Անմահ հերոս Էդմոն Գևորգյան

Էդմոն Թելմանի Գևորգյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում։ 2007-2019 թվականներին հաճախել է տեղի դպրոցի առաջին դասարան։ Ունեցել է լավ առաջադիմություն։ Երազում էր ստանալ թատերական կրթություն և դառնալ դերասան։

«Փոքրուց ազնիվ էր, անվախ ու աշխատասեր։ Կենսուրախ էր, չեմ հիշում գոնե մի դեպք, երբ Էդմոնը լաց լիներ։ Ընկերներ էինք ավելի շուտ։ Երբեք չէր թողնի մենակ աշխատեմ, ձեռք մեկնող էր»,- պատմում է տղայի հայրը։

2020 թվականի հունվարի 22-ին Գևորգյանը զորակոչվել է հայկական բանակ։ Սկզբնական ծառայությունն անցկացրել է Արմավիրի մարզի ուսումնական զորամասերից մեկում՝ստանալով ՀՄՄ-ի նշանառու-օպերատորի մասնագիտացում։ Այնուհետև՝ ծառայությունը շարունակել է Որոտանի N զորամասում։ Արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, շնորհակալագրերի և «ՀՀ ԶՈւ լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանների։ Մասնակցել է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին, մարտնչել՝ Ջրականում, Որոտանում և Խնձորեսկում։ 25 օր անընդմեջ մասնակցել է թշնամու դեմ մղվող համառ մարտերին։

«Թեև չէի ուզում այդ իրավիճակում երկար խոսենք Էդմոնի հետ, բայց մի անգամ բուռն հեռախոսազրույց ունեցանք, ընդամենն ասացի՝ տունս չքանդե՛ս, չթողնե՛ս հետդ բան պատահի։

Որոշ ժամանակ անց՝ արդեն զոհվելու նախօրեին, հոկտեմբերի 21-ին, Էդմոնը տեղեկացրեց, որ առավոտյան պիտի գան իրենց հերթափոխելու ու խոստացավ, որ կզանգի։ Վաղ առավոտից ուշադրությունս ժամերով դեպի հեռախոսն էր, բայց զանգ ստանալու փոխարեն՝ կարծես վատ կանխազգացում ունեցա»,- պատմում է հայրը։

Հոկտեմբերի 22-ի լուսաբացին՝ թվով մի քանի տասնյակն անգամ գերազանցող թշնամին սկսում է ռմբակոծել մարտական հենակետերը։ Ռմբակոծության հետևանքով՝ Էդմոնի ընկերներից մի քանիսը վիրավորվում են, մեկը՝ այրվում։

«Սեփական մարմնով ծածկելով ընկերոջը՝ Էդմոնը փորձել է ձեռքերով հանգցնել ընկերոջ մարմնի կրակը, ապա նրան տեղափոխել ապահով վայր։ Դրանից հետո վերադառնալով Խնձորեսկի դիրքեր՝ օգնության է հասել մյուս ընկերներին, որտեղ էլ՝ հաջորդ ռմբակոծության հետևանքով, մյուս ընկերների հետ զոհվել է»,- պատմում է քույրը՝ Անուշը։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ Մադինա գյուղի գերեզմանատանը։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար՝ Էդմոն Թելմանի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով, մայրը՝ Ակսանա Գևորգյանն էլ պարգևատրվել է «Գթության մայր մեդալով»։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Էվանեսյան