Անմահ հերոս Արման Մխիթարյան

Կապիտան Արման Սանասարի Մխիթարյանը ծնվել է 1984թ.-ի հոկտեմբերի 28-ին, Արթիկ քաղաքում:

1991-2001թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցը: 2001թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որը 2005թ.-ին ավարտել է կարմիր դիպլոմով: Համալսարանն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և անցել ծառայության ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրետանավոր: Նույն զորամասում 2008թ.-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել՝ որպես մարտկոցի ավագ սպա:
2015թ.ին Արմանը ստացել է կապիտանի կոչում և նշանակվել հակատանկային հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի հրամանատար: 2018թ.-ին նույն զորամասում «Կոռնետ»-հակատանկային մարտկոցի հրամանատար է նշանակվել: 2020թ.-ի հուլիսին կապիտան Մխիթարյանը մարտկոցի կազմով մասնակցություն է ունեցել Տավուշյան մարտական գործողություններին և իրականացրել մարտական հերթապահություն:

«Արմանն ընկերասեր, բարի կամեցող ու բոլորի հանդեպ կարեկից էր»-,պատմում է կինը՝ Էմմա Աբովյանը, ապա շարունակում. «Ամուսինս ընտանիքում միշտ խիստ ու պահանջկոտ է եղել, բայց և այնպես շատ նվիրված»:
Արմանի հետ կապված հիշողությունները շատ են: Կինը հիշում է, որ երբ ամուսինը տուն էր գալիս ընդմիջման, տանը «փոթորիկ» էր բարձրանում. «Նրա հետ անհնար էր հանգիստ նստել, կյանքը եռում էր նրա մեջ: Երբ մեքենայով որևէ տեղ էինք գնում ու ճանապարհին կանգնած մարդիկ էր տեսնում, ասում էր՝ «ինչու՞ են պարապ կանգնել, թող գոնե մի լավ բան, մի լավ գործ անեն»»: Արմանն ինքը չէր սիրում հանգիստ նստել, ակտիվություն էր սիրում:
Հաճախ էր տարբեր բաներ ձեռնարկում: Ընկերներով անտառ էին գնում ու ընկերներից որևէ մեկն իր հետ ոչինչ չէր վերցնում, որովհետև գիտեին, որ Արմանը լավ պատրաստված է:

«Արմանը երբեք ոչ ոքի չէր քննադատում ու չէր էլ թողնում, որ իր մոտ քննադատեն, քանի որ կարծում էր, որ դրա իրավունքը որևէ մեկը չունի»,-պատմում է Էմման, հետո շարունակում, որ ամուսինը միշտ ասում էր՝ «Եթե չես ուզում տվյալ մարդու հետ շփվել ու պիտի քննադատես, ուրեմն մի՛ մտիր նրա տուն, կամ եթե մտել ես՝ բերանդ փակ դուրս արի»:

Արմանի մանկությունը շատ դժվար է անցել, բայց նա երբեք չի տրտնջացել, միշտ մտածել է, որ պետք է չբողոքել՝ նույնիսկ հեռավորությունից. «Ուժեղ կերպար էր, չգիտեմ»,-բնութագրում է կինը:

