Անմահ հերոս Գոռ Բարոյան

Գոռ Անդրանիկի Բարոյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 1-ին՝ քաղաք Վանաձորում։ Իննամյա կրթությունը ստացել է Վանաձորի թիվ 8 դպրոցում, որտեղ այժմ իր անունով դասասենյակ կա։
Մանկուց զբաղվել է ձյուդոյով, արժանացել մրցանակների։ Կրթությունը շարունակել է Ս․ Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում, ապա՝ ընդունվել Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժին։
Կես տարի անց՝ հենց հայկական բանակի տոնին (հունվարի 28), զորակոչվել է ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է հակառակորդի կողմից) մայրաքաղաք Ստեփանակերտի զորամասերից մեկում։
Արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից տեղափոխվել է Հադրութ․
«Գոռն ինձ ասել էր՝ իրենք Ակնայում են։ Մի անգամ զրուցելիս ասաց, որ իր ընկեր Տիգրանին է հանդիպել, հարցրի՝ ինչպե՞ս է տեսել, քանի որ Տիգրանը Հադրութում էր, հետո իմացանք, որ ինքն էլ էր այնտեղ»,-պատմում է մայրը։
Հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի թոհուբոհի մեջ, Գոռը միայն երեկոյան է հիշել, որ իր ծննդյան օրն է։
Գոռի մանկության ընկեր Տիգրանը պատմում է, որ հոկտեմբերի 6-ին վիրավորում էր ստացել․
«Գոռին խոստացել էի, որ մինչև զինվորական հոսպիտալ գնալս՝ իրեն կտեսնեմ, գնացի, գրկեցի, ճակատն էլ մի քանի անգամ համբուրեցի, ասացի՝ գնում եմ, գիշերը կգամ, բարկացավ հրաժեշտ տալուս համար, ասաց՝ «Գնա, կգաս հետ»։ Հոկտեմբերի 13-ին՝ հոսպիտալից դիրքեր վերադառնալիս, հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածեց մեքենային, որում ինձնից բացի կային ևս երեսուներեք հոգի, ողջ մնացինք չորսս, բայց Գոռին լուր էր հասել, որ զոհվել եմ, այդպես իմանալով էլ՝ նույն օրը ինքը զոհվեց»։
Տղայի զոհվելու լուրն ընտանիքին է հասել միայն օրեր անց, իսկ մարմինը՝ գտնվել է հոկտեմբերի 15-ին։
Հուղարկավորվել է հոկտեմբերի 20-ին՝ Վանաձորի զինվորական պանթեոնում։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար՝ Գոռ Անդրանիկի Բարոյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Էվանեսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: