Անմահ հերոս Գևորգ Գևորգյան


«Դու 3 երեխա ունես, գիտես ինչ՝ 63 երեխա ունեմ, մամ, նրանք բոլորը իմ երեխաներն են, ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի»,-Գևորգ Գևորգյան

«Որ ասում էի ամուսնացի, ասում էր` ես իմ բանակի հետ եմ ամուսնացել։ Ազատ ժամանակ չուներ, ամեն ձև նվիրված էր իր բանակին, իր զինվորներին»,-պատմում է հերոս Գևորգի քույրը՝ Զառան:

Կապիտան Գևորգ Վալենտինի Գևորգյանը ծնվել է 1990թ. հունիսի 2-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

«Եղբայրս ինձնից մեծ էր մի տարով։ Ընդհանրապես փոքրուց կարելի է ասել բանակը շատ սիրել է: Դե ինքը 1990 թ.-ին է ծնվել ու կռիվ էր Էդ ժամանակ: Ծնողներս ասում էին, որ կռվի ժամանակ եթե ինչ-որ ինքնաթիռ կամ ինչ-որ բան էր ընկնում (եղբայրս դե նոր էր խոսում), միշտ ասում էր՝ մի վախեցեք, էդի մերն է։ Ինքն ասես՝ իմանում էր բարձր կամ ցածր ձայներից` մերն էր, թե նրանցը։ Զինվորականի ընտանիք էինք։ Հա, պապաս էլ էր զինվորական։ Երբ որ մենք դպրոցում էինք սովորում, հայրս թոշակի անցավ իր առողջական վիճակի պատճառով։ Հորեղբայրս նույնպես զինվորական է: Փոքր եղբայրս նույնպես: Դպրոցում բոլոր ուսուցիչների կողմից սիրված էր, լավ էր սովորում։ Ի սկզբանե որոշել էր, որ զինվորական պետք է դառնա, պիտի գա Վազգեն Սարգսյանը սովորի, ավարտի»,- շարունակում է քույրը։

2011թ.-ին Գևորգը ավարտում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո անցել է ծառայության։

«Ինքը ինչ գործեր արել է, միշտ մտածել է զինվորական դառնալու մասին, ընդհանրապես միտք չի ունեցել կողքից ինչ-որ մի բան ուսումնասիրել։ Իր զինվորական ընկերներն էլ կփաստեն, որ շատ էր սիրում իր գործը թե՛ զինվորների, թե՛ հրամանատարների կողմից շատ սիրված էր։ Գևորգին շաբաթ օրը ասել էին, որ երկուշաբթի հրամանը կկարդա, ու ինքը զինվորների հետ արդեն էլ կապ չի ունենա, զինվորների հետ չի ծառայի՝այսինքն արդեն լեյտենանտների ու ավագ լեյտենանտների։ Փաստորեն չստացվեց։ Ինքն էլ իր զինվորներին մենակ չթողեց։ Գևորգը զինվորներին իր երեխաներն էր համարում: Որ խոսում էինք, ընդհանրապես քչախոս էր, մամայիս ասում էր. «Դու 3 երեխա ունես, գիտես ինչ՝ 63 երեխա ունեմ, մամ, նրանք բոլորը իմ երեխաներն են, ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի»,- հավելում է քույրը։

Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 10-ին։ Ընդհանրապես բոլոր զինվորները իրենց ծնողների հետ խոսել են հենց այդ օրը։ Մենք մինչև հիմա էլ սպասում ենք իրան, չգիտեմ, մենք չենք մտածում, որ ինքը չկա, ուղղակի մտածում ենք, որ ղիրքեր է գնացել, շուտով կգա, մենք չենք էլ մոռացել, ինքը միշտ մեզ հետ է։ Ընկերների հետ ավելի շատ էր խոսում, քան մեր։ Քիչ էր խոսում, բայց կոնկրետ, ամեն մի խոսքը կշիռ ուներ։

Հիշում եմ էն, որ կռիվը սկսել էր, պիտի արդեն դուրս գար տնից, որ գնա, մի հատ տատի իջնում էր մեր տան մոտով լացելով: Ասել է. «Տատի ջան, ինչի՞ ես լացում, մի լացի, թուրքը ի՞նչ է, որ ի՞նչ անի։ Հեսա կգնանք  հետ կշպրտենք ու կգանք, մի լացի, ոչ մի բան չի լինի, շուտով կավարտի»։

