Աշխարհազորայինները զենք կկրեն միայն ռազմական գործողությունների ժամանակ. Գաբրիել Բալայան

Աշխարհազորայինները զենք կկրեն միայն ռազմական գործողությունների ժամանակ. Գաբրիել Բալայան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի ասուլիսների դահլիճում լրագրողների հետ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ով շնորհավորելով գիտելիքի առիթով՝ նշեց, որ ռազմական կրթությամբ հետաքրքրվողների թիվը զգալիորեն բարձրացել է։
«Այս տարի բարձր է նաև զորակոչվածների թիվը։ Բանակի սպայական կազմն ու ժամկետային զինծառայողների թիվը ընդլայնվում է ի շնորհիվ կառավարության որդեգրած քաղաքականության», -հավելեց Բալայանը։
Անցնելով ասուլիսի բուն թեմային` առաջնահերթ հերքվեց մամուլում տարածված լուրը, ըստ որի աշխարհազորայինները զենքով են շրջելու։
«Դեռ որոշված չէ, թե ինչ հաճախականությամբ, բայց տեղի են ունենալու վարժանքներ։ Զենքերը լինելու են հատուկ պահեստում, տրվելու են ռազմական գործողության ժամանակ»։
Աշխարհազորայինների գործը կամավորական է, կարող են ներգրավվել մինչև 70 տարեկան անձիք անկախ սեռից, ովքեր բուժզննումից հետո կհամարվեն պիտանի։
Աշխարհազորայինները միայն ռազմական գործողություններին չեն մասնակցելու, պատերազմական դրությունում կարևոր են նաև մի շարք այլ գործեր, ինչպիսին տարհանումն է։

Հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի ԵԿՄ- ն տվյալ հարցի վերաբերյալ, տեղակալը պատասխանեց, որ ԵԿՄ- ն և աշխարհազորը լրացնում են իրար։
Նշեմ, որ մինչ այս ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ողջունել է ծրագիրը և համարել անհրաժեշտություն։
Փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ժամանակ շատ են կամավորական խմբերը, ովքեր շատ ժամանակ, ըստ Գաբրիելյանի, խանգարում են հրամանատարական կազմին։ Այսպիսով զորակոչվելով որպես աշխարհազորային, անձը կստանա
զինծառայողի կարգավիճակ, ռազմական գործողությունների ժամանակ կստանա մարտական խնդիր, կվարձատրվի, կկարողանա օգտվել սոցիալական փաթեթներից։

 

Սիմոն Հովհաննիսյան