Անմահ հերոս Ռաֆայել Հակոբյան
Դեռ մանկուց իր ազնվությամբ ու անսահման հայրենասիրությամբ աչքի ընկնող երիտասարդը՝ Ռաֆայել Արարատի Հակոբյանը, ծնվել է 1995թ.-ին Ստեփանակերտ քաղաքում:
Ռաֆայելը որոշել էր ամբողջ կյանքում ծառայել հայրենիքին. «Դպրոցն ավարտելուն պես եղբայրս ընդունվեց Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարան, հետո իր ռազմական հմտությունները կատարելագործեց ՌԴ Պենզա քաղաքում, այնուհետև տեղափոխվեց ՀՀ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ էլ 2017թ.-ին ստացավ իր առաջին ուսադիրները՝ լեյտենանտի կոչումով»,-պատմում է Ռաֆայելի քույրը՝ Անի Հակոբյանը:
Աչքի տակ ունենալով պատերազմի բովով անցած հոր, հորեղբոր և քեռու օրինակը, ինչպես նաև նրանց զինվորական կյանքը՝ Ռաֆայելը ցանկանում էր նմանվել ու արժանի լինել նրանց. «Սպա դառնալու որոշումը իրենն էր, և իրեն այդ որոշման հարցում ոչ ոք չխոչընդոտեց: Երբեմն ասում էր, որ ամենաքիչը գեներալ պիտի դառնա»:
Անին ասում է, որ եղբայրն իր ցանկությամբ որոշել էր ծառայել Արցախում հայտնի «Եղնիկներ» կոչվող զորամասում. «Կարճ ժամանակահատվածում նա աչքի ընկավ իր պատասխանատվության բարձր զգացումով, ձեռք բերեց մեծ հարգանք ու պատիվ և՛ զինվորների, և՛ վերադասների շրջանում»,-ասում է Անին ու հավելում, որ Ռաֆայելը 2019թ.-ին տեղափոխվեց Արցախի կենտրոնական պաշտպանական շրջան, որտեղ դարձավ ավագ-լեյտենանտ։
Անին ջերմությամբ հիշում է իրենց մանկության որոշ դրվագներ, որոնք դաջվել են սրտում. «Փոքր էի, մոտավոր 5 տարեկան: Ծննդյանս օրն էր, բոլորի ուշադրության կենտրոնում ես էի՝ իմ հետաքրքիր նվերներով ու տիկնիկներով: Խաղում էի հիմնականում մեծ տիկնիկներով և ընկերուհիներիս զարմացնում իմ գեղեցիկ նվերներով, երբ եղբայրս, ով այդ ժամանակ հազիվ 8 տարեկան էր, մոտեցավ ինձ մի փոքրիկ տիկնիկ ձեռքին: Նվերը ինձ ուրախացրեց, բայց չզարմացրեց. ես ավելի մեծերը ունեի և նրանցով էի խաղում: Այդ ժամանակ ես չէի գիտակցում, որ եղբայրս, ով ինձ նման դեռ երեխա էր, շաբաթներով էր այդ գումարը հավաքել, որ ինձ համար նվեր գնի: Այդքանից զատ նա անընդհատ գալիս էր և հարցնում, թե ինչու ես իր տված տիկնիկով չեմ խաղում: Այդ հարցը ինձ նյարդայնացնում էր ու երբ վերջին անգամ մոտեցավ, որ կրկին նույն հարցը տա, ես ջղայնացած շպրտեցի իր հետևից այդ տիկնիկը՝ ասելով տիկնիկդ վերցրու և գնա այստեղից…
Երանի՜ այդպես չվարվեի, երանի՜»:
Ռաֆայելը սիրում էր ընտանիքին պատմել իր զինվորների մասին ու այնպիսի սիրով էր խոսում նրանցից, ասես իր եղբայրները լինեին. «Փոքր տարիքից սեր ուներ զենքերի և ծառայության հանդեպ: Մեզ հետ զրուցելիս հաճախ էր պատմում զենքերից, սիրում էր զինվորական կյանքը: Ինքը ուներ զինվորականին բնորոշ բոլոր կողմերը՝ պատասխանատվության բարձր զգացում, հարգանքի գիտակցում, հայրենիքի հանդեպ անսահման սեր»:
Անին պատմում է, որ եղբայրը շա՜տ էր սիրում նաև երեխաներին: Ծանոթ, թե անծանոթ, գրկում ու սիրում էր անսովոր ջերմությամբ. «Ինքը նշանված էր, անհամբեր սպասում էր պատերազմի ավարտին, որպեսզի սիրելիի հետ վերջապես ամուսնանա: Ավա՜ղ անկատար մնացին նրա բոլոր երազանքները»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում իր խիզախությամբ աչքի ընկնելով՝ Ռաֆայելը կապիտանի կոչում էր ստացել. «Նա ջանք ու եռանդ չխնայեց իր առջև դրված խնդիրները առավելագույնս կատարելու համար, որովհետև առջևում թշնամին էր, հետևում՝ ընտանիքը, հայ ժողովուրդը: Եվ այդ գիտակցումով էլ նա կյանքի ու մահվան պայքար մղեց՝ պաշտպանելով Արցախը, կենդանի վահան դարձավ մեզ համար»:
Ռաֆայելն անմահացավ Մարտունիում նոյեմբերի 9-ի գիշերը՝ զինադադարից ժամեր առաջ. «Մենք պարտվեցինք պատերազմը, իսկ Նա հաղթեց: Ռաֆայելն իր արյամբ կանգնեցրեց պատերազմը՝ հանուն ապրողաց…»:
Արցախի նախագահի հրամանագրով Ռաֆայել Հակոբյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: