Անմահ հերոս Աբրահամ Հայրյան

Աբրահամ Արկադիի Հայրյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 21-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։
Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում:
«Մանկուց խիզախ ու համառ էր։ Բացի քրոջս որդին լինելուց՝ հարևանս էր, շատ ենք շփվել։ Մարդկային ամենալավ տեսակն էր՝ բարի, ձեռք մեկնող, ունեցածը կիսող, հարգանքի արժանի ու նաև կենսուրախ մարդ էր»,-պատմում է Աբրահամի մորաքույրը՝ Նինան։
1998թ․-ին՝ ավարտելով դպրոցը, Աբրահամն ընդունվել է Վարդենիսի իրավաբանական ինստիտուտ։ Այնտեղ ուսումը կիսատ է թողել, մեկնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ 2000 թ․-ին զորացրվել է և ամուսնացել։ Երկար տարիներ ոսկու հանքում աշխատելուց հետո՝ տեղափոխվել է Նոր Մարաղա գյուղ, այնուհետև՝ 2020թ․-ին, երբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղը գրավվել է թշնամու կողմից, վերադարձել է հայրենի Հոռաթաղ՝ մշտական բնակության։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո անցել է պայմանագրային զինծառայության։
«N դիրքի ավագն էր, ավագ որդուն՝ Համլետին, հետը դիրքեր էր տանում»,-պատմում են մորաքույրն ու քույրը, ապա հավելում, որ բարկանում էին, փորձում համոզել՝ չտանի․ «Ասում էինք փոքր է, մի տար, մեզ լռեցնում էր, ասում՝ «Պետք է զենք բռնել, ընտանիքը պաշտպանել իմանա»»։
2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին սկսեցին լայնամասշտաբ ագրեսիա՝ ընդդեմ Արցախի Հանրապետության։ «Արցախը շրջափակման մեջ էր, բոլորիս հայտնի էր, որ շուտով պատերազմ կսկսվի։ Դիրքերում մնացել էին երեք դասընկերներով»,-պատմում է քույրը՝ Ինարան, հավելելով, որ Աբրահամը կանխազգացում ուներ, որ զոհվելու է քառասուներկու տարեկանում՝ ինչպես իրենց հայրը: Աբրահամի հայրը Արցախյան ազատամարտի հրամանատար Արկադի Հայրյանն է, ով հայտնի է «Նապոլեոն» մականվամբ.
«Հայրս, երբ պատերազմը դեռ նոր էր սկսվում, զինակից ընկերների հետ ականապատում է Քարվաճառի ճանապարհը, որով անցնում է Բաքվի առաջին քարտուղարի որդին ու մահանում: Որոշ դավաճան հայեր ու ռուս զինվորներ մատնում են հորս: Որոշ ժամանակ անց` Հաթերք գյուղի տարածաքում, հորս շրջափակում են, այնուհետև՝ գերևարում: Հայրս չորս տարի շարունակ գերության մեջ մնալով՝ մահանում է, իսկ մարմինը մեզ է հանձնվում 2001 թ․-ի դեկտեմբերի 12-ին՝ Կարմիր խաչի և Վերա Գրիգորյանի ջանքերով»։
Աբրահամ Արկադիի Հայրյանը զոհվել է 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս: Հուղարկավորվել է հոկտեմբերի 2-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության մեդալով»:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Էվանեսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: