Հրամանատարի հավատարիմ զինվորը՝ անմահ հերոս Հենրիկ Սողոմոնյանը
Տաղանդավոր, բազմաշնորհ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 12-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ունի մեկ քույր։ Հենրիկի մանկությունն անհոգ է եղել։ Նա շատ աշխույժ էր, ցանկանում էր դերասան դառնալ։ Դեռ փոքրուց միջոցառումներ էր կազմակերպում բակում՝ ներառելով բակի երեխաներին։
«Շատ էր սիրում կարդալ. գեղարվեստական գրքեր էր կարդում։ Պարապում էր օր ու գիշեր, որ ընդունվի ինստիտուտ»,- պատմում է Հենրիկի մայրը՝ Լուսինե Ցագոյանը:
Գյուղում և դպրոցում նա հայտնի էր որպես հավասարակշռված, համեստ և դաստիարակված Հենո։ Ուսուցիչների և դասընկերների հետ շատ կապված էր, բանակից էլ անգամ հետաքրքրվում էր նրանցով։ Եթե դասարանում որոշում կայացնելիս Հենոն մի բան ասում էր, բոլորը համաձայնում էին հետը, գիտեին՝ հաստատ չի սխալվի։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետ, սիրում էր այդ մասնագիտությունը, նրան հետաքրքրում էր ուսանողական կյանքը։ Ուզում էր բանակից գալ, քրոջ հետ ապրել Երևանում և վայելել ուսանողական կյանքը։ Հենրիկն ուզում էր նաև հայտնի լինել, որպես երկրորդ մասնագիտություն անպայման սովորել դերասանություն։
Հենրիկին ճանաչողներն ասում են՝ նա բարի և բոլորի լավը կամեցող։ Հայտնի է մի դրվագ քրոջ՝ Արմինեի և Հենրիկի խոսակցությունից։
Երբ քույրը ինչ-որ մեկի մասին վատ է արտահայտվել, եղբայրն ընդհատել է նրան, ասելով, որ դրանք սուբյեկտիվ մոտեցումներ են ու չի կարելի բաժանել լավի և վատի։ Պետք է ցանկացածի մեջ տեսնել լավը ու այդպես դառնալ ավելի բարի։
Հենրիկը համեստ էր և հավասարակշռված։ Բնավորության իր այդ գծի պատճառով նա երբեք պատմությունների մեջ չի հայտնվել։ Իր առաջացած խնդիրները գեղեցիկ շրջանցում էր, կամ տալիս էր հնարավորինս ճիշտ լուծում։
Մի անգամ երբ միջոցառման մասնակիցներից մեկը չի ցանկացել խաղալ տրված դերը, Հենրիկը առաջարկել է փոխանակվել դերերով, չնայած որ իր դերը շատ լավն էր և իր սրտով էր։ Ավելի ուշ մոր հետ զրույցում ասել է, որ իր համար դերից ավելի կարևոր էր մթնոլորտի կայունությունն ու ընկերոջ մասնակցությունը։
Դե իսկ հակառակ սերնդի նկատմամբ իր ճաշակը նրբության մեջ էր։ Նա սիրում էր կորիացի աղջիկներին՝ հենց իրենց նրբության համար։ Եվ զրույցներում ասում էր՝ հենց այդպիսի կին է ունենալու։
Հենրիկը բանակ զորակոչվել է բարձր տրամադրությամբ, ասում էր՝ ծառայությունը տղայի համար կարևոր է, այն կյանքը կիսում է երկու մասի։ Ծառայությունն անցնում էր Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում։ Սերժանտ Սողոմոնյանը հրետանավոր էր, ծառայում էր Ակացիա ինքնագնաց հաուբից հրետանու հաշվարկում։ Տուն զանգում էր օրը երկու անգամ ու հետաքրքրվում ամեն ինչից, ամեն անգամ իմանալով, որ գյուղում կյանքը միապաղաղ է, հրավիրում էր տանեցիներին Արցախ՝ արձակուրդը անցկացնելու ։
Հենրիկի համար բանակային ընկերները առանձնահատուկ դեր ունեին, այդ ամենը նա հաճախ էր շեշտում տուն զանգերի ընթացքում։ Նրան անգամ փորձել են տեղափոխել մեկ այլ զորամաս, բայց ընկերների կողքին մնալու համար չէր համաձայնել։ Զորամասում ամեն բան նրա սրտով էր ուտելիքից սկսած մինչև բուժաշխատողները։ Հենոն էլ այս ամենը հատուցում էր իր լավ ծառայությամբ։ Հրամանատարի հետ արդեն ընկերացել էին, իր գործերը Հենրիկին էր վստահում։
Երբ պատերազմը սկսեց, նա մեկ տարի երկու ամսվա ծառայող էր։ Հրամանատարը պատերազմի առաջին օրը մահացել էր, Հենրիկը չէր լքել մարմինը, մի ամբողջ գիշեր մնացել էր հրամանատարի մոտ։ Հակառակորդի նշանառության տակ էին։ Առավոտյան արկերը տեղափոխող մեքենան պայթել է, նա դուրս է եկել տեսնելու՝ թե ինչ է պատահել, վերադառնալու ժամանակ արկերից մեկն ընկել է իր կողքը և ստացել է բեկորային վնասվածք։ Սեպտեմբերի 28-ին սերժանտ Սողոմոնյանը անմահացել է՝ ստացած վերքերի պատճառով։ Հողարկավորվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: