«Ես նահանջ բառը հանել եմ իմ հայերենից, սա է հետախուզությունը». հետախույզը

«Ես նահանջ բառը հանել եմ իմ հայերենից, սա է հետախուզությունը». հետախույզը

Անհարթ ճանապարհը դեպի դիրքեր է տանում, Արցախի հյուսիս-արևելյան այն դիրքեր, որտեղ պատերազմական գործողությունները ամենաթեժը եղան: Մտքումս հարցեր եմ կազմում՝ նախապես իմանալով, որ հետախույզի հետ եմ զրուցելու: Հասնում ենք մի քանդված շինության ու մեքենան կանգ է առնում:
Ինչպես ինձ հանդիպած բոլոր հետախույզները, նոր զրուցակիցս ևս դժվարությամբ է համաձայնվում խոսել, ասում է՝ կինո է, ո՞րը պատմեմ: Հենց այս խոսքի ժամանակ ոչ բարձր պայթյուն է լսվում: Ոչինչ չեմ ասում, բայց փոխարենը պատասխան եմ լսում.
-Չէ, էս ուղղակի ականներն են պայթեցնում, ճամփա են բացում:
Հետախուզական վաշտի հրամանատարն է Մարգարը (անունը փոխված է): Քայլում ենք դեպի կրակակետ ու «կինոն սկսվում է»: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հետախուզական վաշտը խնդիր է ստանում շարժվել դեպի այն վայրը, որտեղ այդ պահին մենք կանգնած զրուցում էինք: 2 օր շարունակ հակառակորդի հրետանին անդադար կրակում էր:
– Երրորդ օրն էր, 3 տանկ էր գալիս մեր ուղղությամբ: Ես, դասակի հրամանատարը ու մեր պետը խփում ենք տանկերին: Դրանից հետո մոտ 200 հոգու ենք ոչնչացնում, ոչ ոք չի կորողանում առաջ գալ: Հետո 40- 60 հոգանոց պատրաստված խումբ ենք ոչնչացնում: Հակառակորդի այդ օրվա բոլոր հարձակումները ձախողվում են:
Հաջորդ օրը մարտերն ավելի են թեժանում: Մեծ թվով հակառակորդ է գալիս նրանց ուղղությամբ: Երկուսին նույնիսկ հաջողվում է այնքան մոտենալ դիրքին, որ պատրաստվում են նռնակ նետել: Բայց, բարեբախտաբար, հաջողվում է նրանց ևս ոչնչացնել: Ավագ լեյտենանտն ասում է՝ ամենաթեժ մարտերից մեկը եղել է հոկտեմբերի 13-ին:
– Առավոտյան ժամը 6-ից հրետանին անդադար աշխատում էր: Կրկին մեծաթիվ մարդկային ուժ էր շարժվում մեր ուղղությամբ: Զինվորս՝ Ալեքսանյան Մոնթեն, նռնականետով խփում է նրանց ուղղությամբ ու սկսում ենք կրակել: 10-15 մետր հեռավորության վրա մերձամարտ էր ընթանում:
Հոկտեմբերի 13-ին 6 մեծ և լուրջ հարձակումներ եղան, որոնք բոլորն էլ կանխվեցին: Հետախույզը հիշում է՝ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հակառակորդն ընդունել է, որ բնագծի ամբողջ երկայնքով «ամենասարսափելի» դիրքը սա է եղել:
– 300, գուցե 400 դիակ են տարել այստեղից: Հակառակորդի հետախույզն ասաց՝ մենք դեռ կհանդիպենք, դու իմ զորքին ես կոտորել, ասացի՝ սիրով:
Հաջողված մարտական գործողություններին զուգընթաց, ցավոք, կորուստներ էլ ենք ունեցել: Հրամանատարի խոսքով այս դիրքում իր զինվորը՝ կրտսեր սերժանտ Եսայան Կարենը և ավագ լեյտենանտ Բեկնազարյան Արմանն են հերոսաբար զոհվել: Մի քանի օր անց էլ զինվոր Վերանյան Արթուրն է զոհվել հենց հրամանատարի ձեռքերի մեջ: Հետախույզը հայացքը մի պահ հառում է այն կետին, որտեղ եղել էր դեպքը: Մտապահած հարցերս հօդս են ցնդում, ծանր լռություն է տիրում, հետո հրամանատարը շարունակում է.
– Ես իմ զինվորներին ասել էի՝ կամ կռվում ենք, կամ մեռնում, փախչել չկա: Ես նահանջ բառը հանել եմ իմ հայերենից, սա է հետախուզությունը:
Մարգարն ասում է՝ իր վաշտից 9 զինվոր ամիս ու կես է ինչ ծառայության են անցել, բայց պատերազմի ամբողջ ընթացքում բոլորն իր հետ հավասար կռիվ են տվել:
– Զինվորս՝ Սաքանյան Աղասին, նռնականետն ուսին էր ման գալիս, երբ ասեի խփի՝ խփում էր:
Հիշում է՝ լույսը բացվում էր ամեն մեկն իր խրամաբջջում աղոթում էր: Դեպքեր են եղել վաշտի հետ բարձր երգելով են մարտը վարել:
Քայլում ենք դեպի զինվորները: Նրանցից մեկն ասում է՝ հրամանատարը 4 անգամ վիրավորվել է, բայց դիրքերից չի իջել: Մեզ դիրքեր ուղեկցող փոխգնդապետն էլ կատակում է՝ նյութում կգրեք, որ նրա սիրտն ազատ է:
-Անկախ պատերազմի ավարտից մեր դիրքը հաղթեց, այս դրոշը վկա, – հետախույզը ձեռքով ցույց է տալիս կիսաքանդ շինության վերևում դրված եռագույնը՝ կարծես չկտրվելով մեր զրույցից:
Նստում ենք զինվորական մեքենան ու սպասում մեզ ուղեկցող փոխգնդապետին: Լսվում է Մարգարի ու փոխգնդապետի զրույցը.
– Վիրավոր ժամանակ չիջար դիրքերից, հիմա ինչու՞ ես այդքան շատ ուզում իջնել:
– Պարոն փոխգնդապետ, պիտի գնամ զոհված զինվորներիս ծնողներին տեսնեմ ու ասեմ, որ հերոս տղաներ էին մեծացրել:
Փոխգնդապետը ձեռքը դնում է Մարգարի ուսին ու ասում՝ կգնաս: Մեքենան շարժվում է նույն անհարթ ճանապարհով: Ափսոսում եմ, որ հետախույզի նկարը նյութին կցել չեմ կարողանալու ու մարդիկ չեն տեսնելու «կինոյի գլխավոր հերոսին»:

Լիանա Բրյան