Մենք մինչև դեկտեմբերի 28-ը սպասում էինք իրան։ Մեզ հրամանատարը ասում էր, որ նրանք անտառներում են, հեսա գնում ենք, հեսա փրկում ենք…. Մենք ընդհանրապես չէինք սպասում, որ վերջը էդպես կլիներ։ Երևանում էինք, հայրիկս, որ եկել էր, իրեն ասել էին, որ գնա անալիզ տա, կռիվ էր, նորություն չկար, եղբայրս չէր զանգում….էդպես դեկտեմբերի 28-ին զանգեցին, որ համընկնել է…. Բոլորս սպասում էինք, որ իրանք ողջ են։

Եղբայրս մեր մոտ է, Արցախում, մեր գերեզմանոցում։ Ճարտարի գերեզմանոցում թողել ենք եկել, որի համար մեզ երբեք չենք ների…. Ոչ մեկս իրականում չգիտեինք, որ էդպես կլինի, ուղղակի իր ձևով մտածեցինք, որ ինքը կուզենար իր հայրենիքում լինել….

Եղբորս դեպքից մի տարի անց նույն էդ դեկտեմբերի 28-ին 8 ամսականում ծնվեց իմ բալիկը: Իմ փոքրիկ Գևորգը ծողներիս ապրեցնում է։ Ճիշտ է, իրենց տղային չի փոխարինի, բայց դե փոքրիկով զբաղվում են, իրանց օրը էդպես անցնում է։ Շատ-շատ նման է քեռուն, ես էդպես բաների չէի հավատում, բայց իմ տղայի ծնվելուց  արդեն սկսեցի հավատալ։ Ամեն ինչով նման է. իր խոսելով, պահվածքով…ուղղակի փոքրիկ Գևորգն է մի փոքր ուրիշ դեմքով»,-փոքրիկ ու լուսավոր կետով ավարտեցինք զրույցը Զառայի հետ:

Գևորգի մասին պատմեց մեզ նաև հերոսի հորաքույրը՝ Վարդը. «Շատ հետաքրքրասեր էր ամեն ինչում, բարի էր, միշտ դիմացինին հարգանքով, ընկերասեր։ Մանկուց իրեն հետաքրքրում էին ռազմական թեմաները: Միշտ իր հոպարին հարցնում էր` ո՞նց է, ի՞նչ է, ուզում էր ամեն ինչ իմանար։ Ուրիշ անձնավորություն էր, բոլորին հավասար սիրում էր։ Մենք մոտիկ էինք ապրում ու ընթացքում իրար միշտ տեսնում էինք, խոսում: Օրինակ Ապրիլյան պատերազմում կռվի ժամանակ ինքը թեթև ճակատից քերծվածք էր ստացել, ասի` բալես, միշտ զգույշ կմնաս։ Ասում էր. «Ինձ ոչ մի բան էլ չի լինի, արխային մնա, թուրքը ի՞նչ է, որ ինձ ինչ֊որ բան անի»: Պատերազմի օրերեին էլ շատ կարճ էինք խոսում, վախենում էինք, որ ինքը պոստում առաջին գիծ էր, էնքան որ ձայնը լսեինք, որ լավ է, էլ բան չէինք հարցնում: 3 ամսից հետո էլի իրանց գտանք, հետո ի՞նչ ասեմ է….

Որ լինում է ամիսներով փոքրիկ Գևորգին՝ Զառայի տղային չեմ տեսնում, բայց էլի, որ հեռախոսով խոսում եմ, ինքը ընդեղից վազելով գալիս է, չգիտեմ… Գևորգի մեջ էլ է եղել էդ բանը, փոքր ժամանակ առանց ինձ ոչ մի րոպե… որ ինձ տեսնում էր, վազելով գալիս էր գիրկս, հիմա էլ էդ փոքրիկ Գևորգի մեջ եմ էդ տեսնում»,-պատմում է տիկին Վարդը։

Գևորգ Վալենտինի Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին: Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անուշ Գևորգյան