Անմահ հերոս Արամ Գալստյան

Արամ Գալուստի Գալստյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում։
Մոր բնորոշմամբ՝ մանկուց ակտիվ էր, հոգատար, շփվող, հումորով, զգայուն և հասուն մտածելակերպով։
Սովորել է Քասախի Ռոբերտ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի սոցիալական աշխատանք բաժինը, նպատակ է ունեցել աշխատել հատկապես քրեակատարողական հիմնարկի անչափահասների հետ։
2019 թվականի հունվարի 21-ին Արամը մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության. վեց ամիս ծառայել է Արմավիրի մարզի ուսումնական զորամասերից մեկում որպես սակրավոր, ապա տեղափոխվել՝ Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութ քաղաքի զորամաս։
«Երկու ամսվա ծառայող էր Արամը, երբ փոստից տեղեկացրին՝ զորամասից նամակ ունենք։ Վերցրինք, շնորհակալական նամակ էր հրամանատարությունից։ Օգոստոսի 20-ին Արամը նշանակվել էր ջոկի հրամանատար։ Ավելի ուշ տղաները պատմեցին, որ շատ ուշադիր էր ու լավագույնս կատարում էր իր գործառույթները»- պատմում է մայրը՝ տիկին Հասմիկը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից, Արամը գրեթե ամեն օր կապի մեջ է եղել ընտանիքի հետ.
«Պատերազմի մասին լուրերից տեղեկացանք։ Բնականաբար Արամն էնպես չէր ներկայացնում իրականությունը, ինչպես, որ կար։ Էդ օրերին փորձում էինք մեկ րոպեով ձայնը լսել, շատ չխոսել։ Մինչև վերջին օրն ինձ համոզում էր, որ բունկերներում են, սակրավորի անելիք դեռևս չկա…. Տղաներով ֆիքսել էին՝ թշնամու հաջորդական գործողությունների ինտերվալը, որ «լռության» մեջ զանգեն տուն»։
«Արդեն սովորություն էր զանգահարելիս մեկ րոպեում տեղավորվելը, բայց ամսի 2-ին՝ վերջին զանգի ժամանակ, Արամս պապայի հետ երկար զրուցեց։ Նույնիսկ պապան ասաց՝ անջատենք, արդեն երկար խոսեցինք, Արամս ասաց՝ չէ, խոսիր էլի, պապ….
Ավանդապաշտ էր, միշտ ուզում էր հավատարիմ մնալ Ապարանի իր արմատներին, եղա՛վ»,-պատմում է մայրը։
«Արամը մանկուց տարբերվող հասունություն ուներ, որը երբեք բնորոշ չէր իր տարիքին։ Կարդացող, կոկիկ զինվոր էր. գրքեր էր ուզում, որ բանակում կարդա։ Լիդերի բնավորություն ուներ, բայց դա չի խանգարել զինակից ընկերների հետ շփվելիս»,-պատմում է եղբայրը՝ Արմանը։
«Անօգնական, խեղճ մարդ տեսնելիս նրան պաշտպանելու պատասխանատվությունն իր վրա էր վերցնում։ Մի ուրիշ էր, լուսավոր, բարի…. ու այսօր միայն ֆիզիկապես է, որ մեզ հետ չէ»- պատմում է Արամի հորեղբոր կինը՝ տիկին Գայանեն։
Արամ Գալուստի Գալստյանը զոհվել է հոկտեմբերի 3-ին։ Հուղարկավորվել է Քասախի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Էվանեսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: