամենը երկու տարեկան է եղել, երբ դարձել են հարևաններ. «Իրենց տան դիմաց փոքրիկ այգի էր տնկել և սիրով մշակում էր ու մեզ միշտ ասում, որ եթե ինչ-որ բան ուզենք՝ անպայման քաղենք իր այգուց։ Ազատը աշխատասեր էր ու աննկարագրելի հնարամիտ։ Շատ անգամներ առանց տրտնջալու՝ մեր տան կոտրված կահույքն է նորոգել։ Հիշում եմ՝ ինձ միշտ «մայլեցի» էր ասում»,- ժպիտով պատմում է Արինան ու շարունակում.

«Ծննդյանս օրը՝ ուղիղ  ժամը 12-ին, Ազատը մուլտհերոս Միկի Մաուսի շորերը հագած եկավ ինձ շնորհավորելու, փուչիկները ձեռքին, պարելով ներս մտավ։ Անակնկալի եկա, անչափ ուրախացա։ Քրոջս հետ միասին էին այդ անակնկալը պատրաստել։ Ես երկմտում էի, բայց սիրտս կարծես թե զգում էր, որ Ազատն է։ Փորձում էի հանել գլխարկը, բայց նա չէր թողնում և այնպես համոզիչ էր իրեն դրսևորում, որ գլխի չընկնեի։

Մենք միասին պարեցինք, զվարճացանք անչափ հիանալի օր ուենցա և վերջում, երբ հանեց այդ մեծ ու ծանր գլխարկը՝ ուրախությունս կրկնապատկվեց, քանի որ հենց սկզբից էլ զգացել էի, որ շորերի ներսում Ազատն է»։

Ազատ Ներսիսյանը բանակ է  զորակոչվել 2021թ.-ի հուլիսի 14-ին։ Վեց ամիս ծառայել է Արմավիրում, հետո տեղափոխվել Գորիս։ Ծառայությունից երբեք չի բողոքել, ծառայել է սիրով։ Անցել է «Երիտասարդ մարտիկ» պատրաստության ծրագիրը և ծառայությունը շարունակել՝ որպես ջոկի հրամանատար։

Ազատի ծառայակից ընկերներից Վահեն պատմում է, որ միմյանց հետ ծանոթացել են Գորիսում. «Ինքը նոր էր տեղափոխվել Արմավիրից։ Հենց սկզբից՝ իր արտաքինով ու պահվածքով աչքի ընկավ ու առաջին հայացքից արդեն պարզ էր, թե ինչքան խելացի է։ Իսկական առաջնորդ էր, առավել քան պատրաստված։ Ես դիրքի ավագն էի, ինքը՝ իմ օգնականը։ Մի անգամ դիրքերում էինք ու պահածոյի աման գտանք, թշնամուց էր մնացել, վերցրեց, շպրտեց հակառակորդի կողմ. ախր անչա՜փ  հայրենասեր էր։ Էն ամենադրական բառերն էլ ինչքան ասեմ, ինձ թվում է՝ քիչ կլինի  Ազատի մարդկային տեսակը բնութագրելու համար։ Ազնիվ, սրտացավ, իր անվան նման ազատ էր»:

Կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյանը բարդ լեռնային պայմաններում իրականացրել է մարտական հերթապահություն, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ բարձր նվիրվածությամբ։

2022թ.-ի սեպտեմբերի 13-ից Ազատը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին։ Եղել է Իշխանասարի դիրքերում։ Դիրքի ամբողջ անձնակազմը կռիվ է տվել մինչև վերջ ու իրենց պահած դիրքում էլ տղերքը զոհվել են։

Վիրավորվելուց հետո Ազատը պնդել է, որ ծառայակից ընկերներն իրեն թողնեն ու նահանջեն, ասելով, որ իրեն տեղափոխելն անհնար է։ Դիրքը, որտեղ տղաները հերոսաբար մարտնչել են, թշնամին կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել՝ թույլ չտալով դուրս բերել զոհերի մարմինները։ Ազատի մարմինը սեպտեմբերի 20-ին հայկական կողմին փոխանցված 95 մարմինների թվում է եղել։

Ազատը ծառայության ընթացքում աչքի է ընկել ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ, օրինակելի կարգապահությամբ, մասնագիտական գիտելիքների գերազանց իմացությամբ, ինչպես նաև՝ ընկերասիրությամբ  և համածառայակից ընկերների նկատմամբ անսահման հոգատարությամբ։

Ազատ Ներսիսյանն անմահացել է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին` հենց Իշխանասարում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։  Հերոսի աճյունը հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը։

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար սերժանտ Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Մանե Մանուկյան