Կապիտան Մխիթարյանը մարտական գործողությունների ժամանակ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ հոկտեմբերի 11-ը գտնվել է Արցախի Հանրապետության Ջրականի և Հադրութի հատվածներում ու իրականացրել տարբեր մարտական խնդիրներ:
«Ամսի 27-ի լուսաբացն էր, ժամը 6-ն անց էր՝ զանգեցին զորամասից ու ասացին՝ պատերազմ է, Մխիթարյան: Ես ինձ կորցրել էի, իսկ Արմանը ուրախ զվարթ համբուրեց դստերը՝ Անգելինային ու ինձ, ասելով՝ «կա՛մ կգամ, կա՛մ կբերեն» ու գնաց։ Երկու ժամ սիրտս ճմլվում էր, չէի կարողանում ուշքի գալ։ Ժամը 9-ն անց էր՝ Արմանը զանգեց, ես գնացի ու պատուհանից տեսա մեքենաների շարասյունը։ Միշտ առաջինն էր: Հարցնում եմ ու՞ր Արման, Արցախում պատերազմ է։ Ամեն վայրկյան աղոթում էի, որ գոնե վիրավորվի ու հետ գա։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան, ժամը 6-ին զանգեց՝ «Ես սաղ եմ, Էմմ»։ Հուզվեցի, սկսեցի խեղդվել, իսկ ինքը ուրախ գոռաց՝ «Հազիվ երազանքս կատարվել է Էմմ, վերջապես 19 տարվա սովորածս կօգտագործեմ։ Չփորձե՛ս մարտական ոգիս կոտրել»: Միանգամից սառեցի»,-վերհիշում է Էմման ու պատմում, որ մղձավանջային օրերը գլորվում էին սարսափ ֆիլմի նման ու ինքը չգիտեր Անգելինային ինչ ասել, ոնց պահել արցունքները, մենությունից ու վախից դողում էր. «Հոկտեմբերի 9-ին՝ որոշ չափով հաղթահարած սարսափ օրերը, զանգեցի Արմանին, հարցրի ոնց է, ուրախ ձայնով ասաց, որ շատ լավ է։ Հարցրի ինչի՞ համար է այդպես ուրախ, ասաց՝ «Էմ քիչ է ես սաղ եմ, զորքս էլ է հետս»»:
Կապիտան Մխիթարյանը պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ խիզախություն, անձնական արիություն, անձնուրացություն, հրամանատարական անգնահատելի կարողություններ, կարողացել է նախապես կանխորոշել հակառակորդի գործողությունները, և ճշգրիտ վերլուծելու արդյունքում՝ վերադաս հրամանատարության կողմից առաջադրված մարտական խնդիրները ճիշտ և ժամանակին կատարել, անձնակազմի անվտանգության ապահովման համար ձեռնարկել գործուն միջոցներ: Կապիտանի գրագետ պլանավորման արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 12 տանկ, 2 ՀՄՄ, 1 ՏՕՍ, 1 ուղղաթիռ, 8 ուրալ, 1 կամազ, 12 հրամանատարական կետ և 4 անձնակազմի կուտակում (որից 1 տանկ, 2 զրահափոխադրիչ և 2 ուրալ խոցել է անձամբ), որի արդյունքում հասցնելով հակառակորդին մեծ կորուստներ, դրանով իսկ կազմալուծել է հակառակորդի ղեկավարման համակարգը, ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը:

«Հոկտեմբերի 11-ին, ժամը 7-ն անց էր՝ վեր թռա քնից, շատ անհանգիստ էի, զանգեցի Արմանին, մի փոքր տխուր խոսեց։ Խնդրեց եղանակը նայեմ։ Նայեցի ու ուրախ հետ զանգեցի, քանի որ ամբողջ օրն արև էր։ Ասաց հեչ լավ չէ, բայց չհասկացա ինչու», պատմում է կապիտանի կինն ու շարունակում. «Խոսելու ժամանակ ասաց՝ «Էմ տեղ եմ գնում պարապ չեմ, մարդ պիտի բերեմ, հետ գամ կզանգեմ…»: Եվ մինչև օրս սպասում եմ, որ իմ խենթ ու խելառ կեսը զանգի։ Պատերազմը բաժանեց մեզ, քանդեց մեր ընտանիքը, տարավ նրան և սպանեց ինձ…»:
Կապիտանը զոհվել է հենց հոկտեմբերի 11-ին՝ շրջափակման մեջ ընկած զինվորներին օգնության հասնելուց հետո, բայց երկար ժամանակ համարվել է անհետ կորած, մինչև 2021թ.-ի հուլիսի 5-ին ԴՆԹ հետազոտության արդյունքում մարմինը գտնվել է: Արման Մխիթարյանը բարեխղճորեն է կատարել իր պաշտոնական պարտականությունները և հմտորեն իրականացրել է իրեն առաջադրված մարտական խնդիրները:

Արման Մխիթարյանը անվախ մարտիկ էր, որն իր ողջ կյանքը նվիրեց բանակին ու հայրենիքին: Նրա մարտական ընկերները հպարտությամբ են հիշում, որ ծառայել ու մարտնչել են նրա կողքին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ՊՆ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Սանասարի Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Իննա Թումանյան