Անմահ հերոս Արման Գազարյան

Արմանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 25-ին՝  Արարատի մարզի Նիզամի գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին՝ ընդունվելով Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը:

Արմանը դեռ փոքր տարիքից սիրում էր ուսումնասիրել ու սովորել համակարգչային ծրագրերը, ինչպես նաև՝ սեր ուներ երգ-երաժշտության հետ, նույնիսկ չորս երգ ունի ձայնագրած: Ցանկանում էր ստեղծել  իր համակարգչային մեծ կենտրոնը և զուգահեռ՝ լրջորեն զբաղվել երաժշտությամբ: 

Հարազատները նշում են, որ Արմանը հազվագյուտ մարդ տեսակ էր, բարի էր, նվիրված, անչափ գաղտնապահ։

2015 թվականի ձմռանը Արմանը զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետությունում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)՝ որպես հրետանավոր: Ծառայության ընթացքում արժանցել է մի շարք պատվոգրերի և կրծքանշանների:

Արմանը ծառայության ընթացքում շատ էր կապվել Արցախի հետ, սիրել հողն ու բնությունը։

2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, թշնամու կողմից հրադադարի խախտման ու ագրեսիայի հետևանքով, պաշտպանության բանակը դիմել է պատասխան հարվածի՝ թշնամուն պատճառելով մեծաքանակ կորուստներ:

Այն զորամասում, որտեղ ծառայել է Արմանը՝ տագնապով միացել է Մեխակավանի դիրքերում մարտնչող ծառայակիցներին։

Արման Գազարյանը զինակցի, իր մտերիմ ընկերոջ՝ Վարդան Ղռմաջյանի հետ, պատերազմական օրերին՝ իրենց առջև դրված մարտական խնդիրները իրականացրել են մեծ պատասխանատվությամբ ու պատվով։

Հունիսի 7-ին լույս`  8-ի գիշերը, տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի և ուժեղ քամու, առաջացած սողանքի հետևանքով՝ Արման Գազարյանն ու Վարդան Ղռմաջյանը մահացել են։

Արման Գազարյանը հետմահու պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան